ՀՅԴ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը հայտարարել է, թե իրենց օրակարգում չկա վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հուշագիր ստորագրելու հարց: Համբարձումյանը ասել է, որ չեն փոխել արտահերթ ընտրության հանդեպ վերաբերմունքը:

Արսեն Համբարձումյանը կամ հուշագրի մտադրության մասին հարց ուղղողները թերեւս գերագնահատում են ՀՅԴ դերը: Բանն այն է, որ նշանակություն չունի, թե ինչ հարց կա ՀՅԴ օրակարգում: Եթե բանը հուշագիրն է, ապա հարցը պետք է ուղղել Նիկոլ Փաշինյանին՝ ունի՞ ՀՅԴ հետ էլ հուշագիր ստորագրելու մտադրություն, թե՞ ոչ:

Իսկ թե ինչ օրակարգ ունի ՀՅԴ-ն, կամ ավելի շուտ ՀՅԴ լիդերները, պետք է հետաքրքրի թերեւս միայն ՀՅԴ շարքերին: Դրանք Հայաստանի ներքաղաքական դաշտում եզակի գաղափարական շարքեր են, առանձնահատուկ գաղափարական եւ ըստ էության քաղաքական շարքեր, անկախ ՀՅԴ գաղափարախոսության եւ արժեքների հանդեպ որեւէ մեկի գնահատականից կամ վերաբերմունքից:

Թավշյա հեղափոխությունից հետո ստեղծված կամ բացված իրավիճակում պարզվեց, որ այդ լիդերների շնորհիվ Դաշնակցությունն իր կայուն տեղն էր ապահովել նախկին տնտեսա-քաղաքական քրեա-օլիգարխիկ համակարգում, կորցնելով իր տեղը քաղաքականության մեջ:Բացառիկ գաղափարական, քաղաքական շարքերի տիրապետող կուսակցությունը ներքաղաքական կյանքում աչքի է ընկել ոչ թե այդ, այլ հարմարվողականության բացառիկությամբ, իր լիդերների պատճառով, որոնք արդեն երկու տասնամյակ կուսակցության հեղինակության, վարկի հաշվին գործարքների են գնացել գործող իշխանության հետ եւ ստացել քաղաքականության եւ տնտեսության մեջ իրենց քվոտան:

ՀՅԴ շարքերին հետաքրքրու՞մ է դա, թե՞ ոչ: Ներկայում կա քաղաքականության մեջ կուսակցության տեղի ու դերի խնդիր, ինչը թերեւս հնարավոր չէ լուծել լիդերների ներկայիս կազմով:  Մինչդեռ ՀՅԴ-ն գույն է, որն անհրաժեշտ է Հայաստանի քաղաքական դաշտին, ու նաեւ ընդհանրապես «հայկական աշխարհին»: Բայց գույն, որն արդիականանում է եւ դառնում է թե Հայաստանի, թե համահայկական խնդիրներին նոր, տեխնոլոգիական անդադար հեղափոխություն ապրող աշխարհին համարժեք:

Կա՞ ՀՅԴ-ում արդիականացման այդ ներուժը, որը կուսակցությանը կվերադարձնի Հայաստանի քաղաքական ներկապնակ: Ավելի շուտ, խնդիրը նույնիսկ «վերադառնալը» չէ, քանի որ Հայաստանում քաղաքական համակարգ կամ գունապնակ, որպես այդպիսին, չի էլ եղել: Այն նոր պետք է ձեւավորվի, եւ այդ իմաստով ՀՅԴ-ն գործնականում ունի գիծ քաշելու եւ սկսելու հնարավորություն:

Այդ իմաստով ուշագրավ էր օրերս Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ Ազնավուրի հուղարկավորությանը մասնակցելու նպատակով գտնվելով Փարիզում՝ հանդիպել է նաեւ ՀՅԴ սփյուռքյան կառույցների ներկայացուցիչների հետ: Փաշինյանը հայտարարեց, թե այդ հանդիպումներից հետո համարում է, որ կա նաեւ ՀՅԴ Հայաստանի ներկայացուցիչների հետ հանդիպելու անհրաժեշտություն: Ընդ որում, Փաշինյանն ինքն առայժմ չի հանդիպել ՀՅԴ լիդերների հետ, նրանց ընդունել էր փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Հայաստանյան մամուլում պարբերաբար եղել են տեղեկություններ, որ սփյուռքյան կառույցների ներկայացուցիչները դժգոհ են Հայաստանում ՀՅԴ ղեկավարների գործունեությունից: Բայց, ՀՅԴ-ն այդ իմաստով Հայաստանում ունեցել է ուժեղ դաշնակից, ի դեմս իշխանության, որը պահել է ՀՅԴ ներկայիս ղեկավարության դիրքերը, հասկանալի պատճառներով:

Ներկայում իրավիճակը կարծես թե փոխվում է, եւ արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը Փարիզում ՀՅԴ սփյուռքյան կառույցների ներկայացուցիչներին ասել է, որ նոր իշխանությունը չունի ՀՅԴ լիդերներին պահելու օրակարգ եւ «չի միջամտելու» կուսակցության ներքին գործերին:

Աղբյուր՝ Lragir.am

loading...