«Հրապարակի» խմբագրություն էր դիմել մի քաղաքացի, ով պնդում էր, որ իրենց՝ 27 տարեկան լրացած որդին, ով չի բնակվում Հայաստանում և ում նկատմամբ հետախուզում է հայտարարված ցանկանում է վերադառնալ Հայաստան։
Նման դեպքերի համար օրենքը նախատեսում էր, որ քաղաքացին պետք է վճարի 1 մլն 800 հազար դրամ, սակայն, ինչպես մեզ տեղեկացրեց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, այդ հրամանը շուրջ 1 տարի է չի գործում, և նոր օրենքի համաձայն պետք է վճարվի շուրջ 3 մլն 600 հազար դրամ գումար։ Մինչդեռ քաղաքացին պնդում է, որ զինկոմիսարիատում իրեն ասել են, որ այդ գործարքը դեռ հնարավոր չէ կատարել, քանի որ 2017 թվականի դեկտեմբերից այս կողմ նախարարի հրաման չի եղել, և իրենք սպասում են նոր հրամանի, այն դեպքում, երբ կա գործող օրենք․
«Եթե իրենք գտնվում են հետախուզման մեջ, դիմում են զինկոմիսարիատ, կամ իրենց վստահված անձն է լիազորագրով դիմում, և ընթացակարգը իրենց բացատրվում է, իսկ իրականում մոտ 6 ամիս տևում է գործընթացը։ Դա օրենք է, որը գործում է մինչև եկող տարվա առաջին կեսի ավարտը, բայց հնարավոր է՝ փոփոխություն կրի»։
Նշենք, որ ժամանակին քննադատությունների արժանացավ 1 մլն 800 հազարի գումարի չափը, մասնավորապես նշվում էր, որ դրանով չի լուծվում սոցիալական արդարության հարցը, քանի որ ժամանակին չծառայելու համար Հայաստանը լքած քաղաքացիները վճարում են այդքան գումար և նրանց նկատմամբ հետախուզումը դադարեցվում է։Իսկ շա՞տ են դեպքերը, երբ 3 մլն 600 հազար դրամը վճարվել է․ «Վիճակագրություն այս պահին չունեմ, բայց այո։ Մոտ մեկ տարի է, որ դարձել է 3 մլն 600 հազար, դիմումները այնքան են, որքան եղել են 1․8 մլն-ի ժամանակ, էական տարբերություն չկա»,-նշեց Հովհաննիսյանը։