«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«ՀՀ կառավարության պետական պարտքը հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել է 6 մլրդ 740.9 մլն դոլար: Այդ մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ ՀՀ ֆինանսների նախարարության հաշվետվությունից: Գումարի մեծ մասը՝ 6 մլրդ 164.9 մլն դոլարը, ՀՀ կառավարության պարտքն է, որից 4 մլրդ 835.2 մլն դոլարը արտաքին պարտքը, իսկ մնացածը ԿԲ պարտքն է:
Հատկանշական է փաստը, որ ՀՀ պետական պարտքը տարեսկզբի համեմատ էապես կրճատվել է. եթե տարեսկզբին ՀՀ պետական պարտքը կազմել էր 6 մլրդ 774.6 մլն, իսկ արդեն մարտ ամսին՝ դեռ ՀՀԿ իշխանության օրոք, է՛լ ավելի շատացել՝ հասնելով 6 մլրդ 887.1 մլն դոլարի, ապա հիմա այն շատ ավելի քիչ է: Սա, թերեւս, պատահական չէ. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը շարունակում է հրաժարվել նոր պարտք վերցնելու գործելաոճից՝ միաժամանակ միջոցներ ուղղելով պարտքի բեռը թեթեւացնելու համար: