Այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը Էջմիածնում հայտարարեց, որ որոշ ուժեր հաստատուն քայլերով գտնում են դեպի պատմության աղբանոց, իսկ ԱԱԾ-ն ձերբակալեց քրեա-օլիգարխիայի «գանձապահներից» Սամվել Մայրապետյանին՝ նշանային ֆիգուր համակարգի համար, իրադարձությունները կրկին արագացան:
Երեկ երեկոյան Գագիկ Ծառուկյանը գնաց կառավարություն եւ պարտավորագիր ստորագրեց, որ դավադրություն չի անելու Նիկոլ Փաշինյանի դեմ, նրա հրաժարականից հետո: Այսինքն, ԱԺ-ում երկու անգամ վարչապետ չի առաջադրելու: ԲՀԿ-ի նախորդ օրերի խրոխտ հայտարարություններից ու հոկտեմբերի 2-ի աղմկոտ քվեարկությունից հետո ԲՀԿ-ն կանգ առավ ու «հանձնվեց»:
Կառավարությունում տեղի ունեցած հանդիպումն իրարանցում էր առաջացրել ՀՅԴ-ում՝ հոկտեմբերի 2-ի «եռյակ դավադրության» մյուս մասնակցի մոտ: ՀՅԴ ղեկավարությունը շտապ երկու հոգի էր ուղարկել կառավարություն, սակայն Նիկոլ Փաշինյանը նրանց չէր ընդունել: Ընդունել էր փոխվարչապետը, որի հետ հանդիպումից հետո ՀՅԴ ներկայացուցիչները մռայլ դեմքով հայտարարեցին, թե տեղի է ունեցել լավ խոսակցություն:
ՀՅԴ-ում թերեւս վտանգ էին զգացել, որ ԲՀԿ-ն կամ Ծառուկյանը «քցում» է իրենց, սեպարատ համաձայնության գնալով Նիկոլ Փաշինյանի հետ: ՀՀԿ-ին կամ նրա հետեւում կանգնածներին հաջողվել էր այս երկու կուսակցություններին ներգրավել հոկտեմբերի 2-ի իրադարձությունների մեջ, որի իմաստն այն էր, որ տապալեին արտահերթ ընտությունն այս տարի, ձգեն մինչեւ մայիսի ու անվստահություն հայտնեն Նիկոլ Փաշինյանին:
ՀՅԴ-ն այստեղ ստանձնել էր յուրահատուկ դեր, առաջ քաշելով պայմաններ, որոնցից առանցքայինը ոստիկանությունը խորհրդարանին ենթարկելն էր: Մոտիվացիան պարզ է՝ այդպիսով ապահովել ընտրությունների կեղծումն ու նոր խորհրդարանում հայտնվելը, միեւնույն ժամանակ անհրաժեշտ պահին հեղաշրջում կազմակերպելու համար:
Ի՞նչ է ՀՅԴ ղեկավարության ուզածը՝ անօրինական տնտեսական ու քաղաքական քվոտաներ, մանդատների վաճառք խոշոր բիզնեսին՝ փող աշխատելու համար, ինչը եղել է մինչ այժմ:
Եռյակի բոլոր հայտարարությունները ժողովրդավարության, միակուսակցականության վտանգի եւ այլնի մասին սովորական շղարշ են, որոնք արդեն չեն ծածկում քրեա-օլիգարխիայի այս քաղաքական ցուցանակների տգեղ մերկությունը:
Ընդ որում, եթե ՀՀԿ-ն առանձնապես ծածկելու բան էլ չունի, ԲՀԿ-ն պարզապես կրկես է, ապա ՀՅԴ ղեկավարության դեպքում իրավիճակը տխուր է: Կուսակցության ղեկավարությունը խոսում է ինչ որ սկզբունքների, արժանապատվության մասին, ինքզինքը հարց չտալով, թե արդյոք սկզբունք ու արժանապատվություն էր քրեական համակարգին ծառայելը, հակապետական ու հակաժողովրդական նախագծերին ու ծրագրերին աջակցելը:
Ցանցում գնահատականներ են հնչում, թե երեկ վազել էին կառավարություն՝ կերատաշտի կորստի սարսափից ու քցվելուց: ՀՅԴ ղեկավարությունը թողե՞լ է այլ գնահատականի տեղ:
Նիկոլ Փաշինյանն, ըստ քաղաքագետների ու փորձագետների գնահատականների, չափազանց մեղմ է վարվում պարտված կողմի հետ: Մյուս կողմից, պարտված կողմը, ինչպես Ադրբեջանը, դրանից ոգեւորված իր պահանջներն ու կարեւորությունն է փորձում ընդգծել, այն պարագայում, երբ հանրության համար նրանք ոչ մի իմաստ ու արժեք չունեն: Ավելին, նրանք մասնակիցն են համակարգային բոլոր հանցագործությունների:
ՀՅԴ շարքերն իրենց մեջ ուժ կգտնե՞ն հեռացնելու քրեա-օլիգարխիայի սպասարկու ղեկավարությանը, թե՞ հաստատուն քայլերով երբեմնի հեղափոխական կուսակցությունը կհայտնվի պատմության աղբանոցում:
Նյութի աղբյուրը՝ Lragir.am