Անցնող շաբաթվա ընթացքում Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց կուսակցություն ստեղծելու մտադրության մասին։ Երկրորդ նախագահի մտադրությունն ուշագրավ է մի քանի ասպեկտով, մանավանդ որ նրա դերակատարության մասին տրամագծորեն տարբեր դիրքորոշումներ կան։

Ոմանք Ռոբերտ Քոչարյանին համարում են հակահեղափոխության ռևանշի հիմնական քաջալերողը՝ կարծիք հայտնելով, որ հենց նա է կանգնած հին համակարգի ռեստավրացիայի կողմնակիցների նշանային մի քանի «պուտչերի» հետևում։

Օրինակ՝ արժանահավատ է թվում այն կարծիքը, որ ՀՀԿ խմբակցությունը մայիսի 1-ին Նիկոլ Փաշինյանի վարչապետությանը կոնսոլիդացված դեմ քվեարկեց հենց Քոչարյանի հրահանգավորմամբ։ Համենայն դեպս, Սերժ Սարգսյանը նման բան անելու մոտիվ չուներ, հակառակ պարագայում՝ ապրիլի 23-ին առնվազն լուռ կհեռանար, առանց նոր իշխանության քաղաքական հասցեականությունն ընդգծելու։ Երբ Սերժ Սարգսյանն ասում էր, որ ինքը սխալ է, Նիկոլ Փաշինյանը ճիշտ է, ոչ միայն ազդարարում էի իր հրաժարականի մասին, այլ՝ ըստ էության, փակում էր քրեաօլիգարխիկ համակարգն այլ գործիչների կողմից կոնսոլիդացնելու ճանապարհը։ Այլ խոսքով՝ Սերժ Սարգսյանը կապիտուլացվում էր հենց Նիկոլ Փաշինյանի առաջ, ինչը ենթադրում էր, որ, օրինակ, Կարեն Կարապետյանը չի կարող ՀՀԿ կողմից առաջադրվել վարչապետի պաշտոնում։ Այդպես էլ եղավ, մյուս կողմից՝ հին համակարգում առաջացավ վակուում, որը եկավ լրացնելու Ռոբերտ Քոչարյանն ու մայիսի 1-ի «խռովությունը» հենց դրա դրսևորումն էր։


Հենց այս համատեքստում երկրորդ նախագահը հայտարարեց կուսակցություն ձևավորելու անհրաժեշտության մասին։ Ընդ որում՝ նրա այս քայլը նույնքան հակասական է։ Այն հանգամանքը, որ Քոչարյանը չի մասնակցելու խորհրդարանական առաջիկա ընտրություններին՝ վկայում է նրա նահանջի մասին ու այս հարթության վրա կուսակցության ստեղծումը կարող է ընկալվել՝ որպես նահանջի հիմնավորում, քողածածկույթ, որը թաքցնում է երկրորդ նախագահի քաղաքական կապիտուլյացիան։ Մյուս կողմից՝ կուսակցության ստեղծումով Ռոբերտ Քոչարյանն ինստիտուցիոնալիզացնում է իր հավակնությունները, ռևանշիզմը՝ նոր իշխանության հետ հակադրությունը դարձնելով երկարատև դիմակայություն։ Երկու վարկածներն էլ ճշմարտության իրավունք ունեն, մանավանդ որ մենք, ըստ էության, տեղեկացված չենք Քոչարյանի իրական մտադրությունների մասին։Նույնը կարելի է ասել հոկտեմբերի 2-ի խորհրդարանի «գիշերային» նիստի մասին, որի հետևանքներն, ի դեպ, կանխվեցին ոչ միայն հեղափոխության հուժկու հարվածով, այլ նաև՝ Գագիկ Ծառուկյանի ու Սերժ Սարգսյանի միջամտությամբ, որոնք ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն, ըստ էության, դուրս բերեցին Քոչարյանի ռևանշիզմի ճիրաններից։

Սկզբունքորեն Քոչարյանը վերջին ամիսներին կորցրել է անհատական, քաղաքական սուբեկտությունը՝ դառնալով Վլադիմիր Պուտինի ու Նիկոլ Փաշինյանի ոչ այնքան միանշանակ հարաբերությունների պատանդը։ Ու այս կոնֆիգուրացիայում Քոչարյանը ստանձնել է ռուսական ազդեցության գործակալի ամոթալի դերակատարությունը՝ իր ճակատագիրը, քաղաքական հեռանկարը հանձնելով Պուտինի քմահաճությանը։ Պաշտոնաթող նախագահը կարող է ցանկացած պահի «զոհաբերվել», եթե Մոսկվան որոշի ժեստ անել Հյաստանի իշխանությանն ՝ առանց սկզբունքային քաղաքական զիջումների։ Մյուս կողմից՝ Քոչարյանը կարող է դառնալ Պուտինի մահակը, երբ Փաշինյանի հետ կոշտ լեզվով խոսելու անհրաժեշտություն առաջանա։ Իսկ սա նշանակում է, որ Քոչարյանի դեմքով հակահեղափոխության ռևանշի զուտ հայաստանյան դրսևորումը պարտվել է, ու երկրորդ նախագահի գործոնն ավելի շատ հայ-ռուսական բազմաշերտ հարաբերությունների դրվագներից մեկն է։

Կուսակցության ստեղծման մասին Քոչարյանը հայտարարեց արտահերթ ընտրությունների անխուսափելիության համատեքստում։ Ժամանակը պատահական ընտրված չէր։ Քոչարյանը փորձում է նոր խաղ սկսել, որվհետև քրեաօլիգարխիկ խորհրդարանի լուծարումից հետո ավելի ակներև է դառնալու նրա շրջափակումը, համենայն դեպս՝ նա կորցնում է հնարավոր ազատազրկման դեպքում խորհրդարանական պաշտպանություն ստանալու հեռանկարը, իսկ այդ հանգամանքը թուլացնում է նրա դեմ հարուցված գործի քաղաքական բաղադրիչը։ Մյուս կողմից՝ գործող խորհրդարանի լուծարումը Մոսկվային զրկում է Հայաստանում եկբևեռ համակարգ ունենալու հնարավորությունից, որը թույլ է տալիս ամբողջովին վերահսկելի դարձնել Հայաստանի իշխանությանը։ Ռուսական պետական լրատվական գործակալության հարթակում Քոչարյանը հենց այդ ժամանակ բացահայտ ուղերձ է հասցեագրում Մոսկվային, որ իր ստեղծելիք կուսակցությունը կարող է դառնալ նոր երկբևեռ համակարգի երկրոդ առանցքը։ Ինչիսին կլինի Մոսկավայի արձագանքը՝ թերևս պարզ կլինի դեկտեմբեր ամսին, երբ Վճռաբեկ դատարանում նախատեսվում է Քոչարյանի խափանման միջոցի քննությունը՝ դառնալով հերթական լակմուսի թուղթը հայ-ռուսական հարաբեություններում։

Համենայն դեպս, միայն վճռաբեկ դատարանի նիստից հետո է հնարավոր խոսել Քոչարյանի քաղաքական մտադրությունների լրջության մասին։ Եթե նա կալանավորվի, դա կդառնա հակահեղփոխության պարտության խորհրդանշանական փաստը, հակառակ պարագայում՝ Քոչարյանը քաղաքական դաշտում գեներացնելու է երկարատև դիմակայություն՝ ամբողջովին ինտերգրվելով ռուսական նոր մարտավարությանը։

Աղբյուր՝ 1in.am

loading...