Հարցազրույց Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ
-Պարոն Շարմազանով, Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այսօր երեկոյան կարևոր հայտարարություն է անելու, ենթադրվում է, որ դա վերաբերելու է իր հրաժարականին։ Նախ՝ ի՞նչ կարծիք ունեք դրա մասին, երկրորդ՝ նրա այս մի քանի ամսվա գործունեությունն ինչպե՞ս եք գնահատում, ի՞նչ փոփոխություններ եղան։
– Նախ՝ մի բան ֆիքսենք, թե ինչպես Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության. Նա իշխանության եկավ ճնշումների և շանտաժի արդյունքում։ Չմոռանանք, որ Հանրապետության հրապարակում նա նշեց՝ կամ Հայաստանը չի ունենա վարչապետ, կամ ինքը կընտրվի վարչապետ։ Սա ոչ այլ ինչ է, քան շանտաժ պետությանը։ Երկրորդ՝ Նիկոլ Փաշինյանն ուներ երկու ճանապարհ. առաջին՝ լինել կառավարության և ողջ հայ ժողովրդի վարչապետ և սպասարկել բոլորի շահերը, այդ թվում նաև՝ նրա քաղաքական կարծիքը չկիսողների վարչապետը։ Երկրորդ՝ լինել հեղափոխական կոմիտեի նախագահ, ինչպես նեոբոլշևիկները, և սկսել ռեպրեսիաների շարք։
Կառավարության ծրագիրը ներկայացնելու ժամանակ ես նրան ասացի, որ ունի երկու ճանապարհ, բայց, ցավոք սրտի, նա ընտրեց երկրորդ ճանապարհը՝ դարձավ ոչ թե վարչապետ, այլ հեղկոմի նախագահ։ Հեղկոմը կառավարությունից տարբերվում է մի կարևոր բանով, որ, եթե կառավարությունը նախկին կառավարությունների լավագույն փորձը պահպանում է և լավի վրա ավելացնում, ապա հեղկոմները գալիս են՝ անկախ նրանից՝ լավ է, թե վատ, բոլոր արժեքները ջնջում են, կատարված աշխատանքը ջնջում են, ցեխ են շպրտում նախկինի վրա, նշում, որ միակ ճիշտ ճանապարհը իրենք են։
Տնտեսական քաղաքականության մեջ Փաշինյանը Հանրապետության հրապարակից խոստանում էր, որ Հայաստանում կլինի թռիչքային զարգացում, բայց մենք տեսանք, որ այս ընթացքում ոչ միայն թռիչքային զարգացում չեղավ, այլ նույնիսկ այն չնչին տնտեսական աճը, որ այսօր գոյություն ունի, շնորհիվ ՀՀԿ կառավարության իներցիայի է։ Որևէ լուրջ աշխատատեղ չի ստեղծվել, որևէ ներդրում չի ապահովվել, որևէ ներդրումային խոստում չկա։ Որպեսզի ՀՀ քաղաքացիները էյֆորիկ ֆոնից դուրս չգան, նա այդ ամենի մեղավոր հռչակեց Ազգային ժողովին, նշելով, որ, եթե ԱԺ-ն իրենը լինի, եթե այնտեղ մեծամասնություն ունենա, ներդրումներ էլ կգան, աշխատատեղեր կստեղծվեն։ Դա ծիծաղելի է։ Արձանագրում ենք, որ այս 6 ամսվա ընթացքում տնտեսության մեջ Փաշինյանը ոչ ներդրումներ է ավելացրել, ոչ էլ աշխատատեղեր։ Հաշվի առնելով Ալավերդիում, Թեղուտում և Ամուլսարում ստեղծված իրավիճակը՝ մենք շատ լուրջ խնդիրներ ունենք աշխատատեղերի կրճատման հետ։ Ամուլսարի դեպքում գործ ունենք նաև ներդրումային վտանգի հետ։
Հայաստանը ժողովրդավարության զարգացման առումով ունեցավ շատ լուրջ նահանջ։ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 17-ի իր ելույթում Հայաստանում սպանեց բազմակարծությունն ու ժողովրդավարությունը, իշխանությունների տարանջատման սկզբունքը։ Նա իր հայտնի ելույթում սպառնալիքներ հնչեցրեց իր քաղաքական ընդդիմախոսների, դատական իշխանությունների հասցեին, ԱԱԾ-ով վախեցրեց իր ընդդիմախոսներին, իսկ քաղաքապետի նախընտրական քարոզարշավի ժամանակ ավելի հեռուն գնաց և հասարակությունը բաժանեց սևերի և սպիտակների։ Սա անթույլատրելի է։
Փաշինյանի կառավարությունն սկսեց միջամտել դատական իշխանության աշխատանքներին, որը փաստ է. մենք տեսանք և՛ ձայնագրություններով, և՛ նրա արած հայտարարությամբ։ Երկրորդ՝ կոպիտ միջամտեց օրենսդիր իշխանության՝ ԱԺ-ի աշխատանքներին՝ պաշարելով ԱԺ-ն, պրեսինգի ենթարկելով ԱԺ պատգամավորներին։ Սա ոչ այլ ինչ է, քան Սահմանադրության խախտում և միջամտություն ՀՀ օրենսդիր մարմնի՝ անկախ աշխատելու իրավունքին։
Արցախի հիմնահարցում Փաշինյանը չունի որևէ հայեցակարգ։ Արցախում մի բան է ասում, ասում է՝ Հայաստանը հակամարտության կողմ է, հետո սրբագրում է։ ԱԺ-ում Աշոտյանի հարցին ի պատասխան՝ ասում է՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հայտարարություն են տարածել, որտեղ ԼՂ կարգավիճակն է քննարկվում, հետո 1 ժամ անց լրիվ այլ հարցի ի պատասխան՝ ասում է, թե հողերը հանձնում են։ Եվ ամենակարևորը՝ Փաշինյանն իր անձնական և կուսակցական ու խմբային շահը ավելի վեր է դասում, քան Հայաստանի Հանրապետության շահը։
Նա ՄԱԿ-ի ամբիոնից ՀՀ նախկին իշխանություններին հայտարարեց ավտորիտար ռեժիմ այն դեպքում, երբ բոլոր միջազգային կառույցներում Հայաստանն իր ժողովրդավարական արժեքները հակադրում էր Ադրբեջանի ավտորիտար ռեժիմին, այն դեպքում, երբ ԵՄ-ն այդ «ավտորիտար» ռեժիմի ներկայացուցիչների հետ ստորագրում էր պատմության մեջ ամենաաննախադեպ համաձայնագիրը ՀՀ-ի և ԵՄ-ի միջև։ Այդ ի՞նչ ավտորիտար ռեժիմ էր։ Եթե ավտորիտար ռեժիմ էր, բա Փաշինյանն իր «թավշյա հեղափոխությունն» ինչպե՞ս արեց։ Ավտորիտար ռեժիմի ժամանակ Փաշինյանը կարո՞ղ էր խմբակցություն ունենալ և խմբակցության ղեկավար լինել։ Հիմա նա կանգնում և ասում է, թե ավտորիտար ռեժիմ էր. դա անթույլատրելի հայտարարություն էր։
Այս ամիսները ցույց տվեցին, որ անկախ ժողովրդական էյֆորիայից, այսօր ունեցած իր բարձր հեղինակությունից՝ ակնհայտ է, որ մենք ունենք ոչ թե կառավարություն, այլ հեղկոմ, և այս 5-6 ամսվա ընթացքում Փաշինյանն ավելի շատ սխալներ գործեց, քան Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ միասին վերցրած։
– Մի շարք խնդիրներ թվարկեցիք, այսքանից հետո լինելու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, և Ն. Փաշինյանը կարծես թե մնալու է իշխանության, ընտրություններին իր ուժը ձայների մեծամասնությունը կստանա, ինչպես դա ցույց տվեցին Երևանի ավագանու ընտրությունները։ Դուք ի՞նչ եք պատրաստվում անել, որո՞նք են լինելու Ձեր կուսակցության քայլերը։
– Մեր կուսակցությունը կքննարկի, կտեսնենք քաղաքական վիճակը։ Այսօր Ընտրական օրենսգիրքը կլինի Ազգային ժողովում, չնայած՝ այս տեսքով, այս հապճեպության, առանց կանոնակարգային կողմը պահելու, առանց նորմալ նախնական քննարկման՝ ԸՕ քննարկումն ինձ համար անթույլատրելի է։ Սա ոչ թե ԸՕ քննարկում է լինելու, այլ ԸՕ քննարկման ֆարս է լինելու, որովհետև կառավարությունն ուզում է «պտիչկա» դնել, թե խորհրդարանական ուժերի հետ քննարկել է։ Այդպես չի լինում։ Ընտրական օրենսգիրքը պետք է լուրջ փորձաքննություն անցնի, լսումներ պետք է լինեին, այս ընթացքում պետք է քաղաքական ուժերի հետ աշխատեին։ Ոչ մեկի հետ չեն աշխատել, այսօր բերում են, ասում են՝ սա է. էս ի՞նչ անհարգալից վերաբերմունք է ԱԺ-ի նկատմամբ։
Հասկացանք՝ լեգիտիմություն ունեք, այսօր ժողովուրդը ձեր կողքին է, բայց սա ժողովրդավարությո՞ւն է, թե՞ դիկտատուրա։ Նման հաստատուն քայլերով մենք գնում ենք դիկտատուրա, սա է խնդիրը։ Ես կարծում եմ, որ ՀՀ քաղաքացիները պետք է գիտակցեն՝ այն ճանապարհը, որով գնում է Փաշինյանը, ճիշտ ճանապարհ չէ։
Իմ անձնական կարծիքը շատ պարզ է՝ համապետական ընտրություններին քաղաքական ուժը պետք է մասնակցի, մանավանդ՝ այնպիսի ուժը, ինչպիսին ՀՀԿ-ն է, որը շատ հզոր լիդերներ է ունեցել՝ Աշոտ Նավասարդյան, Անդրանիկ Մարգարյան, Վազգեն Սարգսյան, այսօրվա մեր նախագահ Սերժ Սարգսյանը, ունի պրոֆեսիոնալ թիմ, նվիրված կուսակցականներ, և ամենակարևորը՝ ունենք ասելիք և անելիք։ Մասնակցության ֆորմատի վերաբերյալ վերջնական քննարկում կանցկացնենք և կհայտարարենք։
– Այս էյֆորիկ ֆոնին ՀՀԿ-ի շանսերն ինչպե՞ս եք գնահատում։
– Իհարկե, ժամանակը քիչ է, ընտրված ժամանակը որևէ քաղաքական ուժի համար հարմար չէ, բացի Փաշինյանի ուժից։ Բայց քաղաքական ուժը պետք է պատրաստ լինի ցանկացած քաղաքական զարգացման։ ՀՀԿ-ն և՛ ասելիք, և՛ անելիք ունի, ունենք շատ լավ թիմ, լավ երիտասարդներ, պրոֆեսիոնալ կազմ, և կարծում եմ՝ ՀՀԿ-ն կարող է իր ասելիքը տեղ հասցնել հանրությանը, իսկ եթե հանրությանը տեղ հասցնի իր ասելիքը, հանրությունը ճիշտ ընտրություն կկատարի։
– Հանրությունն արդյո՞ք ցույց չտվեց, որ մերժում է ՀՀԿ-ին, գարնան դեպքերը կարծես հենց դրա մասին են փաստում։
– Ես իշխանափոխության վերաբերյալ ունեմ իմ ուրույն կարծիքը, չեմ ուզում դրան անդրադառնալ։ Պետք չէ ամեն ինչ կարճ ժամանակահատվածում նայել։ Ես հանրություններ եմ տեսել, որոնք ձեռքի վրա բերել են, հետո երկու տարի անց գիլյոտինի են ենթարկել, ինչպես Ռոբեսպիերին, ես հանրություններ եմ տեսել, որոնք ձեռքի վրա բերել են, հետո տասնամյակներով անիծել են, ինչպես Հիտլերին, ես հանրություններ եմ տեսել, որոնք ձեռքի վրա բերել են, հետո անունն էլ չէին ուզում լսել, ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանի դեպքում էր։
Այսինքն՝ պետք չէ ապրել այսօրվա օրով, վաղն էլ է գալու։ Որպես պատմաբան՝ ասեմ, որ պատմաբանները գնահատականներն այսօր չեն տալիս, ցանկացած իրադարձությունից հետո ժամանակ է անցնում, որպեսզի կարողանան ճիշտ գնահատական տալ։ Հիմա մի շտապեք գնահատական տալ, մանավանդ, որ Փաշինյանը, բացի պոպուլիստական քայլերից, բացի հեղափոխական էյֆորիկ տրամադրություններ տարածելուց՝ որևէ այլ բան չի անում։ Հենց տեսնում է՝ էյֆորիկ տրամադրությունները նվազում են, մի հատ թվացյալ կոռուպցիոն սկանդալ, ասֆալտին փռելու կոչ, նոր իվենթ է անում, լայվ է մտնում։
Կոնկրետ հարց եմ տալիս՝ այս ընթացքում գնաճ կա՞, թե՞ ոչ. կա։ Միսը քանի՞ տոկոսով է թանկացել, քանի՞ աշխատատեղ է բացել, քանի՞ ներդրում է բերել, ժողովրդի մատից ի՞նչ փուշ է հանել։ Խոսում է հայ-ռուսական հարաբերություններից, ի՞նչ ես արել, մեր բերածի 15-20 տոկոսի չափով զենք բեր Հայաստան, Հայաստանի բանակն ուժեղացրու, նոր կխոսես։
– Պարոն Շարմազանով, այս ընթացքում Նիկոլ Փաշինյանի կառավարության գործունեությունը հիմնականում ՀՀԿ-ն է քննադատել։ Այսինքն՝ միայն ՀՀԿ-ն է լինելո՞ւ ընդդիմություն, թե՞ այլ ուժերի էլ եք տեսնում։
– Եթե իրական ընդդիմության մասին է խոսքը, ապա ընդդիմությունը նա է, ով քննադատում է, և քննադատում է փաստարկված, իսկ նա, ով ծափահարում է կառավարությանը, չի կարող լինել ընդդիմություն։ Իսկ մենք տեսել ենք, որ բացի Դաշնակցությունից, այն էլ՝ որոշակի վերապահումներով, չկա այլ խորհրդարանական կամ արտախորհրդարանական ուժ, որը քննադատի այսօրվա կառավարությունը, իսկ ֆեյք ընդդիմություններ կարող են լինել։
Եթե «Լույս» դաշինքին ընդդիմություն եք համարելու, որտեղ իրար հերթ չտալով՝ Փաշինյանին գովաբանում են, եթե «Ծառուկյան» դաշինքը, որը հիմնականում պաշտպանում է հեղափոխության գաղափարները, հետո երկու օր անց դառնում է ընդդիմություն, հետո էլի ասում է, թե պաշտպանում է, գնում են և հուշագիր են ստորագրում, իրե՞նք են ընդդիմություն լինելու, թե՞ ՕԵԿ-ը կամ ՀԱԿ-ը։ Մենք կունենանք պառլամենտ, որտեղ ընդդիմություն գրեթե չկա։
Պետք է բալանս լինի, իշխանությունն ու ընդդիմությունը պետք է ուժեղ լինեն, քաղաքական պայքարն էլ պետք է լինի գաղափարական, ծրագրային։ Այսօր կառավարությունը չունի ծրագիր, Փաշինյանի քաղաքականությունը պոպուլիստական է։ Սա է խնդիրը։