Aravot.am-ի զրուցակիցն է ԱԺ եվրոպական ինտեգրացիայի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը

– Տիկին Զոհրաբյան, վերջին օրերին համառորեն տեղեկություններ են շրջանառվում, որ ԲՀԿ քաղաքական թիմի որոշ գործիչներ պատրաստվում են լքել կուսակցությունը՝ համաձայն չլինելով Գագիկ Ծառուկյանի որոշումների հետ: Տալիս են նաեւ ձեր անունը. կա՞ նման բան իրականում։

– Գիտեք, այս տարիների ընթացքում ես ստիպված եմ եղել մեկնաբանել աբսուրդային անհեթեթություններ, ստիպված եմ եղել մեկնաբանել կատարյալ ցնդաբանություններ եւ դավադրությունների տեսություններ։ Սա եւս այդ շարքից է։ ԲՀԿ քաղաքական թիմից որեւէ մեկը չի պատրաստվում լքել կուսակցությունը: Իսկ ինչ վերաբերում է ինձ, ապա նման վարկածներ շրջանառության մեջ դնողները մեկ բան հաշվի չեն առել՝ ես Գագիկ Ծառուկյանի կողքին եմ եղել միշտ եւ լինելու եմ միշտ՝ անկախ նրանից` կուսակցության համար կլինեն լավ, թե վատ օրեր։ Ավելի սոսկալի բան, քան դավաճանությունը՝ ինձ համար չկա՝ լինի դա կյանքում, թե քաղաքականության մեջ։ Ես շատ բան կարող եմ ներել, կարող եմ ներել հիմարությունը, անփորձությունը, բայց դավաճանությունը՝ երբեք։ Նա` ով մեկ անգամ դավաճանել է, նրա հետ ուղղակի չի կարելի ճանապարհ անցնել, որովհետեւ նա դավաճանելու է միշտ։ Ուստի, բոլոր նրանց, ովքեր այս օրերին համառորեն դավադրությունների տեսության ֆոներին քաղաքագիտական վերլուծություններ են անում՝ խորհուրդ եմ տալիս խորը շունչ քաշել եւ հանգստանալ։

– Այդուհանդերձ, ձեր թիմից տարբեր գործիչներ, օրինակ՝ Սյունիքի նախկին մարզպետը, հայտարարեցին ԲՀԿ-ից դուրս գալու մասին եւ կրկին լուրեր են շրջանառվում, որ տարածքային կառույցների որոշ պատասխանատուներ եւս դուրս են գալու կուսակցությունից։

– Ես չունեմ նման տեղեկատվություն, սակայն, եթե լինեն նման մարդիկ` դա բացարձակապես իրենց խնդիրն է։ Ով գնալու է՝ միեւնույն է, եթե ոչ այսօր, ապա վաղը մի պատճառաբանություն կգտնի եւ կգնա։ Պետք է փակել նման մարդկանց էջն ու շարժվել առաջ։ Չես կարող պարտադրել, որ պատասխանատու պահին բոլորը լինեն ուժեղ, լինեն սկզբունքային եւ լինեն տղամարդ։ Դա կամ կա, կամ չկա։ Ուստի, ես այդտեղ եւս որեւէ ողբերգություն չեմ տեսնում։ Մենք եւս ներկուսակցական լուրջ ռեբրենդինգի խնդիր ունենք, եւ մեկ բան հստակ է՝ ճանապարհ պետք է գնալ միայն ամենավստահելիների հետ, որոնք վճռական պահին չեն ընկրկի։ Կարծում եմ՝ մենք էլ մեր հետեւությունները կանենք ու կշարժվենք առաջ։ Իսկ եթե ոմանք կարծում են, որ կուսակցության նավից թռնելով եւ այլ ուժերին իրենց ծառայությունն առաջարկելով՝ իրենց ինչ-որ մեկը հարգելու է՝ չարաչար սխալվում են։ Իր թիմին դավաճանողը դավաճանելու է նաեւ հաջորդին։ Դա ընդամենը ժամանակի եւ քաղաքական պատեհության հարց է։

– Փաշինյան-Ծառուկյան հուշագրի ստորագրումով ամրագրվեց, որ ընտրությունները պետք է տեղի ունենան դեկտեմբերին, սակայն դուք եւս ասել էիք, որ ժամանակի հետ կապված վերապահում ունեք։ Հիմա չկա՞ն այդ վերապահումները։

– Ես ասել եմ, ե հիմա էլ կրկնում եմ, որ մինչեւ արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է լուծել մի քանի կարեւոր հարցեր՝ Ընտրական օրենսգրքի ընդունում, կրկնաքվեարկությունները բացառելու մեխանիզմների ներդրում եւ այլն։ Եթե այդ ամենը կարող ենք անել մեկ ամսում՝ խնդիր չկա, անենք ու գնանք ընտրությունների։ Մենք պատրաստ ենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների՝ սա ասել ենք միշտ։  

– Դուք դատական գործընթաց եք սկսել սոցիալական ցանցերում ձեզ վիրավորողների դեմ։ Հնարավո՞ր է, որ հիմա հետ կանգնեք՝ հաշվի առնելով, որ այլեւս համաձայնագիր է ստորագրված։

– Իսկ ի՞նչ կապ ունի արտահերթ ընտրությունների գնալու համաձայնագիրը այն ստահակների հետ, որոնք իրենց պատիժը պիտի ստանան։ Ոչ՝ հնարավոր չէ։ Բոլոր քաղհայցերը պատրաստ են, դրանք ներկայացված են, ես ասել եմ, որ սա այլեւս իմ կյանքի հարցն է՝ բոլոր ստահակներին ենթարկել պատասխանատվության, որպեսզի մեր երկրում այլեւս երբեք ատելությունը, բարոյալքումը եւ հայհոյանքը չդառնա շարժիչ ուժ։ Ես գնալու եմ մինչեւ վերջ, եւ իմ համառությանն ու հաստատակամությանը խորհուրդ եմ տալիս որեւէ մեկին չկասկածել։

– Հիմա դուք Ստրասբուրգում եք, սակայն վարչապետը հայտարարեց, որ հայտնի չէ, թե հայկական պատվիրակությունը ում է ներկայացնում։

– Ես ներկայացնում եմ իմ երկիրը եւ մինչեւ վերջին վայրկյանը, քանի դեռ ես ունեմ մանդատ աշխատելու միջազգային այս կամ որեւէ այլ կառույցում՝ ես պաշտպանելու եմ իմ երկրի շահը՝ ինչը եւ անում ենք այս օրերին ԵԽԽՎ-ում։ 

 


loading...