Կապանում ելույթ ունենալով քաղաքապետի թեկնածու Նարեկ Բաբայանի նախընտրական քարոզարշավին, Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետ ընտրելու դրդաատճառներին: «Երբ ես 2017-ին իմ թեկնածությունն էի դնում Երևանի քաղաքապետի ընտրություններում, ասում էին՝ բայց ինքը Երևանցի չի: Տեղային հայրենասիրությունն ամենավտանգավոր բանն է, որ մենք կարող եքն ունենալ: Ես բազմիցս ասել եմ, որ ես իջևանցի եմ այնքան, որքան երևանցի, կապանցի, արարատցի, վանաձորցի և այլն:
Այդ թեման կրկին շահարկում են, թե ինչու Սյունիքի մարզպետը սյունեցի չէ: Նախ, դա աննախադեպ չէ, և եթե մենք ընդունում ենք, որ Երևանի քաղաքապետը կարող է լինել ոչ Երևանում ծնված, ուրեմն պետք է ընդունենք Սյունիքի պարագայում: Սյունիքը ոչ պակաս կարևոր է, քան Երևանը, որովհետև եթե Երևանը Հայաստանի ու ողջ հայութան գլուխն է, ապա Սյունիքը ողջ Հայաստանի, հայության, անգամ Արցախի ողնաշարն է: Սյունիքով է անցնում ՀՀ-ն Իրանի-ի հետ կապող միակ ճանապարհը: Որը որոշ մարդիկ 5 հոգով փորձել էին փակել: Իմիջիայլոց, մենք ունենք 2 բաց սահման՝ Վրաստանի և Իրանի հետ: Վրաստանի հետ 3 ճանապարհ ունենք 3 մարզով՝ Շիրակի, Լոռու ու Տավուշի: Իրանի հետ միակ ճանապարհը Սյունիքով անցնող ճանապարհն է: Սա մեկ պատճառ՝ ստրատեգիական նշանակությունը պատկերացնելու համար:
Երկրորդ պատճառը. ցավոք սրտի, և այդ երևույթն անձամբ ինձ շատ-շատ անհանգստացնում է և ինձ շատ անհանգստացնում է դրա հետագա ծավալումը, եթե մենք դա չկանխենք: Ցավոք սրտի, Սյունիքով շատ հաճախ արձանագրվում է թմրամիջոցների շատ մեծ ներհոսք Հայաստան: Դրա մի մասը դուրս է գալիս Հայաստանից՝ վտանգելով մեր երկրի հեղինակությունը, մի մասն էլ մնում է Հայաստանում՝ վտանգելով մեր երիտասարդությանը: Ինձ համար կարևոր խնդիր է՝ ջարդել այդ նարկոթրաֆիքի ողնաշարը: Այսօր էլ Կապանում, զբոսանքի ժամանակ, մոտանում են և ասում, որ այստեղ փորձ է արվում վերականգնել օլիգարխիական հին տրամաբանությունը: Այստեղ բավականին ծանրակշիռ է կրիմինալի ազդեցությունը: Մենք չենք կարող թույլ տալ, որ ազատագրված Հայաստանի ողնաշարում այսպիսի երևույթները զարգանան:
Երբ մտածել եմ Սյունիքի մարզպետի թեկնածուի մասին, հասկացել եմ, որ այդ մարդը պետք է լինի զինվորական բարձրագուն կոչում ունեցող մարդ, որ կարողանա ոտքերի վրա պինդ կանգնել, որ կարողանա ոտքի վրա պինդ կանգնել ու պետք եղած դեպքում ձեռքը խփել սեղանին: Այո, ես կանգ եմ առել Հունան Պողոսյանի թեկնածության վրա:
Նրա հետ վերջին անգամ մենք առնչվել ենք փշալարերից այն կողմ: Հունան Պողոսյանն ինձ մեքենա նստեցրեց, ուղարկեց հիվանդանոց: