Արդեն գրեթե ակնհայտ է, թե ով է Նիկոլ Փաշինյանի նշած պատգամավորը, որն աննախադեպ խոշոր կաշառք է ստացել ու առայժմ չի ձերբակալվել օտար երկրներից մեկից ուշացող ինչ-որ փաստաթղթի պատճառով։ Մամուլը բացահայտել է, որ խոսքը Բուլկի Արամ մականունով հայտնի Արամ Հարությունյանի մասին է, որը ժամանակին զբաղեցրել է բնապահպանության նախարարի պաշտոնը։
Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին բնապահպանության նախարարները նման են եղել «հաշվապահների», որոնք պարտաճանաչ վերցրել են գումարներ, դրանք մուծվել են պետության առաջին դեմքերին՝ ստանալով «ծառայության» գումար։
Կասկած չկա՝ Նիկոլ Փաշինյանի բացահայտումն իրականություն է ու հաստատ Արամ Հարությունյանն այս գործի ընդամենն առաջին օղակն է, որը շղթայական ռեակցիայի կանոնով կարող է դեպի վեր ձգվել՝ հասնելով երկրի ամենաբարձրաստիճան պաշտոնյաներին։
«Գործը վերսկսեցի թավշյա հեղափոխությունից հետո, որովհետև նախկին իշխանությունը 2016 թվականին գործը կասեցրել էր, 2017-ի մարտի 17-ին նորից կասեցրեցին։ 2017 թվականի նոյեմբերին վերսկսեցին, ու կասեցրեցին՝ առանց ինձ տեղյակ պահելու։ Երբ Դուբայի իմ ընկերներն ասացին, որ մենք ուղարկել ենք բոլոր փաստաթղթերը, որոնք ձեր քննչական մարմինը պահանջում էր, ի՞նչ եղավ այդ գործը։ Ես էլ պատասխանեցի, որ ոչինչ էլ չեղավ։ Նրանք փաստաթղթերի պատճենները ուղարկեցին ինձ, ես էլ դրանց պատճենները վերցրեցի ու դիմեցի հանրապետության դատախազին։ Ինձ կանչեցին ՀՔԾ և ասացին, որ ձեր գործը շարունակվում է։ Սա Արամ Հարությունյանի գործով»,- ասել է Սիլվա Համբարձումյանը։Ի դեպ, այսօր գործարար Սիլվա Համբարձումյանը, ըստ էության, հաստատել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։ Արամ Հարությունյանի մասով գործն ընթացքի մեջ է, ես կարծում եմ՝ շուտով դուք մանրամասները կիմանաք մամուլից, նաև ՀՔԾ-ից․ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշել է գործարար Սիլվա Համբարձումյանը, ով Արամ Հարությունյանին մեղադրում է խոշոր կաշառք վերցնելու մեջ։
Սիլվա Համբարձումյանը դարձել է յուրօրինակ լակմուսի թուղթ, որի, այսպես կոչված, փուկային ցուցմունքներով բացահայտվում են նախկինում կատարված կոռուպցիոն հանցագործությունները։ Գործարար այս կինը նախկինում կաշառք տալով կարողացել է որոշակի հարցեր լուծել, հիմա նրա ցուցմունքի հիման վրա անազատության մեջ է Ռոբերտ Քոչարյանի մերձավոր գործարար Սամվել Մայրապետյանը, շուտով վերջինիս ճակատագրին կարող են արժանանալ Արամ Հարությունյանը, բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանը, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը։ Սիլվա Համբարձումյանի ցուցմունքները կարող են դոմինոյի էֆեկտն ունենալ ու ցնցել շատերին, որովհետև դրանց համապարփակ քննությունը բացահայտելու է, որ կոռուպցիոն գործարքների հետևում կանգնած են եղել պետության առաջին դեմքերը՝ մտնելով անգամ գործարարների, օտարերկրյա ներդրողների գրպանները։
Սակայն պատգամավորի կաշառքի պատմությունն ուշագրավ է այլ բաղադրիչներով ևս, որոնք ոչ պակաս կարևոր են, քան մեծ գումարներ գրպանած պատգամավորի ինքնությունը կամ կոնկրետ քրեական գործի բացահայտումը։
Դրա կարիքը չկար, որ մինչև հարցի՝ ԱԺ բերելը վարչապետը հայտարարեր դրա մասին: Եթե սա արվեց քաղաքական նպատակներով, ուրեմն լավ չէ: Ես չեմ կարծում, որ նման հայտարարությունները պետք է առաջինը վարչապետն անի․ այսօր ասել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը ու նա այս հարցում միանգամայն ճիշտ է։ Հայաստանում հեղափոխությունից հետո ձևավորվել է արատավոր մի պրակտիկա, կամ ավելի շուտ վերածնվել է տխուր մի ավանդույթ, որը գործում էր նախկինում։
Երբ «պայթեց» գաղտնալսումների սկանդալը, Արթուր Վանեցյանն ու Սասուն Խաչատրյանը միանգամից սենսացիոն բացահայտումներ արեցին Ռոբերտ Քոչարյանի ապօրինի հարստացման կամ Մարտի 1-ի գործի մասին։ Բնականաբար, երկուսն էլ ներկայացրեցին հավաստի փաստեր, սակայն նրանց արարքն այնքան էլ մոտիվացված չէ, որովհետև ընթանում էր նախաքննություն, ու «հում» փաստերի հանրայնացումը կարող է միայն խոչընդոտել գործի համակողմանի բացահայտմանը։ Առհասարակ՝ սխալ պրակտիկա է իրավական բնույթի փաստերի շահարկումը քաղաքական նպատակներով։
Նույնն արեց Նիկոլ Փաշինյանը կաշառք վերցրած պատգամավորի դրվագով։ Դա ակնհայտ քաղաքական հայտարարություն է, որը կարող է միայն ստվերել իրավական գործընթացը։
Ասենք՝ գուցե տպավորություն առաջանա, որ վարչապետն անձամբ է ուղղորդում նախաքննությունը, ինչն արդեն կասկածի տակ է դնում զուտ իրավական գործընթացի լեգիտիմությունը։
Կամ՝ եթե բանը հասել է փաստի հրապարակայնացմանը, չարժե դա կիսատ անել՝ վարկաբեկելով մի ամբողջ պետական ինստիտուտ։ Հիմա մեր հայրենակիցները ձեռքների տակ են առել պատգամավորների ցանկը ու «կրոսվորդի» եղանակով փորձում են գտնել ճիշտ պատասխանը։ Ուրեմն՝ եթե անհրաժեշտությունը պարտադրել էր Փաշինյանին նման հայտարարություն անել, ապա պետք էր նշել թե՛ պատգամավորի և թե՛ այն պետության անունը, որի պատճառով ուշանում է «դարի կաշառքի» բացահայտումը։
Սկզբունքորեն խորհրդարանական ամբիոնը չպետք է օգտագործվի քրեական գործերի մասին խոսելու համար, սակայն եթե օգտագործվել է, ապա մնում է ենթադրել, որ խնդիրը մեկ պատգամավորով չի ավարտվում և հասնում է, ենթադրենք, Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին ու գուցե նաև արտաքին ուժերի, որոնք միտումնավոր մեր իրավապահներին զրկում են կոռուպցիոն խոշոր բուրգ բացահայտելու հնարավորությունից։
Այլ խոսքով՝ մեր իշխանության առաջին դեմքերը պետք է կողմնորոշվեն, թե արդյո՞ք իրավական հարցերը մնում են բացառապես այդ տիրույթում՝ չդառնալով քաղաքական պոլեմիկայի նյութ, թե՞ կան գործեր, որոնցում քաղաքական, այդ թվում՝ արտաքին բաղադրիչն այնքան ուժեղ է, որ անհրաժեշտ է դրանց հրապարակայնացումը։ Սակայն այդ դեպքում էլ հանրայնացումը ոչինչ չի տալիս, եթե չեն նշվում կոնկրետ հանգամանքները ու կոնկրետ մեղավորները, որոնց պատճառով կամ շնորհիվ կաշառակեր պատգամավորը մնում է ազատության մեջ։
Աղբյուր՝ 1in.am