Ինչու Նիկոլ Փաշինյանը կռիվ չտվեց ընտրական օրենսգրքի համար

Երեկ խորհրդարանում նոր ընտրական օրենսգրքի ընդունման համար բավարար ձայներ չհավաքվեցին: Չնայած Նիկոլ Փաշինյանը քվեարկության ձախողումը սաբոտաժ անվանեց, մարդկանց կոչ չարեց հավաքվել խորհրդարանի մոտ, որ ստիպի պատգամավորներին ընդունել նոր օրենսգիրքը:

Փաշինյանը հայտարարել է, որ ընտրություններն ամեն դեպքում լինելու են, անկախ օրենսգրքից: Լենա Նազարյանն էլ ասել է, որ Ընտրական օրենսգիրքը Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը չէ, որ պետք է: Նա նշել է, որ փոփոխություններն արվել են, որ ավելի շատ կուսակցություններ հնարավորություն ստանան մտնել խորհրդարան:

Խնդիրն իհարկե ոչ թե Դանիելն է, այլ այն, թե Քաղաքացիական պայմանագիրն ում համար էր տեղ պատրաստում խորհրդարանում եւ ով կարող է զրկվել այդ տեղից:Ըստ երեւույթին, բոլորը գոհ են մնացել, բացի Ծառուկյան դաշինքից եւ Դանիել Իոաննիսյանից, ով, բնականաբար, ափսոսում է այդքան աշխատանքի համար: Իոաննիսյանը փոփոխությունների համահեղինակն է, ամիսներ շարունակ փորձել է հասնել, որ դրանք ընդունվեն, բայց արդյունքում մեղադրել է Նիկոլ Փաշինյանին, որ վերջինս շտապել է արտահերթ ընտրություններ հայտարարելով ու հնարավորություն չի տվել ընդունել Ընտրական օրենսգիրքը:

Խոսքը Ընտրական օրենսգրքում փոփոխության մասին է, որով խորհրդարան է մտնելու նվազագույնը ոչ թե 3, այլ 4 ուժ: Տեսականորեն կարելի է պատկերացնել, որ խորհրդարանի 67%-ը կլինի ՔՊ-ինը, իսկ ընդդիմության համար գերադասելի է մնացած 33%-ը բաժանել 2, ոչ թե 3 մասի:

Եթե ենթադրենք, որ խորհրդարան կանցնեն ՀՀԿ-ն եւ Լույս դաշինքը, ապա նրանք չեն ցանկանա ընդդիմադիր տեղերը կիսել եւս մեկ ընդդիմադիր կուսակցության, օրինակ, ԲՀԿ-ի հետ:

Երեկվա քվեարկությունը տեսականորեն ուղղված էր ԲՀԿ-ի դեմ, եւ պատահական չէ, որ այսօր հենց ԲՀԿ-ն էր ստորագրահավաք նախաձեռնել ԸՕ հարցով նոր քվեարկություն անցկացնելու հարցով:

Այսօր լրատվամիջոցներում տեղեկություն է հրապարակվել, որ ԲՀԿ-ն մտադիր չէ կուսակցական ցուցակում ընդգրկել Գագիկ Ծառուկյանին, Նաիրա Զոհրաբյանին եւ անգամ Միքայել Մելքումյանին: Նիկոլ Փաշինյանը Ծառուկյանին խոշոր սեփականատեր է հայտարարել, եւ նա չպետք է մտնի խորհրդարան, իսկ Նաիրա Զոհրաբյանին, ինչպես գրում է մամուլը, կարող են դեսպան նշանակել եվրոպական երկրներում:

Ինչ վերաբերում է ՀՀԿ-ին, այստեղ հավանաբար գիտեն, որ ընտրություններից հետո խորհրդարանն անդրադառնալու է նախորդ ռեժիմին քաղաքական գնահատական տալուն: Չի բացառվում, որ ռեժիմը հանցագործ համարվի, իսկ այդ ժամանակ ՀՀԿ-ն օրենքից դուրս կհայտարարվի: Ահա թե ինչու է պետք անպայման հայտնվել խորհրդարանում, ինչը պաշտպանություն կապահովի:

Ինչ վերաբերում է Ընտրական օրենսգրքի մյուս փոփոխություններին, ապա դրանք կարելի է անել ընտրություններից հետո, հանգիստ մթնոլորտում: ԸՕ փոփոխությունները, ինչպես շատ այլ հարցեր, կարեւոր չեն որպես այդպիսին, դրանք պետք են որպես գործիք քաղաքական այլ խնդիրներ լուծելու համար: Այդ առումով ԸՕ փոփոխությունների նախագիծն արդեն կատարել է իր խնդիրները:

Աղբյուր՝ Lragir.am

loading...