Հայտարարություն է տարածել ՀՀԿ խմբակցությունը։ Փաստաթուղթը պայմանականորեն կարելի է բաժանել մի քանի հատվածների, որովհետև դրանցում առկա են տողատակով արված քաղաքական ուղերձներ, որոնց մեծ մասը, սակայն, այլևս կիառական նշանակւթյուն ունենալ չի կարող։

Սերժ Սարգսյանի թիմը, ինչպես հաճախ պատահում է վերջին վեց ամիսների ընթացքում, ռացիոնալ հարթություն եկավ բավականին ուշ, երբ արդեն նրա խսքը, կարծիքն առանձնապես կարևոր չեն։

Օրինակ՝ մինչև հիմա հասկանալի չէ, թե ինչի էր պետք ՀՀԿ խմբակցության մայիսի 1-ի դեմարշը, Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը դեմ քվեարկելու կոնսոլիդացված դիրքորոշումը, եթե, այսպես թե այնպես, ակնհայտ էր՝ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո կուսակցությունը չի կարող պահել իշխանությունը, ի վիճակի չէ գտնել նոր կոնսենսուս, որը կարող է ազդել համաժողովրդական շարժման տրամադրությունների, դիրքորոշումների վրա։ Մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանը վարչապետ ընտրվեց, սակայն մայիսի 1-ը թաղեց իրական այլընտրանք դառնալու ՀՀԿ շանսերը։ Հենց մայիսի 1-ի վարքագիծը ռևանշիզմն անդառնալիորեն կապեց ՀՀԿ-ի հետ՝ հետագա ամիսներին ընկալելի չդարձնելով անգամ այս կուսկացության կողմից հնչեցված միանգամայն օբյեկտիվ քննադատությունը։ ՀՀԿ-ի իռացիոնալ վարքագիծը պատճառ դարձավ, որպեսզի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ժամանակավոր կառավարությունը կայացնի ազգային համաձայնության կեղծ մոդելի հենքով։ Հակառակ պարագայում՝ մինչև խորհրդարանական արտահերթ ընտրությունները, Նիկոլ Փաշինյանն ու խորհրդարանական մեծամասնությունը կարող էին ձևավորել երկխոսության ու բանակցությունների ռացիոնալ օրակարգ։

«Մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնել բոլոր քաղաքական ուժերի հետ մայիս-հունիս ամիսներին ընտրություններ անցկացնելու վերաբերյալ միասնական հայտարարությամբ հանդես գալու համար»,- ասված է ՀՀԿ խմբակցության հայտարաության մեջ: Այս դեպքում հասարակությունն իրավունք ունի կասկածի տակ դնել ՀՀԿ անկեղծությունը․ եթե խորհրդարանի ամենամեծ խմբակցությունը նման ցանկություն ունեցել է, ապա միանգամայն տրամաբանական կլիներ, որ հոկտեմբերի 2-ին՝ հայտնի ավանտյուրան կազմակերպելու փոխարեն, ՀՀԿ-ն ձեռնամուխ լիներ քաղաքական կոնսուլտացիաների ու համատեղ հուշագրի ստորագրմանը՝ հենց այս օրակարգով։ Այս պարագայում միանգամայն հնարավոր ենք համարում, որ Փաշինյանի թիմը կատեգորիկ պնդումներ չաներ դեկտեմբեր ամսվա վրա ու փորձեր փոխզիջումների գնալ արտահերթ ընտրությունների ժամկետների հարցում։Նույն սցենարը կրկնվեց վերջին օրերին, երբ ՀՀԿ-ն կարող էր ռացիոնալ դիրքորոշում որդեգրել ու արտահերթ ընտրությունների հարցում կառավարության հետ գալ կոնսենսուսի՝ թե ժամկետների և թե օրենսդրական բարեփոխումների հարթությունում։

Սակայն ՀՀԿ-ն ռացիոնալ քաղաքականության մասին հիշում է, երբ այևս նրա կարծիքը որևէ մեկի համար նշանակություն չունի ու քաղաքական գործընթացը կարող է զարգանալ՝ անգամ առանց նրա մասնակցության։ Այսօր նույնիսկ հայտնի չէ, թե ինչ է իրնից ներկայացնում ՀՀԿ խմբակցությունը, որովհետև առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի գրասենյակը դարձել է հանրապետական պատգամավորների «հեղափոխական մկրտության» վայր։ Իշխանությունը համոզո՞ւմ է, թե՞ տարբեր փաստերով ճնշում է ՀՀԿ պատգամավորներին՝ դեռ պարզ չէ, սակայն փաստ է, որ Միզոյանի հետ հանդիպումից հետո նրանք մոռանում են կուսակցական շահերի մասին և գրեթե նույն ձևակերպումներով իրենց աջակցությունն են հայտնում Նիկոլ Փաշինյանի օրակարգին։ Այս համատեքստում անգամ քրեաօլիգարխիկ նախկին համակարգը ներկայացնող խորհդարանում ՀՀԿ-ն հայտնվել է կատարյալ մեկուսացման մեջ՝ ամեն օր կորցնելով իր անդամներին, վերածվելով խորտակված մի նավի, որից փախչում են գրեթե բոլորը։

Այս պարագայում ՀՀԿ հայտարարությունը դառնում է ոչ թե ռացիոնալիզմի, այլ հուսահատության դրսևորում, ՀՀԿ-ի պարզած ձեռքը մնում է օդի մեջ, որովհետև նրան ոչ թե երկխոսության են կանչում, այլ՝ կոլեկտիվ կապիտուլյացիայի, ՀՀԿ ցուցանակի խորհրդանշական տապալման։ Հենց այդ նոտայով էլ ՀՀԿ խմբակցության հայտարարությունը եզրափակվում է։

Անկախ այս ամենից, չընդունելով դեկտեմբեր ամսին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ ՀՀ կառավարության բերած հիմնավորումները՝ Հանրապետական խմբակցությունը չուներ և չունի մտադրություն առաջադրելու վարչապետի իր թեկնածուն՝ հենց սա է ՀՀԿ խմբակցության հայտարարության մեխը, պարզած «սպիտակ դրոշի» բանաձևը։ ՀՀԿ-ն կառավարությունից ակնկալում է հումանիտար միջանցքի տրամադրում՝ իր նահանջը կազմակերպելու համար։

Սա խորհրդանշական ակտ էր, որն ազդարարում է Հայաստանում հակահեղափոխության ռևանշի պարտությունը, որը վերջնականապես փակում է Ռոբերտ Քոչրայան-Սերժ Սարգսյան զույգի իշխնություն վերադառնալու ճանապարհը՝ իրական դարձնելով առնվազն Քոչարյանի երկարաժամկետ ազտազրկման հեռանկարը։

Աղբյուր՝ 1in.am

loading...