Ընկերոջս ընտանիքը քայքայման եզրին էր։ 20 տարի ապրել էին միասին, ունեին գեղեցկուհի աղջիկ, բայց որոշել էին բաժանվել: Ես մտածում էի, որ ոչինչ չի կարող փրկել նրանց ընտանիքը։ Նրանք այնքան էին թշնամացել, որ նույնիսկ չէին կարողանում իրար դեմքի նայել առանց տհաճությունը թաքցնելու: Ես շատ էի տխրել:
Սակայն վերջերս հանդիպեցի ընկերոջս կնոջը և ապշեցի: Նա երջանկությունից փայլում էր ու պատմեց ինձ հետևյալը․
«Աղջիկս ընկերների հետ երկու օրով գնացել էր բնության գրկում հանգստանալու: Ես որոշել էի գնալ ընկերուհուս տուն, իսկ ամուսինս՝ ձկնորսության: Աշխատանքս նոր էի ավարտել և ցանկանում էի դուրս գալ, երբ ամուսնուցս հաղորդագրություն ստացա. «Շտապ տուն արի, մենք պետք է խոսենք»: Ես մոտեցա մեքենայիս, մտածում էի գնալ, թե ոչ, կարծում էի, որ կանչում է ապահարզանի մասին խոսելու համար: Անկեղծ ասած՝ հոգնել էի վեճերից և պատրաստ էի առանց բառ արտասանելու ստորագրել ապահարզանը: Այնուամենայնիվ, նստեցի ղեկին, գործի գցեցի մեքենան։ Գնում էի ու մտածում, որ արդեն ամեն ինչի վերջը եկել է: Մեքենան կայանեցի ավտոտնակում, բացեցի տան դուռը և կորցրի խոսելու ունակությունը. ողջ տան հատակին շարված էին մոմեր, աստիճանների վրա նույնպես մոմեր էին դրված, իսկ ննջասենյակից հաճելի երաժշտություն էր լսվում: Ես բարձրացա վերև, ննջարանի հատակին ու մահճակալի վրա վարդի թերթիկներ էին թափված, իսկ առաստաղի մոտ պտտվում էին սրտաձև փուչիկներ: Ես կարծես հեքիաթում լինեի, աչքերիս չէի հավատում, արցունքները հոսում էին աչքերիցս․ մի՞թե այսքան ժամանակ ես չեմ զգացել նրա ՍԵՐԸ: Հետևում ոտնաձայներ լսվեցին, ու ես շրջվեցի: Ամուսինս զարմացած հայացքով կանգնել էր ննջասենյակի դռան մոտ։ Ես անմիջապես վազեցի ու գրկեցի նրան: Մենք իրար քնքուշ ու սիրառատ խոսքեր շշնջացինք, չզգացինք ինչպես եկավ գիշերն ու բացվեց առավոտը: Մենք արթնացանք դռան թակոցից։ Մեզ հանձնեցին երկու ուղեգիր՝ ներառյալ ինքնաթիռի տոմսերը՝ դեպի Կուրիլյան կղզիներ: Ու հիմա մենք շատ երջանիկ ենք: Ես շատ շնորհակալ եմ, որ նա այդ օրն ինձ տուն կանչեց, և այդ ռոմանտիկ երեկոն կազմակերպեց»:
Ես նույնպես կարծեցի, որ այդ ամենը նրա ամուսնու ձեռքի գործն է, սակայն պարզվեց, որ ոչ: Ամուսինն էլ իր հերթին մտածում էր, որ այդ ամենը կնոջ ձեռքի գործն է:
Եվ մի օր պատահական հանդիպեցի նրանց աղջկան, ով էլ պատմեց ողջ ճշմարտությունը․
«Ես գիտեի, որ նրանք սիրում են իրար, բայց չէի հասկանում՝ ինչու լեզու չէին գտնում, և որոշեցի նման բան անել։ Ես և ընկերուհիս չգնացինք մեր ընկերների հետ հանգստանալու, մնացինք տանը, ումից հնարավոր էր, գումար պարտք վերցրի և գնեցի մոմերն ու փուչիկները, իսկ ուղեգրի գումարը հենց ծնողներիցս էի վերցրել այլ պատրվակով: Երբ մոմերը վառեցինք, մայրիկն արդեն տան մոտ էր։ Երբ նա տուն մտավ, մենք հազիվ կարողացանք դուրս գալ իմ ննջարանի պատուհանից: Սակայն մենք սպասեցինք, մինչև հայրս վերադառնա։ Ես մտավախություն ունեի, որ նրանք իրար տեսնելուն պես կսկսեն վիճաբանել, ու Աստված գիտի, թե ինչ կարող էր լինել: Սակայն երբ տեսա նրանց գրկախառնված, արցունքները հոսեցին աչքերիցս, ուզում էի գոչել՝ խնդրում եմ, էլ մի վիճեք, ուզում եմ ձեզ միշտ այսպիսին տեսնել: Ես սաստիկ տանջվում էի, երբ նրանք վիճում էին, իսկ նրանց բաժանության մտքից ես ինձ ամենադժբախտ մարդն էի զգում աշխարհում»:
աղբյուր