Հին համակարգի փլուզման խորհրդանշական ակտ տեղի ունեցավ հոկտեմբերի 2-ին, երբ հասարակությունը հաշված ժամերի ընթացքում գործող խորհրդարանին հասկացրեց, որ նա այլևս ոչինչ չի որոշում, ընդ որում՝ անգամ այնպիսի հարցերում, որոնք գտնվում են ԱԺ ղեկավարության գերատեսչական լիազորությունների շրջանակում․ Բաղրամյան 19-ի այգին բացվեց հասարակության առջև՝ առանց Արա Բաբլոյանի գիտության, նույնիսկ՝ ի հեճուկս նրա կարծիքի։
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հարցազրույցին տարբեր դիտանկյուններից կարելի է նայել, սակայն՝ մեծ հաշվով, սա խեղճացած մարդու խոսք էր, որի ավարտին պետք է հնչեր ոչ թե արտախորհրդարանական ուժերին կոնսոլիդացնելու մտադրության բարձրաձայնում, այլ՝ քաղաքականությունից հեռանալու հայտարարություն։
Մեծահարուստ օլիգարխը պահի պատեհությունը չգիտակցեց, խորհրդարանական ընտրությունները «կօգնեն», որպեսզի նա կայացնի այդ որոշումը՝ չնայած, դրանց արդյունքում Ծառուկյանն այսպես թե այնպես հայտնվելու է խորհրդարանից ու քաղաքականությունից դուրս ու նրա հայտարարությունն այլևս որևէ մեկին պետք չի լինելու, այլ խոսքով՝ «գնորդ» չի ունենալու։
Նախագահ Սերժ Սարգսյանը որոշում է կայացրել, որ այլևս չի բնակվելու կառավարական ամառանոցում և ողջամիտ ժամկետում դուրս կգա այդ տարածքից՝ տեղափոխվելով այլ առանձնատուն․ երեկ հայտարարել է նրա գրասենյակի ղեկավար Նաիրի Պետրոսյանը։
Այնքան էլ էական չէ, թե ինչու Սերժ Սարգսյանի տան հարցը մինչև հիմա չի կարգավորվել․ կամ հեղափոխության տղերքն են քինախնդիր, կամ էլ՝ երրորդ նախագահն է պահանջկոտ։ Ամեն դեպքում՝ այսօրվա ստատուս-քվոն, երբ Սերժ Սարգսյանը շարունակում էր ապրել Պռոշյանի վրա գտնվող կառավարական ամառանոցում, ձեռնտու էր երկուստեսք․ Նիկոլ Փաշինյանը սրանով ցույց էր տալիս իր հանդուրժողականությունը, Սերժ Սարգսյանը շրջապատին ներշնչում էր, թե այլ տեղ տեղափոխվելու մտադրություն չունի, որովհետև շուտով հնարավոր է՝ Բաղրամյան 26 վերադառնա։
Հոկտեմբերի 2-ը նոր իրավիճակ ստեղծեց։ Հետհեղափոխական ստատուս-քվոն այլևս չի աշխատում։ Երբ խորհրդարանի շենքի մոտ հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած բազմամարդ հանրահավաքում Նիկոլ Փաշինյանը ստորագրում էր ԲՀԿ ու ՀՅԴ նախարարներին պաշտոնանկ անելու որոշումները, այս երկու կուսակցություններին նվաստացնելուց բացի՝ Ծառուկյանին հասկացնում էր, որ այլևս տեղ չունի նոր Հայաստանի քաղաքական համակարգում, այլ խոսքով՝ եկել է բացված գիրքն ընմիշտ փակելու Ժամանակը։ ԲՀԿ առաջնորդը Փաշինյանի ուղերձը հասկացավ, սակայն հեռանալու փոխարեն՝ առաջարկեց նոր «ծառայություն», որի կարիքը վարչապետը հաստատ չունի։
Սերժ Սարգսյանին ինչ-որ բան հասկացնելու կամ ակնարկելու կարիք չկա։ Նա հեռանում է կառավարական ամառանոցից (նրա առանձնատան հարցն առայժմ լուծված չէ), որպեսզի բանը չհասնի հեռացնելուն։ Ու բնավ պատահական չէ, որ երրորդ նախագահի գրասենյակի ղեկավարի հայտարարությունը հնչեց հոկտեմբերի 2-ի «պուտչից» հետո։
Միայն առաջին հայացքից կարող է թվալ, թե Սերժ Սարգսյանի քայլը տեղավորվում է միայն կենցաղային հարթության վրա։ Աննշան թվացող այս իրադարձության կամ հայտարարության տողատակում իրականում քաղաքական ենթատեքստ կա, որովհետև Սարգսյանի տիպի մարդկանց, մենթալիտետային այդ մտածողության համար քաղաքականությունը նույնանում է իշխանության, ամառանոցների, արտոնության ինստիտուտի հետ։ Կառավարական ամառանոցը մնացել էր վերջին թելը, որը Սերժ Սարգսյանին կապում էր քաղաքականության հետ՝ թիմի մոտ էլ հույեր արթնացնելով, որ շեֆը մի բան գիտի, եթե մնացել է «դաչայում»։
Ուշագրավ է, որ Սերժ Սարգսյանը կառավարական ամռանոցից հեռանալու մասին բարձրաձայնում է հոկտեմբերի 2-ի «խռովությունից» հետո՝ մինչև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Սարգսյանը գործող վարչապետին հասկացնում է, որ ինքը դիմադրության խաղի մեջ չկա ու, ըստ էության, հեռանում է քաղաքականությունից։
Խորհրդարանական «մարտնչող» եռյակը մնացել է, ըստ էության, «անտեր»․ նրանից իրենց ձեռքերը լվացրել են թե Սերժ Սարգսյանը, թե Գագիկ Ծառուկյանը, վերջինս, ի դեպ՝ փակելով նաև Ռոբերտ Քոչարյանի ռևանշի ճանապարհը, որովհետև ակնկալում է գործող իշխանության «համաներումը»՝ երկրորդ նախագահին «խաղից դուրս» թողնելու խոստոմով։
Նյութի աղբյուրը՝ 1in.am