lragir.am -ը գրում է.
Տնտեսագետ Ատոմ Մարգարյանի կարծիքով՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է հնարավորինս արագ անցկացվեն, քանի որ երկրում քաղաքական և սահմանադրական ճգնաժամ է, որն իր ազդեցությունն է ունենում նաև տնտեսության վրա:
Վերջին օրերին շատ է քննարկվում հարցը, որ քաղաքական դաշտում ստեղծված անկայուն վիճակը բացասական առումով ազդում է ներդրումնեի ներգրավման և տնտեսական զարգացման վրա: Կառավարության ընդդիմախոսները, սակայն, պնդում են, որ ներդրումների ներգրավումը որևէ կապ չունի արտահերթ խորհրդարանական ընտրություններն արագ անցկացնելու հետ:
Ատոմ Մարգարյանն ասում է, որ երկրում ներդրումային միջավայրը ներդրողի համար պետք է լինի շատ կանխատեսելի:
«Պետք է այս հարցում նախ սահմանազատել երկու հանգամանք՝ ներդրումների թեման առանձին թեմա է, այո, երկրաժամկետ խնդիրների հետ է կապված: Այդտեղ բոլոր մակարդակի ռիսկեր կան՝ և քաղաքական, և տարածաշրջանային, և ներքին գործարար միջավայրի, և գլոբալ ազդեցությունների: Ընդհանրապես, եթե պատկերավոր ասենք, գլոբալ ներդրումների գանձատուփը սահմանափակ է, և երկրները մրցակցում են հնարավորինս ավելի մեծ մասնաբաժին ունենալու համար: Բնականաբար, այդ գործոնների մեջ քաղաքականը շատ կարևոր է, թե ինչպիսի իրավիճակ է տվյալ երկրում, արդյոք կայուն կամ բալանսավորված իշխանություն է, դատական համակարգն ի՞նչ վիճակում է: Այս տեսակետից, իհարկե, ճիշտ են բոլոր նրանք, ովքեր ասում են, որ ներկա քաղաքական ճգնաժամը պետք է լուծել: Իսկ դա, ըստ իս, և քաղաքական, և սահմանադրական ճգնաժամ է, հնարավորինս շուտ պետք է հանգուցալուծվի»,- ասում է տնտեսագետը:
Ըստ Ատոմ Մարգարյանի՝ իհարկե, ներդրումային բաղադրիչը շատ կարևոր է, բայց ընդհանուր տնտեսական զարգացումներն են կապված քաղաքական իրավիճակի հետ:
«Այսօր ըստ էության խորհրդարանը կաթվածահար վիճակում է, ես կասեի՝ վախճանված վիճակում է զուտ իր ֆունկցիոնալության տեսանկյունից: Կարելի է ասել՝ խորհրդարանը երեք տասնամյակ շարունակ եղել է կառավարության բերած օրինագծերի դակիչը: Չինովնիկները մշակել են օրենսդրական նախաձեռնություններ, կառավարությունը դա որպես օրենքի նախագիծ բերել է խորհրդարան, և ԱԺ ընդունած օրենքների կամ փոփոխությունների նախագծերի 80-90 տոկոսը եղել է գործադիր մարմնի գործը: Պառլամենտականներն ուղղակի մեկ կամ երկու անձի դաբրոյով մտել են ցուցակներ, առանց հաշվի առնելու, թե ովքեր են, ինչ կարողություններ ունեն, ի վիճակի՞ են օրենքներ գրել, ես նկատի ունեմ լուրջ օրենսդրական նախաձեռնություններ: Դրա համար լուրջ պատրաստվածություն ու գիտելիք է պետք, բայց դա գերակշիռ մեծամասնությանը բացարձակ բնորոշ չի եղել»,- հավելեց նա:
Եվ այսօր, ըստ մասնագետի, դրա հետևանքն այն է, որ Ազգային ժողովի քառօրյա նիստերը տևում են լավագույն դեպքում կես օր կամ մեկ օր: Այսինքն՝ խորհրդարանում հայտնված մարդիկ ի վիճակի չեն օրենքներ գրել, օրենսդրական նախաձեռնություներով հանդես գալ և փոխել երկրում իրավիճակը: Մյուս կողմից, Ատոմ Մարգարյանի խոսքով, կառավարությունը պետք է լիներ ոչ թե օրենքներ գրող, այլ Ազգային ժողովի ընդունած օրենքները կատարող, քաղաքականություն իրականացնող մարմին: Ըստ մասնագետի՝ սա միայն մեկ օրինակ է, թե ինչու պետք է այս խորհրդարանը րոպե առաջ ցրվի: Մեծ հաշվով, դա նաև արժանապատվության հարց է, մարդիկ ամսական ավելի քան 500 հազար դրամ աշխատավարձ են ստանում և ըստ էության գործ չեն անում:
«Իհարկե, իներցիայով տնտեսական իրավիճակը շարունակում է մնալ այն թրենդի մեջ, որը ձևավորվել էր նախկինում՝ բարձր տնտեսական ակտիվության ցուցանիշ, հարկային մուտքերի առաջանցիկ տեմպերի ապահովում, պետական ծախսերի անփախան իրականացում: Բայց սա կարճաժամկետ իրավիճակային պատկերն է: Ես կարծում եմ, որ առաջիկա մեկ-երկու ամիսների ընթացքում պետք է անցկացվեն խորհրդարանական ընտրությունները, որովհետև տնտեսական տարին ավարտվում է, բյուջետային նոր նախագիծ է շրջանառվում արդեն, 2019 թվականի բյուջեի նախագիծը ներկայացված է խորհրդարան: Լավ կլիներ, որպեսզի նոր տնտեսական տարին սկսվեր նոր պառլամենտով, և ըստ էության այն բյուջեն, որը ներկայացված է, արմատական վերափոխման ենթարկվեր: Սա իսկապես իներցիոն բյուջե է, Նիկոլ Փաշինյանի հետ հնարավոր չէ չհամաձայնել, և այն իրողությունները, գործոնները, քաղաքական փոփոխությունները և դրանից ածանցյալ հակակոռուպցիոն ու հակաստվերային քաղաքականությունը, որն իրականացվում է, պետք է արտացոլված լինի նոր բյուջեի նախագծում»,- ասաց նա:
Ըստ տնտեսագետի՝ հստակ չէ, թե ինչ գաղափարախոսության ներքո է կառավարությունը մշակել 2019 թվականի բյուջեի նախագիծը, հայեցակարգային ինչ սկզբունքների հիման վրա է այն հիմնված և ինչ արժեքային համակարգի մեջ է դրված այս բյուջետային նախագիծը: «Եվ լավ կլիներ բոլոր նրանք, ովքեր ընդդիմանում են արտահերթ խորհրդարանական ընտրություններին, իրենք ևս մտածեին այս ամենի մասին»,- նշեց նա:
Նյութի աղբյուրը՝ lragir.am