Ելք խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը պատգամավորներին կոչ է արել դեմ քվեարկել Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը: Հիշեցնենք, որ հրաժարականից հետո այսօր ԱԺ-ն պետք է ընտրի նոր վարչապետ, միակ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է:

Եթե մայիսի 1-ին եւ 8-ին հանրությունը ԱԺ-ից պահանջում ու շունչը պահած սպասում էր Նիկոլ Փաշինյանի ընտրությանը, ներկայում հակառակն է պահանջվում. երկու անգամ վարչապետ չընտրելուց հետո ԱԺ-ն լուծարվելու է, տեղի են ունենալու արտահերթ ընտրություններ:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասում է, թե մարդ չգիտի ինչ անի. «Գոնե մի ուրիշի թեկնածությունն առաջարկեին, որ չքվեարկելը հեշտ լիներ: Հիմա Նիկոլ Փաշինյանին չքվեարկելը կարող է ժողովրդի մի մասի մոտ նորից առաջացնի այն տպավորությունը, որ մենք հակահեղափոխական ենք, սև ուժ ենք: Մի քիչ ընենց մթնոլորտ են ստեղծել, որ մարդ չգիտի ինչ անի, որն է ճիշտ: Մտածելու բա կա»:

Ծառուկյան խմբակցությունը հոկտեմբերի 2-ին քվեարկել է ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխությունների մասին աղմկոտ օրինագծի օգտին, հետո հուշագիր ստորագրել Նիկոլ Փաշինյանի հետ, որ ենթարկվելու է նրա օրակարգին: Բայց հոկտեմբերի 22-ին խմբակցությունը փաստորեն մասնակցել է Ընտրական օրենսգրքի տապալմանը, իսկ Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ Գագիկ Ծառուկյանը հարմար շորով չէր, դրա համար էլ ներկա չէր քվեարկությանը: Հետո Ծառուկյան դաշինքը ստորագրահավաք է սկսել ԸՕ-ն ընդունելու հարցով արտահերթ նիստ անցկացնելու համար:

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հուզված դիմել է լրագրողներին՝ ՀՀԿ-ից ի՞նչ եք ուզում, մենք ընդամենը 40 պատգամավոր ենք, այդպիսով ակնարկելով, որ «սաբոտաժը» իրենց մեղքով չի եղել:

Իր հերթին, նոր Ընտրական օրենսգրքի համակարգող Դանիել Իոաննիսյանը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանն էլ է մեղավոր, որ այն տապալվեց:

Երեկ ահա այսպիսի օր էր: Մեկ այլ պարագայում կարելի էր սա զավեշտ անվանել, սակայն ցույց է տալիս հայկական «հին» քաղաքական դաշտի ողջ թշվառությունը, որի գործունեության հետեւանքը սահմանադրական այս ճգնաժամն է: Միեւնույն ժամանակ, երեկվա օրը եւս մեկ ապացույց է այն բանի, որ անհրաժեշտ են արտահերթ ընտրություններ եւ քաղաքական դաշտի կտրուկ վերափոխում:

Այս ֆոնին, երեկ տեղի ունեցավ թերեւս միակ քաղաքական լուրջ իրադարձությունը. նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 2-ին ընդունված աղմկոտ օրինագիծը չստորագրեց եւ ուղարկեց ՍԴ:

 Նյութի աղբյուրը՝ Lragir.am

loading...