Ռոբերտ Քոչարյանին Մարտի 1-ով «բերման ենթարկելը» քաղաքական դաշտ՝ ինքնաբերաբար առաջացրեց «լյուստրացիոն» գործընթաց. Քոչարյանին սատարող փաստաբանները, դատավորները, օլիգարխները ինքնաբացահայտվեցին կամ մեկ անգամ ևս հաստատեցին, որ իրենք եղել և մնում են քոչարյանիզմի հետևորդները՝ երկար տարիներ…

Օրերս «Հրապարակ» թերթը տեղեկացրեց, որ քոչարյանական թիմում քաղաքական ուժերի հետ հանդիպումները հիմնականում անցկացնում է Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակը,… օլիգարխիկ «սաստավի» հետ՝ Հովիկ Աբրահամյանը, հիմնականում՝ «Նացիոնալ» հյուրանոցում…»։

Հովիկ Աբրահամյանը երեք նախագահների օրոք էլ «ջրի երեսին է եղել»՝ իշխանության տարբեր աստիճանակարգերում, բայց «ջրի վրա մնալու» և մոտորանավակի արագությամբ բուրգալիքի վերնամասում հայտնվելու ու մնալու հնարավորությունը առավել ամրապնդվել է հոկտեմբերի 27-ից հետո…, երբ Արարատի մարզում և երկրում «ասող» առաջին դեմքն այլևս չկար:

Լավատեղյակները պատմում են, որ այն ժամանակ, երբ ղարաբաղյան շարժումը դեռ նոր էր սկսվել, ավտոտեխսպասարկման կայանում բանվոր աշխատող Հովիկ Աբրահամյանը զգացել է Վազգեն Սարգսյանի ազդեցությունը կռվող տղաների, ազատամարտիկների նկատմամբ: Հասկացել է, որ նա ունի լիդերի հեռանկարային հատկանիշներ և մոտ ապագայում կարող է դառնալ երկրի «դեմքերից» մեկը: Եվ ահա նրա կողքին հայտնվելու համար Հովիկ Աբրահամյանը մի փոքրիկ դիվանագիտական խաղ է սկսել…Վազգեն Սարգսյանի ընտանիքի հետ:Ինչպես է սկսվել Հովիկ Աբրահամյանի վերելքը մինչև հոկտեմբերի 27-ը:

Մի օր, դեռ 90-ականներին, նա իր ծանոթ շրջապատի միջոցով իմացել է, որ Վազգեն Սարգսյանի հայրը գնալու է Ջերմուկ՝ հանգստանալու: «Դասավորել» և այնտեղ հանգստանալու մի ուղեգիր էլ ինքն է վերցրել:

Տեղավորվել է Վազգեն Սարգսյանի հոր համար պատվիրված սենյակի հարևանությամբ, և այնտեղից էլ սկսել նրա հետ, ապա՝ նրա միջոցով հարաբերություններ հաստատել Սարգսյանների ընտանիքի հետ: Չար լեզուներն ասում են, որ այնտեղ ի սկզբանե այնքան էլ ուրախ չեն եղել՝ նրան տեսնելու ավագ Սարգսյանի ընկերակցությամբ:

Հովիկ Աբրահամյանի՝ տուն մտնելու առաջին առիթը եղել է Վազգեն Սարգսյանի հոր ծննդյան տոնը: Բանվոր Հովիկը իր խնայած փողերով ճկույթի հաստությամբ մի ոսկե շղթա է գնել Ջերմուկում ծանոթացած թանկ «ընկերոջ» համար ու գնացել նրա տուն՝ շնորհավորելու: Այդ հարաբերությունների գլխավոր նպատակը ավագ Սարգսյանի լեզվով՝ որդի Վազգենից մի փողոտ գործ ուզելն է եղել ընկերոջ համար…

Դիվանագիտական խաղը հաջողվել է, և բանվոր Հովիկը սկսել է «պաշտոնապես» «աճել». 1990-1991թթ. դարձել է Բուրաստանի կոնյակի գործարանի բաժնի պետ, 1991-1995թթ. Արտաշատի գինու-կոնյակի գործարանի տնօրեն, 1995-1996թթ. Արտաշատի քաղխորհրդի գործկոմի նախագահ, 1996-1998թթ. Արտաշատի քաղաքապետ:

Բայց այդ դանդաղ առաջխաղացումը հավանաբար այնքան էլ չի գոհացրել այլևս ոչ բանվոր Հովիկ Արգամիչին: Սակայն մարզում և հանրապետությունում հաստատուն հեղինակություն ունեցող Վազգեն Սարգսյանը, ըստ երևույթի, նպատակահարմար չի գտել նրա պաշտոնը բարձրացնել ավելին, քան կա:

Իսկ ահա Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք առաջարկված պայմաններն ավելի գայթակղիչ են եղել, և Վազգեն Սարգսյանի թիկունքում «աճած» և նրա ընտանեկան խոհանոցին, նիստուկացին լավատեղյակ Հովիկը թռիչքային առաջխաղացում է ունեցել հոկտեմբերի 27-ի արյունոտ սպանդից հետո. 2000-2001թթ. ՀՀ տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարար, 2001-2002թթ. ՀՀ տարածքային կառավարման նախարար, 2002-2005թթ. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար, 2007-2008թթ. ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար, 2008թ. ապրիլից նշանակվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, այնուհետև ԱԺ նախագահ, վարչապետ:

Իսկ հիմա, երբ Քոչարյանին մարտի 1-ով խիստ պատժի վտանգ է սպառնում, պարզվում է Հովիկը կրկին անցել է հին գործին՝ օլիգարխիկ «սաստավին» համախմբում է քոչարյանիզմի դրոշի ներքո: Հավանաբար մարտի 1-ին ժողովրդի վրա հարձակվող օլիգարխիայի թիկնապահական թևը կոորդինացնողը ևս նա է եղել:

Աղբյուր

loading...