Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել ռուսական Լենտա ինտերնետ պարբերականին, որտեղ խոսել է նաեւ Արցախի հարցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի «չձեւավորված» դիրքորոշման մասին: Ըստ Ռոբերտ Քոչարյանի, Փաշինյանը արել է հատվածական հայտարարություններ, չունենալով ընդհանուր մշակված դիրքորոշում:

Երբ այդ մասին խոսում է Հայաստանի նախագահի պաշտոնը տասնամյակ զբաղեցրած եւ Արցախի խնդրում բանակցած, ընդ որում նաեւ Արցախի անունից բանակցած մարդը, ապա տրամաբանական հարց է առաջանում՝ իսկ ո՞րն է նրա ընդհանուր «մշակված» դիրքորոշումը: Լենտայի թղթակիցը կարծես թե չի տալիս այդ հարցը, նրան երեւի դա հետաքրքիր չէ:

Բայց Հայաստանի հանրությանը պետք է որ հետաքրքիր լինի, ի վերջո հարցը հայկական պետականության համար առանցքային գործոնի մասին է: Ընդ որում, այդ առումով թերեւս ճիշտ կլինի, որպեսզի Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում, Արցախի հարցի վերաբերյալ դիտարկումներում կիրառվի հենց գործոն, քան խնդիր բնորոշումը: Հայկական պետականության համար Արցախը խնդիր է այնքան, որքանով խնդիր է պետականությունն ինքնին: Այսինքն, այդ խնդիրը ոչ թե լուծում, այլ որոշակի իրավիճակի արձանագրում եւ անընդհատ աշխատանք, զարգացում պահանջող է, ինչպես պետականությունն ինքնին:

Արցախի հարցում հայկական «էլիտաների» դիրքորոշումն է խնդիր, որից կա ազատվելու անհրաժեշտություն: Եվ այդ դիրքորոշումը խնդիր է դարձել հենց այն պատճառով, որ պետական քաղաքականության առնվազն ֆորմալ հիմքում դրվել է հենց Արցախի «խնդրից» ազատվելու փիլիսոփայությունը՝ կամ ներքին «գաղափարական» համոզումով, կամ պարզապես մանր խորամանկության վրա հիմնված քաղաքական տրամաբանությամբ:Արցախի գործոնը ժամանակակից եւ հատկապես ներկայում բավական արագ եւ անկանխատեսելի փոխվող աշխարհում հայկական պետականության ռազմավարական արժեք ձեւավորող գործոն է: Իսկ այդ արժեքը՝ պետական անվտանգության եւ զարգացման առանցքային նախադրյալ ու անհրաժեշտություն:

Ահա այդ իմաստով է կարեւոր դառնում հարցը Ռոբերտ Քոչարյանին՝ իսկ նրա՞ մշակված ամբողջական դիրքորոշումը որն է: Արդյոք Մադրիդյան սկզբունքները, որոնք նրա նախագահության ավարտին ընդունեց նրա արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը, որպես այսպես ասած բանակցության հիմք: Սկզբունքներ, որոնք իհարկե դեռեւս հրադադարից անմիջապես հետո Հայաստանի իշխանության ընդունած տրամաբանության պարզապես նոր մոդելավորում էր, գուցե փոքր ինչ ավելի, կամ փոքր ինչ վատը՝ ըստ ճաշակի կամ քաղաքական նպատակահարմարության, բայց ռազմավարական տեսանկյունից հայկական պետականության համար հավասարապես վտանգավոր:

Եթե Ռոբերտ Քոչարյանի համար պատկերացումը կամ դիրքորոշումն այդ սկզբունքները չէին, ապա արդյո՞ք դա էլ իր հերթին նշանակում է, որ 2007 թվականի վերջին դրանք նա իր արտգործնախարարի միջոցով ընդունել է իբրեւ «վրեժ» Սերժ Սարգսյանից, որը 2007 թվականի մայիսին խափանեց Ռոբերտ Քոչարյանի ներքաղաքական պլանը, այդ թվում ԲՀԿ միջոցով խորհրդարանի մեծամասնությունը փոխելու եւ արտգործնախարար Վարդան Օսկանյանին նախագահի թեկնածու առաջադրելու մտադրությունը:

Ռոբերտ Քոչարյանն արդյոք նախագահության ավարտին ընդունեց «մադրիդյան սկզբունքները» որպես բանակցային հիմք, լավ պատկերացնելով, որ այդ հիմքով բանակցությունն արդեն ընկնելու է Սերժ Սարգսյանի վրա:

Մյուս կողմից, իսկ ի՞նչ հիմքով է բանակցել ինքը՝ Ռոբերտ Քոչարյանը, իր նախագահության ընթացքում, որտեղ եղել է Քի Ուեսթը, եղել է այսպես կոչված Պրահյան գործընթացը, որտեղ որդի Ալիեւը կարողացավ բանակցային առավելություն ձեռք բերել հայկական կողմի նկատմամբ, եւ ի վերջո Ռոբերտ Քոչարյանը ստիպված էր եղել ուղղակի դուրս գալ բանակցային սենյակից Ռամբուեյում, այդ ծայրահեղ միջոցը ընտրելով որպես ելք բանակցային իրավիճակում:

Այդ իմաստով սակայն երկրորդ նախագահը մենակ չէ, եւ Հայաստանի նախկին բոլոր երեք նախագահներն էլ բավական անհարմար վիճակում կհայտնվեն, հատկապես ներկայիս իրողությունների ֆոնին, եթե նրանցից պահանջվի հայտնել հանրությանը, թե ինչ ամբողջական եւ մշակված դիրքորոշում են ունեցել Արցախի խնդրում:

Այդ իմաստով սակայն Նիկոլ Փաշինյանի դիրքորոշում չունենալու մասին Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը ձեւով լինելով ընդդիմախոսություն, խորքային տողատակում թերեւս սպասում է՝ անհամբեր սպասում, որպեսզի Նիկոլ Փաշինյանը վերջապես մշակի նոր ամբողջական մոտեցում, որը կփակի նախկին նախագահների «դիրքորոշումների» վտանգավոր էջը, որը Հայաստանը ռազմական առումով հաղթած դիրքերից դիվանագիտական-քաղաքական գործընթացում աստիճանաբար բերել է «պատասխանող կողմի» դիրքի: Դա եղել է իհարկե թե արտաքին քաղաքականության, թե ներքին քաղաքականության հետեւանքը: Ավելի շուտ, Արցախի հարցը պետական քաղաքականության գործոն լինելու փոխարեն հենց դրա հետեւաքնով դարձել է ներքին ապաքաղաքականության արտաքին մանրադրամ եւ ներկայացվել իբրեւ զարգացումը խանգարող խնդիր:

Նիկոլ Փաշինյանը ներկայում ունի նոր իրավիճակում այդ «ուղեծրից» հարցն աստիճանաբար դուրս բերելու հնարավորություն, եւ դատելով արտաքին խաղացողների մի շարք հայտարարություններից՝ կա նաեւ դրա միջազգային անհրաժեշտ միջավայրը:

Այդ իմաստով նախկին նախագահների, մասնավորապես Ռոբերտ Քոչարյանի մոտ գուցե անձի որոշակի երկատում է՝ մի կողմից Արցախի հարցը նա դիտարկում է Փաշինյանին թիրախավորելու միջոց, մյուս կողմից Փաշինյանի ներկայիս մոտեցումների գեներացումն ու բյուրեղացումն է թերեւս դիտարկում գոնե այդ հարցում իրենց ստեղծած վտանգավոր իրավիճակի բեռը թեթեւացնելու ճանապարհ:

Աղբյուր՝ Lragir.am

loading...