Էջմիածին համայնքի ղեկավարի պաշտոնակատար Դիանա Գասպարյանի հրապարակումը.
«Սիրելի՛ համաքաղաքացիներ,
Տարածվել է 2012 թվականին ֆեյսբուքյան անձնական էջում արված իմ մի գրառում՝ համատեքստի հետ բացարձակապես կապ չունեցող սադրիչ վերնագրերով։
Նախ, ես պաշտոնապես հայտարարում եմ, որ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու դավանորդ եմ՝ մկրտված 2009 թվականին։Սա շատ լավ առիթ է հանրությանը ներկայացնելու իմ պաշտոնական դիրքորոշումն այս կարևոր հարցի վերաբերյալ։
Երկրորդ, ես լիովին ճանաչում եմ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում։
Երրորդ, որպես քաղաքապետի պաշտոնակատար իմ գործունեության առաջին օրից սերտորեն համագործակցել եմ Մայր Աթոռի հետ՝ հպարտությամբ գիտակցելով իմ քաղաքի առանձնահատուկ դերը ողջ հայության համար։
Ինչ վերաբերում է իմ անձնական էջում կատարված գրառմանը, ապա այն առավելագույնը կարող էր համարվել երիտասարդ տարիներին արված անհաջող կատակ, որի շահարկումն այս նախընտրական շրջանում ոչ այլ ինչ է, քան բացահայտ սադրանք և հակաքարոզչություն»։