mediainfo.am-ը գրում է․
ՀՔԾ-ն շարունակում է անսովոր լռություն պահպանել հոկտեմբերի 6-ին ձերբակալված Հ2 հեռուստաընկերության սեփականատեր, գործարար Սամվել Մայրապետյանի գործի առթիվ։ Հատուկ քննչական ծառայությունը Մայրապետյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 38-311 հոդվածի հատկանիշներով՝ կաշառք ստանալուն օժանդակելը
ՀՔԾ-ի լռությունը կարող է պայմանավորված լինել միայն այն հանգամանքով, որ Մայրապետյանն այս գործի հիմնական ֆիգուրանտը չէ՝ չնայած այդ ակնհայտ իրողությունը պարզ է նաև նրան առաջադրված հոդվածի բովանդակությունից։
Մայրապետյանն, ըստ ամենայնի, մեղադրվում է այն բանի համար, որ գործարար Սիլվա Համբարձումյանի տված կաշառքը հասցրել է կոնկրետ պաշտոնյայի։ Առաջիկա օրերի ընթացքում կբացահայտվի, թե ում համար է աշխատել Մայրապետյանը, սակայն հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ Հ2-ի սեփականատերը, այսպես ասած, «բացահայտվել» է Ռոբերտ Քոչարյանի կոռուպցիոն սխեմաների համատեքստում։
Գող, սիրտը՝ դող․ ասում է հայտնի ժողովրդական խոսքը։ Տվյալ դեպքում՝ խոսքը վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին։ Երբ ՀՔԾ-ն լռում է Մայրապետյանի գործի մասին, ավելին՝ նույնիսկ չի հրապարակայնացվում, թե կոնկրետ որ դրվագով է կալանավորվել Մայրապետյանը, առնվազն տարակուսելի է թվում Քոչարյանի գրասենյակի արձագանքն այս գործին։
«Ինչ վերաբերում է Սիվա Համբարձումյանին, ապա Ռոբերտ Քոչարյանը երբևէ կապ չի ունեցել նրա հետ, նույնիսկ չի իմացել այդ անուն-ազգանունով գործարարի գոյության մասին։ Այնպես որ՝ գործ ունենք հերթական ստի հետ»,- երեկ պնդել է Քոչարյանի գրասենյակը՝ բնականաբար հերքելով, որ Մայրապետյանի միջոցով առանձնապես մեծ չափի կաշառք է ստացել Սիլվա Համբարձումյանից։ Արտառոցն այն է, որ Քոչարյանին որևէ մեկը պաշտոնապես չի մեղադրել Մայրապետյանի միջոցով կաշառք ստանալու համար, համենայն դեպս՝ կրկնվենք, ՀՔԾ-ն հանդես չի եկել որևէ հայտարարությամբ կամ անգամ ակնարկով։
Մնում է ենթադրել, որ Մայրապետյանը եղել է Քոչարյանի «հաշվապահներից» մեկը ու դա այնքան ակնհայտ փաստ է, որ պաշտոնաթող նախագահի գրասենյակը գերադասում է արդարանալ՝ մինչև պաշտոնական հաղորդագրությունը կամ մեղադրանքի առաջադրումը։ Սակայն, տվյալ պարագայում, ակնհայտ է, որ Քոչարյանի գրասենյակի հայտարարության այս դրվագը հասցեագրված է ոչ թե հասարակությանը, այլ յուրօրինակ, այսպես կոչված, «քսիֆ» է Մայրապետյանին, որպեսզի վերջինս հերքի իր ու Քոչարյանի կապը։
Սամվել Մայրապետյանի պաշտպանությունը հենց այդ մարտավարության վրա էլ կառուցված է, ինչը նշանակում է, որ Քոչարյանի «ուղերձն» առայժմ աշխատում է։ «Առաջին լրատվական»-ին տված հարցազրույցում Մայրապետյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը ընդգծել է, որ Սամվել Մայրապետյանը ոչ մի կապ չունի Ռոբերտ Քոչարյանի հետ։ «Եթե ասեք Արմեն Գևորգյան, ապա կասեմ՝ այո, նրանք ընտանիքներով մտերիմ են, ընկերներ են, հարազատություն կա, բայց Մայրապետյանը Քոչարյանին չի ճանաչում։ Ես դա կարող եմ միանշանակ պնդել»,- ասել է Սիրունյանը։
Սիրունյանն, անշուշտ, բարձրակարգ փաստաբան է ու բնավ մտադիր չենք կասկածի տակ դնել նրա մասնագիտական որակները։ Սակայն փաստաբանի առաքելությունն իր պաշտպանյալին արդարացնելն է, իսկ մերը՝ հասարակությանն օբյեկտիվ տեղեկատվություն տալը։
Վստահ ենք, որ շուտով իրավապահների բացահայտումները պարզորոշ ցույց կտան, որ Քոչարյանն ոչ միայն ճանաչում է Մայրապետյանին, այլ նաև էական փայ ունի էլիտար շենքերի կառուցման նրա բիզնեսում։ Բացի այդ՝ չնայած այն հանգամանքին, որ Ռոբերտ Քոչարյանը պրովինցիալ տեսակ է ու առանձնապես աչքի չի ընկնում նրբանկատությամբ, սակայն գոնե կարծում ենք՝ այնքան գիտակցում էր իր կարգավիճակի կարևորությունն, որպեսզի կաշառք չվերցներ անմիջականորեն՝ այդ «սուրբ» գործը թողելով իր աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանի «փխրուն» ուսերին, որի հետ Մայրապետյանը «ընտանիքներով մտերիմ են, ընկերներ են, հարազատություն կա»։
ՀՔԾ-ի լռությունը ու Քոչարյանի տագնապը հուշում են, որ առաջիկա օրերին պաշտոնաթող նախագահին կառաջադրվի նոր մեղադրանք ու կպարզվի, որ նա ոչ միայն մարդկանց սպանելու սառնասիրտ հրամաններ է արձակել, այլ նաև դրան զուգահեռ՝ լցրել է սեփական գրպանները։