ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն առաջարկում է սպասել եւ տեսնել, թե ինչ զարգացումներ կլինեն վարչապետի հրաժարականից հետո: Անդրադառնալով ՀՀԿ-ական այն 17 պատգամավորներին, ովքեր կողմ են, որ դեկտեմբերին տեղի ունենան արտահերթ ընտրություններ, Բաղդասարյանն ասաց. «Նորմալ է, մեր կողմից որեւէ մեկին պարտադրանք չի եղել՝ միանալու կամ չմիանալու: Խմբակցության նիստի ժամանակ մենք դեմ ենք եղել դեկտեմբերին ընտրությունների գնալու համար»,- նշեց նա եւ ավելացրեց, որ տեղյակ չէ՝ արդյո՞ք պատգամավորների վրա իշխանությունների կողմից ճնշումներ եղել են, թե՞ ոչ:
ՀԺ-ի հարցին՝ ինչպես է վերաբերվում Գեւորգ Կոստանյանի այն հայտարարությանը, որ նա սատարում է Նիկոլ Փաշինյանին, Բաղդասարյանն ասաց. «Ես անակնկալի չեմ եկել, բոլոր հայտարարություններին փիլիսոփայորեն եմ մոտենում»:
Վահրամ Բաղդասարյանը հստակ չասաց՝ ՀՀԿ-ն արտահերթ ընտրություններին մասնակցելու է, թե՝ ոչ: Միայն նշեց՝ եթե իրենք կարողացել են իշխանության տարիներին օպերատիվ աշխատել, ուրեմն հաջողությունների կհասնեն նաեւ ընդդիմադիր դաշտում: Հարցին՝ առանց ՀՀԿ-ի խորհրդարանն ինչպիսին կլինի, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Տխուր»: