Արարատ Միրզոյանը ճիշտ կանի ցինիզմի դաշտից վերադառնա, Սերժ Սարգսյանը Արցախի հերոս է, Արցախի ինքնապաշտպանական ուժերի հրամանատարն է եղել, այսօր որ ինքը անվտանգ ապրում է Հայաստանում, դա, նախ եւ առաջ Սերժ Սարգսյանի եւ նրա նման գործիչների հմուտ քաղաքականության արդյունքում է։

Այս մասին NEWS.am–ի հետ հարցազրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով առաջին փոխվարչապետ Միրզոյանի՝ նախօրեի հայտարարությունը, թե անգամ նախկին ՀՀԿ–ականներին են դիտարկում իրենց կադրային ռեզերվում, իսկ Սերժ Սարգսյանի մասին լրագրողի հարցին պատասխանեց՝պարզ է, չէ՞ որ Սերժ Սարգսյանին Կոտայքի մարզպետի  պաշտոնը  չի առաջարկվի։

«Հո մարզպետ չէինք տալու… նախ՝ տվողը դուք չեք, Սերժ Սարգսյանը եթե ուզենար՝ կմնար ու ինքը ընտրված վարչապետ էր, երկրորդը՝ Սերժ Սարգսյանը եղել է, կա ու կմնա Հայաստանի բացառիկ պետական մտածողություն ունեցող պետական այր»,–ասաց Էդուարդ Շարմազանովը։Շարմազանովը նկատեց, որ առնվազն քաղաքական կոռեկտությունը պահանջում է, որ պարոն առաջին փոխվարչապետը նախկին նախագահների մասին այդպիսի բաներ չասի։

Հանրապետական կուսկացության անդամներին պաշտոններ տալուն անդրադառնալով՝ ՀՀԿ մամուլի խոսնակը նշեց, որ ինքնանպատակ պաշտոններ ստանալուն էլ են դեմ, ինքնանպատակ պաշտոնակռվին էլ, ինքնանպատակ պաշտոններից հրաժարվելուն էլ.

«Ամեն ինչի տակ պետք է լինի գաղափար, ամեն ինչի տակ պետք է լինի Հայաստանի շահը, Հայաստանի շահը ինչպես կպահանջի, այնպես էլ կլինի։ Ամեն ինչ պիտի լինի արժանապատիվ, հիմքում ունենալով ոչ թե ՔՊ–ի կամ ՀՀԿ–ի շահը, այլ ՀՀ շահը։ Մենք եւ Սերժ Սարգսյանը վարվել ենք այդպես, իրենք ինչպես կվարվեն, առնվազն այս 6 ամիսը ցույց է տվել, որ իրենք իրենց կուսակցական եւ խմբային շահը գերադասել են պետական շահից»։

Հունան Պողոսյանի՝ Սյունիքի մարզպետ նշանակելը Էդուարդ Շարմազանովը որեւէ կերպ չմեկնաբանեց, պարզապես ասաց, որ եթե Հունան Պողոսյանը ընդունել է առաջարկը, ուրեմն ինքը շնորհավորում է։

loading...