«Այսօր Ազգային ժողովում ընտրական օրենսգրքի ձախողումը ճակատագրական նշանակություն է ունենալու բոլորիս ու երկրի համար: Բացատրեմ, թե ինչո՞ւ: Կա պարզունակ պատկերացում, թե գործող ռեյտինգային ըտրակարգն իշխանության ձևավորման օրինականության ու լեգիտիմության վրա ազդում էր միայն այն առումով, որ ռեյտինգայինների տակ առաջադրվում էին քրեական-օլիգարխիկ դեմքեր, որոնք համատարած ընտրակաշառք էին բաժանում ու գաղափարական-քաղաքական պայքարի տեղ չէին թողնում մաքուր քաղաքականության համար: Դա ճիշտ էր, բայց ամբողջը չէր:

Ու թող ոչ մեկին չթվա, թե այս վտանգները վերանում են այնքանով, որ վարչապետը և նրա թիմը արգելում են ընտրակաշառքի բաժանումը, ինչպես դա արեցին Երևանի ընտրությունների դեպքում, ու դա կանեն նաև այժմ: Բայց եկեք ողջ պրոցեսի մեջ խորանանք. ես, որպես պատգամավորության թեկնածու, իմ թիմի հետ այդ մղձավանջն ապրել եմ 2017-ի գարնանը ու գիտեմ թե վտագները որտեղ են: Ինչպես գիտեք, յուրաքանչյուր ընտրատարածքում մասնակցող ամեն մի քաղաքական ուժ պարտավոր է առաջադրել նվազագույնը 5 թեկնածու, որոնք հիմնականում մրցակցում են միմյանց հետ, իրարից ձայն փախցնում, տարածքը զոների բաժանում… մենք այդ ծեծկռտուքները տեսել ենք 2017-ին: Թե ինչպես է դա քաղաքական ուժը քայքայում ներսից, դա էլ գիտեք ու կպատկերացնեք: Բայց սա էլ մի կողմ. ենթադրենք նոր իշխանությունը և մասնակցող ուժերը դա էլ են չեզոքացնում:

Եթե ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացնում 10-ից ավելի քաղաքական ուժեր /իսկ այժմ էլ այդպես կլինի/, ապա ամեն մի ընտրատարածքում միջինում գործ ենք ունենում բոլոր ուժերից միասին վերցրած 70-90 թեկնածուների հետ: Անկեղծ ասեմ, անգամ ես չեմ իմացել, թե իմ ընտրատարածքում ովքե՞ր են այդ 90-ը: Եթե թեկնածուն չի իմանում իր մրցակիցներին, չի կարողանում վերահսկել նրանց բոլորի գործունեության թափանցիկությունը, հույսներդ կտրեք, որ շարքային ընտրողը իմանալու է: Այստեղ շահում են այն ուժերը, որոնց օգտին քվեարկելու այս կամ այն շարժառիթը կա. նախկինում ՀՀԿ-ի դեպքում ընտրակաշառքը, վարչական ռեսուրսն էին, այժմ էլ իշխող ուժի համար կլինի հեղափոխության, այն ավարտին հասցնելու գործոնը: Ու կապ չունի, թե տվյալ ուժը ում է առաջադրել՝ արժանի թե անհայտ կամ անարժան մեկին: Մարդը վերցնելու է տվյալ քաղաքական ուժի քվեաթերթիկը, իսկ մյուսներինը թափի աղբարկղ, առաց անգամ բացելու, կարդալու, որովհետև ոչ մեկ խելագառ չէ, որ դնի տեղում բոլոր 90-ի անունները կարդա: Իսկ տանն էլ հաստատ չի կարդալու ու ծանոթանալու: Այսինքն, ընտրության գնալու է ոչ ամբողջովին իրազեկված:

Ռեյտինգայինը կոչված էր իբրև թե անհատի ու ի դեմս թեկնածուի անձնական որակների տեղական ներկայացուցչականության բնույթ հաղորդել կուսակցական ընտրությանը, բայց հակառակն է եղել ու լինելու: Փողատերերն էլ այս ագամ ոչ թե փողը դնելու են ընտրակաշառք բաժանելու, այլ գերտպավորիչ ընտրական գովազդ անելու վրա. ի տարբերություն մյուսների՝ նրանք փողն էլ ունեն, թաղային ու կլիենտելական կապերն էլ: Բայց ողբերգությունը սրանով էլ չի ավարտվում. դուք պատկերացնո՞ւմ եք բանավեճ, գաղափարների պայքար 70-90 թեկնածուների միջև: Իսկ եթե չկա կուսակցական ցուցակների միջև պայքար, թեկնածուների միջև բանավեճ, արդար ու հավասար մրցակցություն, ասացեք խնդրեմ՝ ինչպե՞ս ենք կանգնելու և հայտարարելու, թե այս Ազգային ժողովն արտացոլում է ժողովրդի կամքը…. Նախ ժողովրդի կամքը ձևավորելու ազատ ու իրականության մեջ հնարավոր պայմաններ պետք է լինեն, ապա այդ կամքն ամրագրելու արդար ու օրինական մեխանիզմներ: Եթե երկրորդը կա, ինչի մասին ասացի վերևում, ապա առաջինը չկա այս արատավոր ընտրակարգի պահպանման պայմաններում:

Ու նրանք, ովքեր ամեն ինչ արեցին, որ ընտրակարգը չփոխվի, թող երբեք չասեն, թե սիրում են Հայաստանը, Հայաստանի ժողովրդին: Նրանք վերջին վատությունն արեցին Հայաստանին ու ժողովրդին: Որևէ այլ մանկական պատճառաբանություն թող չբերեն: Նրանք ծնվել ու ապրում են Հայաստանին վատություն անելու համար: Ու ցավոք արդեն տեսանելի է, որ այս ընտրակարգով հերթական ականն է դրվում ապագա իշխանության ձևավորման հիմքում: Նախկին իշխանության հեռացման հարցը լուծվում է, մինչդեռ էֆեկտիվ նորի ձևավորման հարցը մշուշոտ է…. Ափսոս»:

Ստյոպա Սաֆարյան

loading...