Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ կապով դիմել է քաղաքացիներին և նրանց հետ խոսել ընթացիկ ներքաղաքական վիճակի մասին, այդ թվում՝ ՏԻՄ ընտրության, խորհրդարանում ստեղծված վիճակի և իր հրաժարականի հետ կապված ռիսկերի մասին: Հրաժարականը, իհարկե, արդեն կա, և լրանում է 14-օրյա հայտնի ժամկետի կեսը:
Նիկոլ Փաշինյանը դրա շեմին խոսել է այն ռիսկերի մասին, որոնք կապված են մյուս ուժերի, այսպես ասած, վարչապետի թեկնածու առաջադրելու հետ: Փաշինյանը դրանք դիտարկել է տեսական, սակայն խոսել այդ մասին, թերևս հասկանալի պատճառով: Հատկանշական է, որ այդ մասին խոսակցությունը տեղի է ունենում ՏԻՄ ընտրության հաջորդ օրը և խորհրդարանում Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումներին զուգահեռ:
Բանն այն է, որ ՏԻՄ ընտրության առումով մեծ ուշադրության է արժանացել Կապանում ՔՊ թեկնածուի պարտությունը, որին սատարելու համար Կապան հանրահավաքի էր մեկնել նաև Նիկոլ Փաշինյանը: Դրան զուգահեռ, Հանրապետական կուսակցությունը հոկտեմբերի 22-ին խորհրդարանում, ըստ էության, բոյկոտի կամ սաբոտաժի է փորձում ենթարկել նոր Ընտրական օրենսգրքի կամ օրենսգրքում փոփոխությունների նախագծի ընդունումը: Արդյո՞ք ՀՀԿ այդ քայլը պատահական է, թե՞ ազդված է Կապանի արդյունքով: Իհարկե, դժվար է ասել, առավել ևս, որ ՀՀԿ, որպես այդպիսին, գոյություն չունի, և այստեղ ընդամենը իրարամերժ տարբեր խմբավորումների գործողություններ են մեկ ֆորմատի ներքո:
Ընդ որում, այդ իմաստով դարձյալ կա հատկանշականություն ՏԻՄ ընտրության ֆոնի հետ կապված: Բանն այն է, որ նախօրեին տեղի ունեցած ընտրություններում հասարակությունը, առնվազն այն մարդիկ, որոնք որոշել են մասնակցել ու քվեարկել, տեսել են, այսպես ասած, իրենց քվեի ուժը, տեսել են, որ ունեն ընտրություն կատարելու իրավունք և կատարում են ընտրություն, ոչ թե գնում որևէ գործարքի: Դրանից հետո Նիկոլ Փաշինյանը հիշեցնում է հանրությանը, որ իշխանությունը ես չեմ՝ իշխանությունը դուք եք, ու դա չափազանցություն չէ: Եվ առնվազն այն 43 տոկոսը, որը նախօրեին մասնակցել է ՏԻՄ ընտրությանը, գործնականում է համոզվել, որ իշխանությունն ինքն է, այդ թվում նաև Կապանում ոչ իշխանական թեկնածուին ընտրելով քաղաքապետ: Ահա այդ համատեքստում է նաև, որ այդ ընտրությունն էլ, խոշոր հաշվով, Նիկոլ Փաշինյանի հաղթանակն է նաև հանրության հետ միասին՝ խորհրդարանի արտահերթին ընդառաջ:Այդուհանդերձ, հենց դա էլ կարող է լինել հանգամանք, որը կառաջացնի Կապանում ՏԻՄ ընտրության և խորհրդարանում ՀՀԿ սաբոտաժի միջև, այն էլ վարչապետի հրաժարականից հետո առաջին յոթնօրյակի ժամկետի լրանալուն պես: Անշուշտ, այդ ամենը դարձյալ գտնվում է ռիսկերի տեսականության գերակայության ներքո, և պրակտիկ առումով, իհարկե, չկա որևէ նախադրյալ, որը կարող է խոսել ավելի լայն և համակարգված որևէ պլանավորման մասին, սակայն զոնդաժի նշաններ կան, և այդ ֆոնին Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերը, ըստ էության, այդ զոնդաժին ի պատասխան կամ հնարավոր զոնդաժին ի պատասխան արված «կրակոց» էր: Նիկոլ Փաշինյանը հանրությանը տեղեկացրեց, որ անհրաժեշտության դեպքում պետք է լինել պատրաստ, և եթե առաջանա կարիք, ապա ինքը կդիմի հավաքվելու ու հանրության ուժը ցույց տալու կոչով:
Աղբյուր՝ 1in.am