«Սասնա ծռեր» կուսակցության հիմնադիրներից Գարեգին Չուգասզյանը հայտարարել է, որ նորաստեղծ այդ կուսակցությունը հավակնում է լինել երկրորդ ուժը խորհրդարանում: Նա ասում է, որ չեն վիճարկում Նիկոլ Փաշինյանի առավելությունը՝ նկատի ունենալով այն հաջողությունը, որ Փաշինյանն արձանագրել է թավշյա հեղափոխությանը, իսկ ահա մյուս ուժերի հանդեպ իրենց առավելությունն էլ համարում են իրական և հավանական: Հիմքն այն է, ըստ այդ մոտեցման, որ իրենք սատարում են Նիկոլ Փաշինյանին:

Գարեգին Չուգասզյանը հայտարարել է, որ պետք է այնպես անեն, որպեսզի օլիգարխիկ ուժերը չհայտնվեն խորհրդարանում: Նա այդ ուժերի շարքում թվարկում է ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ եռյակը: Մոտեցումը լիովին հասկանալի է, ընդ որում՝ բավական ռացիոնալ:

Այս պահին մի կողմ թողնենք այն, որ այս ուժը, այս կուսակցությունը դեռևս ունի ՊՊԾ գնդի գրավման առնչությամբ հանրության տարբեր շերտերում առկա բազմաթիվ հարցերին պատասխանելու և թերևս շատ բաներ խոստովանելու անհրաժեշտություն՝ կապված մի շարք, մեղմ ասած, հակասական իրողությունների հետ: Ավելորդ է խոսել երեք ոստիկանների սպանության հանգամանքների մասին, որոնք ունեն թե՛ բարոյական, թե՛ իրավական հստակ պատասխանի անհրաժեշտություն: Ներկայումս դիտարկենք այդ կուսակցության քաղաքական գործունեության հնարավոր կորագիծը, և դրանում որդեգրվում է բավականին ռացիոնալ, հաշվենկատ մարտավարություն:

Հարցն այն է, թե նրանք ինչպես են ծրագրում հաղթել միմյանց՝ Փաշինյանի դե՞մ հանդես գալով և այդպես հավակնելով հասարակության ձայնի, թե՞ միմյանց դեմ հանդես գալով: Եվ այստեղ, իհարկե, ակնհայտ է, որ Սասնա ծռերը առաջ է անցել մյուս ուժերից՝ հայտարարելով Փաշինյանին աջակցելու և նրա հաղթանակը հենց սկզբից ճանաչելու մասին և հստակ հայտարարելով իրենց խնդիրը՝ պայքար նախկին համակարգի առանցքային ուժերի դեմ: Այսինքն՝ ծռերը մի կողմից փորձում են օգտվել Փաշինյանի հանդեպ հանրային համակարգի թեկուզ ստվերից, մյուս կողմից՝ ուղղակի կարող են հասարակությանն, այսպես ասած, սիրաշահել նախկին համակարգի դեմ կոշտ պայքարի տրամաբանությամբ: Իսկ նրանք թերևս հանդես կգան այդ դիրքերից՝ հավակնելով հասարակության այն մասի ձայնին, որը Փաշինյանի հետ էր, սակայն այս ընթացքում որոշակիորեն տարակուսել է նրա, այսպես ասած, մեղմ գործողություններից: Իսկ հասարակության շրջանում կա մի ստվար շերտ, որը, իհարկե, դեմ էր նախկին համակարգի դեմ զենքով պայքարին, կամ անձամբ այդ պայքարը մղելուն կամ դրան միանալուն, սակայն, այսպես ասած, տանը նստած հաճույքով քվե կտա այդ պայքարի, ռադիկալ գործողությունների կողմնակիցներին:«Սասնա ծռերը» չի գնում Նիկոլ Փաշինյանի հետ որևէ բան վիճարկելու՝ միանգամայն ողջամտորեն գնահատելով, որ դա ավելորդ է և անիմաստ ու կորստից բացի չի տա ոչինչ: Փոխարենը, ծռերն իրենց առաջարկում են որպես Փաշինյանի, այսպես ասած, թիկունք պահող կամ եթե կուզեք՝ «սևագործ» ուժ, որը պատրաստ է իր վրա վերցնել մյուս ուժերի, մասնավորապես ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ եռյակի դեմ պայքարը, եթե, իհարկե, եռյակը մասնակցի ընտրությանն ամբողջությամբ: ՀՀԿ մասնակցության մասով թերևս կան մեծ կասկածներ: Ընդ որում՝ երևի թե ավելորդ չի լինի դիտարկել նույնիսկ ՀՅԴ մասնակցության նպատակահարմարությունը: Այստեղ ծռերի «առաջարկն», ըստ էության, այլընտրանք էլ չունի նրանց համար: Վերջին հաշվով, հստակ է, որ բոլոր մյուս ուժերի խնդիրը լինելու է միմյանց հաղթելը, որովհետև գլխավոր հաղթողի հավակնորդը պարզ է և միարժեք: Այնպես որ, նրանց պայքարը լինելու է իրար, ոչ թե Փաշինյանի դեմ:

Այդպիսով, թերևս անկասկած է, որ խորհրդարանի մուտքի հնարավորության ու երկրորդ տեղի համար «Սասնա ծռեր» կուսակցությունը կապավինի հենց այդ շերտին, թեև, իհարկե, ոչ միայն: Նրանք կփորձեն նաև այլընտրանք առաջարկել նրանց, ովքեր Նիկոլ Փաշինյանի համակիր չեն, բայց նաև չեն ուզում նախկին համակարգից որևէ մեկին:

Այս տեսանկյունից, իհարկե, բավական բարդ վիճակում են հայտնվում մյուս ուժերը: Եթե նրանք բաց խաղով դիմակայության մեջ մտնեն ծռերի հետ, ապա այստեղ կա հաղթելու թերևս մի շանս՝ ՊՊԾ գնդի գրավման հանգամանքը աշխատեցնել նրանց դեմ և առաջ քաշել ու գեներացնել ամենատարբեր, այսպես ասած, խորհրդապահական վարկածներ: Եվ այստեղ պետք է նկատել, որ ուշագրավ երանգ կարող է ստանալ այն, որ ծռերի զինակից, սակայն կուսակցությանը չմիացած և դեմ հանդես եկած Պավլիկ Մանուկյանը անում է բավականին աղմկոտ և անսպասելի հայտարարություններ: Եթե նա դրանցով փորձի դառնալ նախընտրական շրջանի, այսպես ասած, դերակատարներից, ապա այստեղ կարող են խնդիրներ առաջանալ ծռերի համար, որից էլ կարող են օգտվել երկրորդ տեղի համար նրանց մրցակիցները:

Այս իմաստով, իհարկե, սպասվում է բավականին հետաքրքիր ու թեժ պայքար, սակայն հիմնականում քաղաքական ծրագրային գաղափարական հարթությունից դուրս, ավելի շատ բնորոշ, այսպես ասած, ընդդիմություն-իշխանություն նախկին հարաբերությանը, որն արտահայտվում էր ընտրական գործընթացի անվան տակ տեղի ունեցող փուլերում: Պարզապես տարբերությունն այն է, որ ֆորմալ իմաստով այս դեպքում պայքարը կլինի ընդդիմություն-ընդդիմություն ֆորմատով, որովհետև իշխանությունն այս դեպքում դրանից և մրցակցությունից դուրս է, ընդ որում՝ այսպես ասած, առանց իշխանական դիրքը չարաշահելու:

Աղբյուր՝ 1in.am

loading...