Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ մի քանի օրից Հայաստան կժամանի Դոնալդ Թրամփի մեկ այլ խորհրդական։ Սարգսյանը նաև հավելել է, որ հայ-ամերիկյան օրակարգը զարգացնելու լուրջ հեռանկար ունենք։ Նա, հավանաբար, Երևանում կլինի հաջորդ շաբաթվա սկզբին։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, մանրամասնելով իր գրառումը, Սարգսյանը նշեց. «Երևան է ժամանելու Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական Ռուդի Ջուլիանին։ Նա Հանրապետական կուսակցության կարկառուն ներկայացուցիչներից մեկն է, եղել է Նյու Յորքի քաղաքապետը, իսկ այժմ Թրամփի խորհրդականն է կիբեռհանցագործությունների դեմ պայքարի հարցերով, նաև ԱՄՆ նախագահի անձնական իրավաբանն է, իրավական հարցերի պատասխանատուն է և զբաղվում է բոլոր այն խնդրահարույց հարցերով, որոնք ի հայտ են գալիս Թրամփի մոտ։ Նա բավականին ազդեցիկ գործիչ է, մտերիմ հարաբերություններ ունի ԱՄՆ նախագահի հետ և Երևան է գալիս՝ մասնակցելու «Եվրասիական շաբաթ» միջոցառմանը, հանդես է գալիս զեկույցով»։

Ըստ Սարգսյանի՝ նրա միջոցով հնարավոր կլինի կապ հաստատել ԱՄՆ նախագահի ադմինիստրացիայի հետ. «Այցը տարածաշրջանային չէ, գալիս է կոնկրետ Երևան, բայց, անկեղծ ասած, տեղեկություններ չունեմ՝ արդյոք հանդիպելու է բարձրաստիճան պաշտոնյաների հետ կամ ում հետ է հանդիպելու։ Բայց գիտեմ, որ Ջուլիանին Երևանում կլինի մոտ երկու օր»։

Միևնույն ժամանակ Սարգսյանը նշում է՝ այցը չպետք է դիտել ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների այցերի հետ նույն համատեքստում. «Բոլթոնը, օրինակ, տարածաշրջանային այցով է գալիս, այսինքն՝ տարածաշրջանում Միացյալ Նահանգների շահերը պաշտպանելու, իսկ Ջուլիանիի այցը մասնավոր է, գալիս է միայն Երևան, և առայժմ չկա տեղեկություն՝ արդյոք որևէ բարձրաստիճան պաշտոնյայի հետ այց նախատեսվում է, թե ոչ»։Սուրեն Սարգսյանը հավելում է. «Ես կարծում եմ՝ կիբեռհանցագործությունները չափազանց կարևոր երևույթ են և դրանց դեմ պայքարը ևս կարևոր է։ Միացյալ Նահանգներում մի քանի մեծ կառույցներ են պայքարում կիբեռհանցագործությունների դեմ՝ անվտանգությունը սպասարկող մի քանի ստորաբաժանումներ։ Մեզ մոտ կիբեռհանցագործությունները ևս ակտուալ թեմա է, բայց օգտակար կլիներ, որպեսզի նրա հետ աշխատեինք ոչ միայն կիբեռհանցագործությունների դեմ պայքարի ոլորտում, այլ որպես կոնտակտ Միացյալ Նահանգների բարձրագույն ղեկավարության հետ։ Նա Թրամփի մտերիմ ընկերն է, նրա նախընտրական արշավի մեջ մեծ ներդրում է ունեցել և նրա հետ պետք է ակտիվ աշխատել»։

Աղբյուր՝ 1in.am

loading...