«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում կրկին օրակարգային է դարձել թիկնազոր ունենալ-չունենալու խնդիրը: Ինչպես հայտնի է, շատ գործարարներ կամ պաշտոնյաներ իրենց հարազատներին գրանցում են իրենց իսկ պատկանող պահնորդական ընկերություններում, այդպես թիկնազորի կարգավիճակ տալիս:
Արտակարգ իրավիճակների նորանշանակ նախարար, ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ Ֆելիքս Ցոլակյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել է, թե «Հասկանում եք` մասնագիտական խնդիր է: Ի՞նչ է թիկնազորը, որոնք այսօր կան, դրանք մասնագետներ չեն, այդ, որ ավտոներով գնում են: Իրենց բարեկամներն են, ախպոր տղեն, քրոջ տղեն հետեւից ընկած գնում են, դրանք թիկնազոր չեն: Թիկնազորը լուրջ պատրաստված մարդ պետք է լինի, որն այսօր, ցավոք սրտի, այդքան էլ շատ չէ:
Անունը կա, որ շատ են, բայց դա այդպես չէ, բանդիտը թիկնազոր է դառնում: Իսկապես դրա դեմը պետք է առնվի, ինչի՞ մասին է խոսքը, թիկնազորը պետք է լինի խելքը գլխին մարդ, որը գիտի այն նյուանսը, թե պահպանյալի անվտանգությունը ինչպես ապահովի»: