Հայաստանում քաղաքական ճգնաժամը լուրջ է և մեծ անհանգստություն է առաջացնում` հաշվի առնելով, որ առկա հակասությունները լուծում չեն գտնում, իսկ դրանց վրա գումարվում են նորերը։ Մրցակցող ճամբարները տեսնում են ճգնաժամից դուրս գալու ինչ-որ ելք, որը, բնականաբար, տարբերվում է մյուսներինից, և առայժմ գաղափար չկա, որը կարող է դուր գալ և հաշտեցնել բոլորին։
Հայաստանում խորանում է քաղաքական ճգնաժամը, որը, մի կողմից, լիովին բնական է երկրի համար, որտեղ վերջերս իշխանության վեկտորը փոխվել է հակառակ կողմը։ Մյուս կողմից, մրցակից կողմերը, ըստ էության, պետք է ամեն դեպքում հանգեն ինչ–որ ընդհանուր հայտարարի, եթե իհարկե նրանց հետաքրքրում է երկրի ճակատագիրը, այլ ոչ թե միայն իշխանության լծակները՝ սեփական ձեռքերում։

Մի կողմից, սեփական ձեռքերում իշխանության լծակները, իհարկե, լավ բան են, մյուս կողմից, քանի կոպեկի գին ունեն լծակները, երբ իշխելու բան չկա։ Բայց չէ որ ճգնաժամի խորացումը լիովին կարող է վնաս հասցնել երկրին և պետականությանը, եթե գործընթացը խորանա, և իրավիճակն անհաշտ դառնա։ Հուսանք, որ մասնակիցները բավականաչափ խոհեմություն և խելամտություն կունենան` վտանգավոր գծից հեռու մնալու համար։

Խորհրդարանական մեծամասնությունը, ի դեմս հանրապետականների, որ մի ակնթարթում դարձել է ընդդիմություն, ցանկանում է պահպանել իր ազդեցությունն այնքան, որքան դա հնարավոր է։ Հասկանալի և բնական ցանկություն է, և հիմա չենք վերլուծի` որքանով է այն իրականանալի։

Նոր իշխանությունը, ի դեմս վարչապետ Փաշինյանի, որի շարքերում բացակայում են իրենց քաղաքական կշռով նրան հավասար մարդիկ, տրամադրված է մաքսիմալիստորեն. այն ուզում է խորհրդարան, որը կազմված է իր թիմից, որքանով դա թույլ են տալիս օրենքները և կանոնակարգերը, որոնք նոր իշխանությունը պատրաստ է փոխել` ավելի շատ շահաբաժիններ ստանալու համար։ Մեկ այլ բան է, որ երբ նույն բանն արել են նրանք, ովքեր հիմա պաշտպանության գծում են, դա առաջացրել է այդ ժամանակվա ընդդիմության բուռն դժգոհությունը, իսկ հիմա, երբ ամբողջ իշխանությունը պետք է տալ Փաշինյանի թիմին, հակառակը, ողջունվում է։

ՀՀԿ–ի և այլ քաղաքական ուժերի վարկանիշը, որոնք փորձում են կամ տեսականորեն ընդունակ են զբաղեցնել ընդդիմության տեղը, տվյալ պահին չափազանց ցածր է, որպեսզի լրջորեն փորձեն մրցել «Ելքի» հետ։

Կամ «Քաղաքացիական պայմանագրի», իսկ միգուցե «Իմ քայլի», արդեն չես էլ հասկանում, թե որ կազմակերպությունն է ավելի լիարժեք ներկայացնում նոր իշխանությունը…
Ժամանակը, իհարկե, աշխատում է ՀՀԿ–ի օգտին և նրանց դեմ, ովքեր հիմա առաջին անգամ են նվաճում հայկական քաղաքական Օլիմպոսը։ Եվ դա նույնպես բնական գործընթաց է, դա գրեթե ֆիզիկայի օրենք է, որն անհնար է փոխել կամ հայտարարել չգործող. կարելի է, պարզապես, առավելագույն կերպով հարմարվել դրան։ Ահա և հարմարվում են` չթաքցնելով խորհրդարանն իրենց ենթարկելու մտադրությունը, ինչը նույնպես օրինաչափ է և հասկանալի։

Բայց ներկա քաղաքական իրավիճակի յուրահատկությունն այն է, որ նոր իշխանությունը, լիովին հերքելով նախորդը, կառուցելով իր գաղափարախոսությունն այդ անհաշտելի հերքման վրա, ինքն իրեն դրել է ծանր դրության մեջ։

Նոր թիմի շարքերում Փաշինյանից բացի քաղաքական գործիչներ չկան, որոնք ընդունակ են ինքնուրույն և կշռադատված քայլերի, Փաշինյանն էլ առայժմ ավելի շատ ընդդիմադիր է, քան քաղաքական, պետական գործիչ։ Բայց դա դեռ ոչինչ, ավելի վատ է, որ այդ թիմում հազվադեպ բացառությամբ չկան որակավորված կադրեր, որոնք ընդունակ են արդյունավետ և առանց ճակատագրական սխալների կառավարել պետությունը։

Իսկ այն անձինք էլ, որ ունեն հմտություններ, կապված են նախկինների հետ (նախկիները միայն հանրապետականները չեն), իսկ եթե հաշվի առնել, որ նոր իշխանությունը կադրեր է ընտրում` ակնհայտորեն ղեկավարվելով անձնական և կուսակցական նվիրվածությամբ, ապա դեֆիցիտն ավելի է խորանում։

Եվ ահա, եթե հաշվի առնենք, որ Փաշինյանը և նրա կողմնակիցները շարունակում են կառուցել  իրենց քաղաքականությունը բացառապես հանրապետականներին և մյուս նախկիններին հակառակվելու վրա, ցույցերի ժամանակ բազմամարդ բազմություն են հավաքում միայն համապատասխան կարգախոսների շնորհիվ, ապա ստեղծվում է հետաքրքիր իրավիճակ, որը տեսականորեն կարող է հանգեցնել քաղաքական ճգնաժամի հաղթահարմանը։

Հասկանալի է, որ սցենարը գրեթե ֆանտաստիկ է, և ոչ ոք չի ստորագրի դրա իրագործման տակ, բայց ամեն դեպքում, եթե հանկարծ հանրապետականները հայտարարեն ՀՀԿ–ն լուծարելու և քաղաքականությունից իրենց հեռանալու մասին, ապա դա շատ արագ կգցի նոր քաղաքական իշխանության վարկանիշները։ Մի պարզ պատճառով` նոր իշխանությունը կզրկվի իր հաղթաթղթից, չէ՞ որ նախկինների հետ առճակատումը նրա միակ ուժեղ փաստարկն է։

Եթե «հակահեղափոխության» դեմ պայքարը դադարի արդի լինել, և նոր իշխանությունը չիմանա, թե ում դեմ պայքարի, այն կամա–ակամա պետք է սկսի զբաղվել գործով` երկրի տնտեսությամբ, բազմաթիվ խնդիրներով, բյուջեով, ճանապարհների վերանորոգմամբ, տրանսպորտի և գների հարցերով, ատոմային էլեկտրակայանի կարիքներով, մարդկանց կենցաղային հարցերի լուծմամբ։ Այն ամենով, ինչով նորմալ պայմաններում զբաղվում է ցանկացած պետության իշխանությունը։
Եվ ահա այդ դեպքում կարող է պարզվել, որ նոր իշխանությունն ուղղակի ռեսուրսներ չունի, առաջին հերթին` կադրային։ Իսկ մեկ–երկու ոլորտներում տապալումը կհանգեցնի դոմինոյի էֆեկտի, և այդ ամենը բոլորի համար լավ ավարտ չի ունենա։
Այդ դեպքում կսկսվի նոր քաղաքական ճգնաժամ, և դրանից դուրս կգա նա, ով կլինի ոչ թե մաքսիմալիստ հեղափոխական, այլ կոմպետենտ պրագմատիկ։

Աղբյուր 

loading...