Դերասան Հովհաննես Ազոյանը երեկ հայտարարեց, որ ուզում է մուտք գործել Ազգային Ժողով. «Ցանկանում եմ իմ տեսակով ու ներկայությամբ գունավորել Ազգային ժողովը»,-ասել է Ազոյանը: Այս թեմայով ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց դերասան, հաղորդավար Ռաֆայել Ղազանչյանի հետ:
— Պարո՛ն Ղազանչյան, ըստ Ձեզ, կարո՞ղ է Հովհաննես Ազոյանն ԱԺ-ում իրեն հավուր պատշաճի դրսևորել:
-Ճիշտն ասած, ես շուրջ կես տարի է՝ իր հետ չեմ շփվել և չեմ կարող ասել, թե ինչ է փոխվել իր կյանքում: Ազգային Ժողո՞վ է ուզում գնալ. հիմա բոլորն էլ կարող են գնալ ԱԺ:
-Հա՜, պատգամավոր է ուզում դառնալ, փաստորեն: Հիմա ամեն ինչ փոխվել է, դերասանները գնում են ԱԺ, այնտեղից էլ գալիս են դերասանություն անելու (ժպտում է.-խմբ): Մի խոսքով, շոուբիզնեսը մտնում է էնտեղ: Եթե ուզում է պատգամավոր դառնալ, ի՞նչ կարող եմ ասել, ես էլ եմ շատ բան ուզում: Պետք է հասկանալ, կարո՞ղ ես օգուտ տալ, թե՞ ոչ:-Պատգամավոր է ուզում դառնալ:
Ըստ Ձեզ, ավելի լավ է, որ Ազոյանը մնա որպես դերասա՞ն, թե՞ մտնի քաղաքականություն:
-Ես կարծում եմ, յուրաքանչյուրն իր տեղում պետք է լինի: Եթե մարդ տարիներ շարունակ աշխատել է որևէ ոլորտում, այս դեպքում՝ որպես դերասան, եթե լավ է ստացվում, պետք է շարունակել, եթե վատ է ստացվում՝ այդ դեպքում կարելի է նոր պոկվել դեպի Ազգային ժողով…
Իսկ Դուք կցանկանայի՞ք, որ Ձեր օրենսդրությունը գրեր Հովհաննես Ազոյանը, նրան պատկերացնու՞մ եք Ձեր պատգամավորը:
-Այն ժամանակ, եթե ամեն ինչ այլ էր, հիմա շատ արագ են զարգանում իրադարձությունները: Եթե մի փոքր դանդաղ ամեն ինչ տեղի ունենար, մի գուցե մարսեինք, բայց որ մեկը չպրծած, մյուսն է սկսվում՝ քաղաքացիները չեն հասցնում որևէ բան ասել, որևէ գնահատական տալ: Մինչև որևէ գնահատական ես տալիս, մեկ այլ բան է բացվում: Չեմ կարող ասել որևէ բան այս մասով:
Պարոն Ղազանչյան, ընդամենը կես տարի է ինչ չեք շփվում Ազոյանի հետ, սակայն նա երկար տարիներ ակտիվ է եղել բողոքի մի շարք ակցիաներում, երբևէ չի՞ ասել, որ քաղաքական դաշտում որոշ քայլեր անելու հեռահար նպատակներ ունի:
-Գիտե՞ս ոնց, ցույցերին ակտիվ մասնակցություն շատերն են ունեցել, և բոլորով միասին հայտարարել, թե ուզում են մտնել քաղաքական դաշտ, դա էլ մի բան չէ: Բայց եթե դու ունես ծրագիր, զգում ես, որ կարող ես օգուտ տալ թեկուզ Ազգային ժողովում, ի՞նչ ասեմ՝ բարի ճանապարհ: Իսկ եթե ուղղակի ուզում ես հայտնվել այնտեղ, որովհետև ընկերդ քաղաքապետ է, կամ մյուս ընկերդ էլ պատգամավոր է, ես դա չեմ հասկանում, ճիշտն ասած:
Իսկ Հովհաննես Ազոյանի դեպքում ո՞ր տարբերակն է:
-Քանի որ վաղուց չեմ շփվել, չեմ կարող շատ բան ասել: Չգիտեմ՝ ինչ է փոխվել ու ինչ արտառոց փոփոխություններ են եղել իր կյանքում: Հիմա մենք ունենք շատ մարդիկ քաղաքական դաշտում, որոնք երբևէ չեն երևացել, բայց վերջերս շատ հանկարծակի «բուսնել են»: Ես քաղաքականությունից հեռու եմ և որ ճիշտն ասեմ, առաջիկա մեկ տարում ինձ հաստատ չեք տեսնի Ազգային ժողովում, կարող են հանգիստ լինել թե՛ իմ ընկերները, և թե՛ ինձ ճանաչողերը (ժպտում է.- խմբ.):
Իսկ այդ «հանկարծակի հայտնվողներից» անուններ կարո՞ղ եք տալ:
-Ճիշտն ասած, չեմ էլ ճանաչում, որ տամ: Օրինակ, այսօր Երևանի ավագանու նիստն էի նայում, ու բացի Հայկից՝ մյուսներին չէի ճանաչում: Դա երևի նորմալ է:
Իրադարձությունները շատ արագ զարգացան նաև Հայկ Մարությանի դեպքում, իր մասով և՞ս գնահատականներ չունեք:
-Չէ, Հայկի հետ կապված կարող եմ ասել, որ նա այնքան էլ նոր չէ քաղաքական դաշտում: Նա երկար տարիներ սոցիալական տարբեր ծրագրերում էր ընգրկված և միայն դերասան չէր: Որպես քաղաքապետ, այո՛, ինձ համար անսովոր է, բայց ի՞նչ վատ է, որ ընկերս քաղաքապետ է:
Աղբյուր՝ Lurer.com