Ռեգիոնալ այցի շրջանակում հոկտեմբերի 25-ին Հայաստանի ռազմա-քաղաքական ղեկավարության հետ հանդիպումներ անցկացրած Ջոն Բոլթոնը, որը ազգային անվտանգության հարցերի ԱՄՆ նախագահի խորհդականն է, Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցում արել է անսպասելի հայտարարություն:
Նա փաստացի ասել է, որ ԱՄՆ սպառազինություն է առաջարկել Հայաստանին: «Բայց կան բացառություններ։ Եվ ինչպես ասացի վարչապետին՝ եթե խնդիրն այն է, որ ընտրություն պետք է կատարես ռուսական և ամերիկյան ռազմական տեխնիկա գնելու միջև, մենք կնախընտրեինք վերջին տարբերակը։ Մենք կարծում ենք, որ մեր տեխնիկան ամեն դեպքում ավելի լավն է, քան ռուսականը: Այնպես որ, ուզում ենք դիտարկել այդ հնարավորությունը:
Կարծում եմ, որ այն ավելացնում է Հայաստանի հնարավորությունները, երբ այն ամբողջովին կախված չէ մեկ գերտերությունից։ Ես հասկանում եմ աշխարհագրական դիրքի և պատմական իրողությունների հետ կապված հարցերը, բայց կարծում եմ՝ ժամանակն է լավատես լինելու, որ Հայաստանը կարող է ավելի տեսանելի լինել համաշխարհային ասպարեզում», հայտարարել է Բոլթոնը իր հարցազրույցում:
Այստեղ իհարկե բաց է մնում մի հարց. սպառազինության գինը: ԱՄՆ պատրա՞ստ է Հայաստանին վաճառել էժան գնով, որովհետեւ ամերիկյան ավելի լավ սպառազինությունը բնականաբար նաեւ ավելի թանկ է, քան ռուսականը: Մյուս կողմից, Հայաստանը Ռուսաստանից գնում է որոշակի արտառոց պայմաններով՝ երբեմն էժան, երբեմն վարկային մեխանիզմով եւ այլն: Այդ իմաստով գաղտնիք չէ, որ նավթագազային փողեր չունեցող Հայաստանի համար բարդ է լոկ կանխիկով ու շուկայական գնով հոգալ իր սպառազինության կարիքը: Հետեւաբար հետաքրքիր է, թե ԱՄՆ ինչ մատչելի մեխանիզմներ է առաջարկում, երբ խոսում է Հայաստանին սպառազինության ձեռքբերման դիվերսիֆիկացիայի առաջարկի մասին:Աննախադեպ է, երբ ամերիկացի առանցքային պաշտոնյան բաց տեքստով ասում է, որ Երեւանին առաջարկում են սպառազինություն, այն էլ որպես Ռուսաստանի այլընտրանք:
Մյուս կողմից, այդ խնդրից վեր թերեւս հարցի քաղաքական գինն է, քաղաքական նշանակությունը եւ համատեքստը: Ամերիկացի պաշտոնյայի բաց հայտարարությունն առերեւույթ մարտահրավեր է Ռուսաստանին, որը թերեւս խանդով կվերաբերի հանգամանքին, որ Հայաստանը ռուսական սպառազինության փոխարեն որոշակի մասշտաբով կանխընտրի ամերիկյանը:
Ըստ այդմ, ինչու՞ է Ջոն Բոլտոնը Երեւանից նետում այդ մարտահրավերը, ինչը իր հերթին կարող է խնդիր դառնալ հայ-ռուսական հարաբերության առումով, առաջացնել լարվածություն Երեւանի ու Մոսկվայի միջեւ: Ու դա այն ժամանակահատվածում, երբ Նիկոլ Փաշինյանին կարծես թե հաջողվել է չեզոքացնել հայ-ռուսական հարաբերության ուղղությամբ խնդիրներ առաջացնելու այն փորձերը, որոնցով աշխուժորեն զբաղված էր նախորդ իշխող համակարգը, ինչին մյուս կողմից ոչ պակաս աշխուժությամբ աջակցում էին թե ռուսական որոշ շրջանակներ, թե Ադրբեջանը:
Այդպիսով ստացվում է, որ Բոլթոնը նոր կայծ է առաջացնում հայ-ռուսական ուղղությամբ հրդեհի համար, որը ստիպված պետք է մարի Նիկոլ Փաշինյանը:
Իսկ Փաշինյանը հայտարարել է Պուտինի հետ հարաբերությունը կարգավորելու եւ աննախադեպ փոխվստահության եւ անկեղծության մասին: Իհարկե նա միաժամանակ նշել է, որ դա չի նշանակում, թե չկան տարբեր պատկերացումներ:
Հայաստանի հանրային, հասարակական-քաղաքական մտքի ականջին դա խորթ է, երբ Հայաստանի իշխանությունը կարող է մի կողմից ասել, որ աննախադեպ է հարաբերությունն ու շփումը, մյուս կողմից բարձրաձայնել, որ դա չի նշանակում միակարծություն բոլոր հարցերում:
Մյուս կողմից, ի վերջո ո՞րն է թավշյա հեղափոխության քաղաքական էֆեկտը, եթե դա Հայաստանին չէր տալու Ռուսաստանի հետ հարաբերության որակապես այլ վարքագծի հնարավորություն: Ընդ որում, այստեղ հարկ է շեշտել, որ Նիկոլ Փաշինյանն այդ առումով որեւէ կասկածի տակ չի դրել հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային պարտավորությունները, այլ պարզապես բարձրացրել է երկկողմ հարաբերության տիրույթում Հայաստանի ինքնիշխան շահը հաշվի առնելու հանգամանքը:
Եվ այստեղ Բոլտոնի հայտարարությունը ստանում է ուշագրավ երանգ մի քանի առումներով, հատկապես նկատի ունենալով այն, որ Երեւան ժամանելուց առաջ նա հանդիպում էր ունեցել նաեւ Պուտինի հետ:
Արդյո՞ք Բոլտոնը ոչ թե մարտահրավեր է նետում Ռուսաստանին, այլ պարզապես օգնության ձեռք, այն իմաստով, որ առաջարկում է աջակցություն ռեգիոնալ անվտանգության ապահովման հարցում, քանի որ միայն Պուտինի համար այդ անվտանգության ապահովումը կարող է լինել ծանրացող բեռ, հաշվի առնելով այն ներքին ու արտաքին խնդիրները, որ ավելանում են ՌԴ նախագահի համար մի շարք շերտերով:
Եվ այդ համատեքստում Հայաստանին ռուսական սպառազինության այլընտրանքի մասին հայտարարությունը կարող է պարունակել մի շարք շերտեր: Նախ, մի կողմից դա Մոսկվայում կարող է խթանել այսպես ասած «պատասխան» քայլ, կամ այլ կերպ ասած Հայաստանին սպառազինության մատակարարման ավելի շահեկան առաջարկ անելու անհրաժեշտություն: Այդ իմաստով, Ջոն Բոլթոնի հայտարարությունը ոչ թե խնդիր կառաջացնի Փաշինյանի համար, այլ նրան կտա Մոսկվայի հետ հարաբերություններում լրացուցիչ խաղաքարտ: Միաժամանակ, ռուսական վերնախավի որոշակի շրջանակների ու թուրք-ադրբեջանական լոբբինգ իրականացնող տնտեսա-քաղաքական կորպորացիաների դեմ, որոնք որպես ազդեցության լծակ են գործածում Հայաստանի այլընտրանք կամ գնալու տեղ չունենալը:
Ջոն Բոլթոնը Երեւանում այդ իմաստով արել է առանցքային հայտարարություն, եւ ըստ էության բուն խնդիրը ցույց տալն է, որ Հայաստանն ունի գնալու տեղ, հետեւաբար հեռանկար չունի Երեւանին անկյուն քշելու փորձը:
Աղբյուր՝ Lragir.am