«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Եվրոպա-Ասիա բիզնես ֆինանսական կենտրոն» հոլդինգի նախագահ Աշոտ Գրիգորյանը, որը հանդես է գալիս «Նաիրիտ» գործարանի վերաթողարկման համար ներդրումային ծրագրերով։

– Պարոն Գրիգորյան, մինչ խոսելը «Նաիրիտ» գործարանի վերականգնման աշխատանքների մասին, կուզեմ Ձեր կարծիքը լսել Հայաստանի տնտեսության ներկա վիճակի, հնարավոր ներդրումային ծրագրերի հնարավորության մասին։ 

– Ուրեմն ասեմ, որ տնտեսության ոլորտում միակ փայլուն նախարարը, ում հետ մենք աշխատել ենք ու ասել՝ փառք Աստծո, Արծվիկ Մինասյանն էր, որն այսօր այդ պաշտոնին չի այլևս։ Հաջորդ անգամ եթե ինձ հրավիրեն 1in.am ուղիղ եթերում ելույթ ունենալու, ես կդիմեմ իմ բոլոր հայրենակիցներին, ովքեր հսկայական թվով էլեկտրոնային նամակներ ու հաղորդագրություններ էին ուղարկում ձեզ մոտ տեղի ունեցած իմ երկու ելույթներից հետո, և կներկայացնեմ այսօրվա իրականությունը. կասեմ, որ այնպես, ինչպես ներկայացրել եմ, այդպես չեղավ, ցավոք: Եթե կառավարության երիտասարդ ներկայացուցիչներն ուզում են այսպես շարունակել, ապա իրենց վերջը ես շատ մոտալուտ ժամանակներում տեսնում եմ.  կա՛մ իրենք հրաժարական կտան ու իրենց տեղը կզիջեն պրոֆեսիոնալ կառավարությանը, կա՛մ իրենց կստիպեն հրաժարական տալ:

Սա զավեշտալի է, որովհետև մեր այսօրվա խնդիրը ներդրողներ գտնելն է:Կիսատ-պռատ հուշագրից հետո «Նաիրիտ»-ի հարցում դեռևս ոչ մի քայլ չի արվել: Բայց ես չեմ կարող ասել, որ մեր առաջիկա այցը պետք է անարդյունք լինի, քանի որ չգիտենք՝ ով է նոր նշանակվող տնտեսության զարգացման նախարար, նրա հետ հանդիպում չենք ունեցել: Չի բացառվում, որ պրոֆեսիոնալ ու բանիմաց անձնավորություն լինի: Ես ասեմ, որ աշխատում եմ Եվրամիության բարձրագույն մակարդակի վրա՝ առաջին երկու դեմքերի հետ, ունեմ շփումներ ՌԴ-ի հետ, բայց ոչ առաջին դեմքերի մակարդակով: Երկու կենտրոններում էլ ինձ լսում են, գիտեն մեր ներկայացրած ծրագիրը Հայաստանի արդյունաբերության զարգացման վերաբերյալ: Ի դեպ, այդ ծրագիրը եվրոպական երկրներում ավելի լավ են ընդունել, քան Հայաստանում: Եվրոպական երկրներում հիանալի են հասկանում մեր առաջարկի իմաստը, բարձր են գնահատում, ոգևորվել են: Եվրամիության դեսպանությունը Հայաստանում հրաշալի մարդկանցից է կազմված, և այնպես են ինձ սատարում, որ ես հիացած եմ: Այսօրվա իշխանությունը փոխանակ զբաղվի կենսական կարևորագույն խնդրով՝ տնտեսության փրկությամբ, արդյունաբերության վերականգնմամբ, մանավանդ որ երկրագնդի վրա մի հատ հոլդինգ են գտել, որ դա սատարում է, զբաղվում են ոչ կարևոր հարցերով:

Չգիտեմ՝ դուք լսել եք, թե չէ, բայց ՀՀ ԱԳՆ-ն իմ դեմ կոմպրոմատ է բաց թողել, ամենազզվելի բամբասանքներով՝ մանավանդ, եթե ասեմ, թե դա որտեղից է գալիս, ցանկացած հայրենասեր կթքի ԱԳ նախարարի երեսին: Իմ դեմ նյութը վերցված է և  հրապարակվել էր 2004 թվականին ադրբեջանական կողմից վարձատրված Սլովակիայի փոքրիկ հեռուստատեսություններից մեկով, որի տևողությունն ընդամենը 1,5 րոպե էր: ԱԳ նախարարն ու իր փողոցային մակարդակի աշխատողներն առանց անհարմար զգալու սա վերցնում ու ներկայացնում են իմ դեմ: Պատկերացրեք զավեշտը՝ Աշոտ Գրիգորյանը, որը ներկայանում է դեսպան Սլովակիայում, դիմել է Սլովակիայի նախագահին՝ հրավիրելով Հայաստան: Այ քեզ հիմարություն: Այն, որ ես իսկապես հրավիրել եմ Սլովակիայի նախագահ պարոն Գաշպարովիչին 2004 թվին Հայաստան, ազերիների համար սարսափելի բան էր: Այո, ես հրավիրել եմ նախագահ Գաշպարովիչին Հայաստան ու տասնյակ ուրիշ խոշոր սլովակների բերել եմ Հայաստան: Դուք ինչո՞ւ եք վերցնում ազերիների սուտը առ այն, որ ես որպես դեսպան եմ հանդես եկել, և ներկայացնում որպես իրականություն: Ես ինչպե՞ս կարող եմ ներկայանալ որպես դեսպան, երբ որ Սլովակիայում դեսպանություն այն ժամանակ չկար: Երկրի նախագահը ձեր չափ խելք չունե՞ր, որ ասեր՝ պարոն, ի՞նչ դեսպան, կամ ես այդքան հիմա՞ր եմ՝ գնամ ներկայանամ որպես դեսպան: Ես դատի եմ տվել և՛ ՀՀ արտաքին գործերի նախարարությանը,  և՛ Չեխիայում ու Սլովակիայում ՀՀ դեսպանին, և՛ «Գոլոս Արմենիի»-ն, որտեղ հրապարակվել էր:

Նրանք խարդախություն են արել ու 2004 թվականի դեպքը ներկայացրել են որպես 2014 թվականի ու ներկայացնում են ազերիների բամբասանքը: Եվ ՀՀ ԱԳ նախարարի ու խոսնակի մակարդակով սա բաց է թողնված: Գիտե՞ք, ազերիներն ինչու դա 2004 թվականին բաց թողեցին, որովհետև 2004 թվականի նոյեմբերին ես պառլամենտում դնելու էի Հայոց ցեղասպանության հարցը, որը դրեցի ու անցկացրեցի: 2004 թվականի օգոստոսին, ՊՆ-ի պատասխանատուները շատ լավ գիտեն, ես լիցենզիա ստացա Սլովակիայի բանակից 10 հատ ՍՈՒ-25 Հայաստան բերելու: Ազերիները դրա համար էին խելագարվել: Օգոստոսին ես այդ լիցենզիան ստացա, հոկտեմբերին նրանք այդ սուտ ինֆորմացիան բաց թողեցին: Ազերիները գրեցին՝ իբր ես 8 մլն դոլար  մարդկանց չեմ վերադարձնում: Այո, ես 8 մլն վարկ եմ ունեցել  10 տարով, որը 4-րդ տարում փակել եմ: Հայկական ԱԳՆ, դուք չե՞ք ամաչում, դուք ազերիների ԱԳՆ եք և նրա՞նց եք սատարում:

– Ինչո՞վ կբացատրեք ԱԳՆ-ի կողմից նման քայլը: 

– Այդ հարցը նրանց կտաք, խնդրում եմ: Մի հատ իրենց ասեք, որ Գրիգորյանն ասում է՝ դուք  ազգադավ գործունեությամբ եք զբաղվում, երբ   ձեր դեսպանները փոխանակ զբաղվեն հայրենանվեր գործերով, զբաղվում են այս կարգի գործերով: Չեխիայում հայ դեսպանը նույնպես հարցազրույց է տվել ու նման բաներ հայտարարել իմ մասին: Ես իրենց դատի եմ տվել: Չէի բարձրաձայնի այս մասին հիմա, բայց քանի որ առիթ ունեմ ձեր լրատվականի հետ խոսելու, որը Հայաստանում միակ ազատ մամուլն է, բոլորից հարցազրույց վերցնում եք, ճշմարտության հետևից գնում եք, ցանկանում եմ առաջինը ձեր միջոցով ներկայացնել այս բացառիկ հայտարարությունը: Մի հատ դիմեք ԱԳ նախարարին՝ ի՞նչ իրավունք ունեք հայ ազգի ամենագործունյա և հայտնի հայրենասեր եվրոպացի լոբբիստներից մեկին վարկաբեկելու ու ազերիների նյութը ներկայացնեու որպես իրականություն: Եվ դուք ուզում եք, որ Հայաստան ներդրողնե՞ր գան, պարոն ԱԳ նախարար: Ես հայտարարում եմ, որ բացի մեզանից՝ ոչ ոք Հայաստան ներդրումների համար ոտք չի դրել և չի դնի, եթե ես իրականությունը ներկայացնեմ  ու խոսեմ: Մինչ այսօր ես լռում էի, մտածելով՝ կհասկանան, կհերքեն, չէ՞ որ մեր ներդրումների ծրագրերը կախված են առաջին ներդրողի արձագանքից: Եվ ահա առաջին ներդրողի արձագանքը, հասկանո՞ւմ եք: Իրենք ազերիների նյութի ծավալը 10 րոպեի են հասցրել, զարգացրել են, որ նայեք՝ կզարմանաք: Մենք հիմա մեկ-մեկ կդատենք իրենց: ՀՀ հարգելի կառավարություն, հարգելի վարչապետ, որ ասֆալտին ես փռում մարդկանց, քո նախարարին ու դեսպանին ինչո՞ւ ասֆալտին չես փռում: Ի դեպ՝ դեսպանին մենք մեղադրել ենք նրա համար, որ ազերիների մահաբեր զենքը Սլովակիայից Թել Ավիվով հասավ Բաքու, իսկ ինքը դրա մասին բացահայտ խոսեց միայն գործարքը ավարտվելուց հետո: Մի հատ բերանը չի բացել: Ես բազմիցս ասել եմ՝ ազերիները մահաբեր զենք են տեղափոխում կեղծ ճանապարհով Սլովակիայից՝ 2017 թվականի սեպտեմբերից սկսած, և գործարքն ավարտվեց 2018 թվականի հունիսի 30-ին:

Դանից հետո հուլիսի մեջ նա տալիս է հարցազրույց: Ինչո՞ւ, ինչո՞ւ ես սպասում գործարքն ավարտվի՝ նոր հարցազրույց տաս: Ես 5-6 անգամ խոսել էի այդ մասին: Ի՞նչ իրավունքով եք դուք թույլ տալիս, որ ազերիները Սլովակիայի նման բարեկամ երկրից զենք տանեն Բաքու: Ինքնաթիռները թռել են Բրատիսլավա-Թել Ավիվ-Բաքու: Թել Ավիվում փոխել են թղթերը ու վերջին օգտագործողը գրել են Բաքու: Եթե Սլովակիայում գրեին Բաքու, դա սկանդալ կլիներ: Ի՞նչ է, դեսպանը չգիտե՞ր այդ մասին, եթե չգիտեր՝ ինչո՞ւ է դեսպան աշխատում: Իսկ եթե գիտեր ու դեմը չի առել, ուրեմն գուցե անձնական շահագրգռվածություն ունի և կամ անգործունյա՞ է: Ես հայտարարում եմ, որ Պրահայում Բաքվի դեսպանը սարսափելի լկտիաբար կաշառում է բոլորին:

Ամբողջ դիվանագիտական աշխարհը գիտի, թե ինչ փողեր է բաժանում Ադրբեջանի դեսպանը: Մեր դեսպանի պատահաբար անգործությունն իմ մեջ կասկածներ է հարուցում: Թող մարմինները պարզեն, զբաղվեն այդ հարցով, թե ինչո՞ւչի կարողացել նա դրա դեմն առնել: Ուրեմն նա հանցագործ անգործունյա է: Եթե մեր ԱԳ նախարարությունն աշխատեր, վայրկենապես կկարողանային կասեցնել դա, քանի որ նման գործարքներ կատարելն արգելված է: Եվ իմ դեմ կոմպրոմատ են բաց թողել, որ ես չասե՞մ այդ մասին: Ես իրենց արածը որակում եմ որպես պետական դավաճանություն: Այո, կա կասկած, որ կատարվել է հանցագործ անտարբերության հետևանքով լուրջ ազգային շահերի դեմ քայլ:

– Պարոն Գրիգորյան, կոնկրետ «Նաիրիտ»-ի գործով ի՞նչ զարգացումներ կան այս պահին: Աուդիտը շարունակվո՞ւմ է: Դուք առաջիկայում նախատեսում եք Հայաստան այցելել, և «Նաիրիտ»-ի հարցն այդ այցի մեջ ինչպիսի՞ ընդգրկվածություն ունի: 

– Մենք գալու ենք մոտակա տասնօրյակում Հայաստան, սարսափելի զայրացած ենք, որ ԱԳ նախարարությունը «Նաիրիտ»-ի դեմ այդ նյութը թողեց: Կարծում ենք, որ սա ուղղված էր հենց «Նաիրիտ»-ի վերագործարկման դեմ նաև: Մենք Եվրամիության մակարդակով ներկայացրել ենք գործարանի վերագործարկման ծրագիրը: Աուդիտ անում ենք: Մինչև վերջ գնալու ենք: Ոչ մի ուժ մեզ չի կարող կանգնեցնել: Մեր մեջքին ժողովուրդն է կանգնած, որովհետև այսօր ամբողջ աշխարհում հայ ժողովուրդը հասկանում է, որ տնտեսության փրկությունը արդյունաբերության վերականգնումն է: Մենք վերականգնելու ենք «Նաիրիտ»-ը, Վանաձորի Քիմկոմբինատը, որը ևս մեր ծրագրերի մեջ է, այնուհետև ռազմավարական մի շարք ծրագրեր, որոնց փակագծերը չեմ բացի: Այնուամենայնիվ, շնորհիվ որոշ հայրենասեր հայերի գործն առաջ է գնում: «Նաիրիտ»-ը մենք բացելու ենք, ինչքան էլ Տիգրան Սարգսյանն ու ԱԳ նախարարությունն իրենց պատռեն ու փորձեն դրա դեմն առնել: Ես ակնարկով ձեզ հասկացրի, թե ովքեր են կանգնած «Նաիրիտ»-ի դեմ արշավանքի հիմքում: Բնական է՝ Տիգրան Սարգսյանի համար սա մահ է, նաև Սերժ Սարգսյանի համար: Զարմանալի է, որ ԱԳ նախարարն իրենց ջրաղացին ջուր է լցնում: Մենք մինչև վերջ գնալու ենք: Հիմա պատրաստում ենք շրջանակային պայմանագիրը և սպասում ենք տեսնենք՝ ո՞վ կլինի նախարարը, որպեսզի քննարկումները սկսենք:

Հայաստանի տնտեսության վերականգնման մեր ծրագրի նկատմամբ այլընտրանքային հանդիսացող բոլոր ծրագրերը չեն կարող լինել առաջատար մեր կողմից առաջարկվող արդյունաբերության վերականգնման ծրագրի նկատմամբ: Ի՞նչ է «թվային տնտեսությունն» առանց տնտեսության իրական հատվածի. մերկ թագավորի հանդերձանք: Այն օժանդակ գործիք է:

Ծրագիրը մշակելիս մենք հիմնվել ենք այն փաստի վրա, որն ակնհայտ է վերջին 25 տարիների արդյունքներից. ազգային հարստությունը ստեղծվում է միայն տնտեսության արդյունաբերական և արտադրական իրական հատվածների հիման վրա: Որպես օրինակ կարելի է բերել Գերմանիան ու Սլովակիան: Նրանք ունեն եկամուտներ և արտահանման մեծ ծավալներ:

Դրա հիման վրա ու շուրջ են ձևավորվում և՛ կրթությունը, և՛ մշակույթը: Թատրոնը, երաժշտությունը՝ հոգևոր սնունդի պահանջմունքն ավելի բնորոշ է նրանց, ովքեր գիտեն, որ իրենց աշխատանքի արդյունքներն ամրապնդում են ժողովրդին և պետությանը, այլ ոչ թե սպասարկման ոլորտի տանջված ծառայողներին: Թող այդ մարդիկ չվիրավորվեն իմ խոսքերից: Համեմատեք Հայաստանը Մերձբալթյան երկրների հետ, որտեղ չի եղել պատերազմ, բայց քայքայված է արտադրության ոլորտը: Երկրները ստանում են որոշակի լրավճարներ ԵՄ-ից և ԱՄՆ-ից, սակայն աշխատանք չկա, երիտասարդներն ընդմիշտ հեռացել են, և նույնիսկ ռուսական տարանցումն է վերացել: Անհրաժեշտ է Հայաստան վերադարձնել ակտիվ և տաղանդավոր մարդկանց, իսկ նրանց աշխատանք է հարկավոր:

Աղբյուր՝ 1in.am

loading...