ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ասել է, որ խորհրդարանի առաջիկա արտահերթ ընտրությանը ՀՀԿ մասնակցության հարցը պարզ կլինի հավանաբար նոյեմբերի 11-ին:
Դա հետաքրքիր ամսաթիվ է:
Նոյեմբերի 11-ին Փարիզում սպասվում է ԱՄՆ ու ՌԴ նախագահների հանդիպումը, որի վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերվեց օրերս՝ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերի խորհրդական Ջոն Բոլթոնի Մոսկվա այցի ընթացքում, որից հետո Բոլթոնը եղավ նաեւ Կովկասում ու այդ թվում Հայաստանում:
Այդ համատեքստում էլ նախկին իշխանության համար թերեւս ակնառու էր, որ Բոլթոնի հայաստանյան հայտարարությունները մարտահրավեր չէին, այլ հակառակը՝ վկայում էին, որ «կռիվը վերջացած» է:Ի դեպ, Բոլթոնն այստեղ արեց մի շարք հետաքրքիր հայտարարություններ, որոնք ՀՀԿ-ն կամ այդ կուսակցության որոշ շրջանակներ փորձեցին ներկայացնել իբրեւ վտանգ, մարտահրավեր կամ Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականության ձախողում, թեեւ խորքային առումով հասկանալով, որ այդ հայտարարություններն ավելի շուտ Հայաստանում լեգիտիմ իշխանության ճանաչման հայտարարություններ էին: Ընդ որում, հենց այդ առումով էլ հատկանշական էր, որ հնչել էին Մոսկվայում Բոլթոն-Պուտին հանդիպումից հետո, որտեղ էլ ձեռք էր բերվել նոյեմբերի 11-ին Թրամփ-Պուտին հանդիպման համաձայնությունը:
Մյուս կողմից, դա իհարկե նշանակում է, որ արտահերթ ընտրությանը մասնակցելու որոշումը նոյեմբերի 11-ին կայացնելու առումով պատճառն իհարկե Թրամփ-Պուտին հանդիպմանը սպասելը չէ:
Եթե լուրջ, ապա Արմեն Աշոտյանի հայտարարության մեջ հետաքրքիրն ամսաթիվը չէ, այլ այն, որ ՀՀԿ-ում կան թե մասնակցության կողմ, թե դեմ գործիչներ: Սա էլ ըստ էության առանձնահատուկ բան չէ: Հետաքրքիր է այն, թե ըստ ՀՀԿ փոխնախագահի որն է չմասնակցելու կողմ գործիչների փաստարկներից մեկը՝ որ նոր ԱԺ-ն լինելու է ժամանակավոր:
Այս հանգամանքը հետաքրքիր է նրանով, որ նման միտք է հայտնել Ռոբերտ Քոչարյանը ռուսական Լենտա ինտերնետային կայքին տված հարցազրույցում, որտեղ նա խոսում էր այն մասին, որ մեկ-երկու տարի անց կարող է պարզվել, որ հեղափոխական ոգեւորության վրա ընտրված խորհրդարանը լեգիտիմ չէ:
Փաստորեն, Ռոբերտ Քոչարյանն ու ՀՀԿ որոշ շրջանակներ սինքրոն են մտածում: Սա էլ իհարկե զարմանալի չէ, քանի որ Քոչարյանն ինքն է խոստովանել, որ դեռեւս 2007-ի ընտրությունից առաջ շատերին է հորդորել անդամակցել ՀՀԿ-ին, այն «ուժեղացնելու» համար:
Փաստացի, խորհրդարանի արտահերթ ընտրության հարցում ՀՀԿ դիրքորոշման առումով միմյանց են բախվելու Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի մոտեցումները: Եթե իհարկե Սարգսյանը մասնակցելու մոտեցման կողմնակից է, որովհետեւ հրաժարականից հետո նա հրապարակային խոսք ասել է առայժմ երկու տխուր առիթով՝ Շառլ Ազնավուրի եւ Յուրի Վարդանյանի մահվան կապակցությամբ:
Աղբյուր՝ Lragir.am