Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 8-ին Աստանայում կմասնակցի ՀԱՊԿ Վեհաժողովին: Մինչ այդ՝ նոյեմբերի 2-ին ստացվեց տեղեկություն այն մասին, որ պաշտոնից ազատվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը: Նա Հայաստանի ներկայացուցիչն էր: Ռոտացիոն քվոտայով Հայաստանը պաշտոնը ստանձնել է 2017 թվականին եւ պետք է պահի մինչեւ 2020 թվական: Մարտի 1-ի գործի հայտնի զարգացումների հեեւանքով առաջացավ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Խաչատուրովի փոփոխության հարցը:
Նախօրեին, Մյունխենի անվտանգության վեհաժողովի աշխատանքային խմբի Մինսկում տեղի ունեցած հանդիպման շրջանակում Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը Բելառուսի նախագահ Լուկաշենկոն հայտարարել էր, որ Բելառուսը Հայաստանի հավատարիմ դաշնակիցն է ԵՏՄ-ում եւ ՀԱՊԿ-ում: Այդ հայտարարության առիթով Արմեն Սարգսյանը լուծե՞լ է հարցը. Լուկաշենկոն երդվել էհոդվածում հավանական էի համարել, որ Արմեն Սարգսյանին հաջողվել է լուծել գլխավոր քարտուղարի փոփոխության հարցում Բելառուսի հնարավոր դիմադրության խնդիրը:
Բանն այն է, որ Բելառուսն ընդհանրապես դիտարկվում է եվրասիական ինտեգրացիոն կառույցներում Հայաստանի հակընդդեմ դիրքորոշման կրող, եւ այդ իմաստով Լուկաշենկոյի դիրքորոշումը էական է: Մյուս կողմից, Մինսկի համար իհարկե Հայաստանը թերեւս Մոսկվայի հետ ինչ-ինչ հարաբերության միջոց է:
Մյուս կողմից, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խնդիրը բավական լայն տեղեկատվա-քարոզչական շահարկումների առարկա էր Հայաստանում, ինչով նախկին իշխանությունը փորձում էր թիրախավորել Նիկոլ Փաշինյանին, Խաչատուրովի շուրջ ստեղծված իրավիճակը ներկայացնելով իբրեւ արտաքին քաղաքական տապալում:Սակայն նոր իրավիճակում նոր Հայաստանը «բատկային» թերեւս հասկացրել է, որ հայ-ռուսական հարաբերությունը նախկինը չէ եւ հնարավոր չէ այն օգտագործել Ռուսաստանի դեմ:
Գործնականում, Խաչատուրովի պաշտոնանկության հանգամանքը փաստացի դառնում է վերջին շրջանում Հայաստանի նոր իշխանության արտաքին քաղաքական գործունեության բավական հանդարտ եւ արդյունավետ ընթացքի դրսեւորման հերթական օրինակը, ընդ որում ուրվագծելով նաեւ բավական հետաքրքիր մեխանիզմ՝ վարչապետ Փաշինյան-նախագահ Սարգսյան տանդեմի տեսքով, որի այսպես ասած երկրորդ գծում ուշագրավ է արտգործնախարար Մնացականյան եւ պաշտպանության նախարար Տոնոյան տանդեմը:
Ի դեպ, հատկանշական է մի հանգամանք, որ երբ ՀԱՊԿ վեհաժողովից առաջ Մինսկում Արմեն Սարգսյանը նախապատրաստում էր Մյունխենի անվտանգության համաժողովի օրակարգում Արցախի հարցի քննարկման աննախադեպ ներառումը, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Արցախում կարճատեւ արձակուրդ անցկացնելու մասին՝ Երեւանում ընդունելով ԱՄՆ անվտանգության հարցերի գլխավոր պատասխանատուներից մեկին եւ նրա հետ հանդիպման առնչությամբ հայտարարելով դիվանագիտական հաջողության մասին, արտաքին գործերի նախարարը ընդունել է Իրանի հարցում Հայաստանի քաղաքականության համար այդ երկրի արտգործնախարարի շնորհակալությունը, իսկ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը շրջայց է կատարում միջազգային անվտանգության համակարգում կարեւոր մասնակցություն ունեցող հայկական խաղաղապահ ստորաբաժանումներ՝ Կոսովո եւ Լիբանան:
Հայաստանը գործնականում Խաչատուրովին չէ, որ փոխում է ՀԱՊԿ-ում, Հայաստանը գործնականում սկսել է ՀԱՊԿ ռազմա-քաղաքական բնույթի վերափոխման ավելի լայն գործընթաց, որտեղ Խաչատուրովը նույնիսկ տեխնիկական հարց է: Եվ խնդիրը անգամ այն չէ՝ Հայաստանը պահպանելու է գլխավոր քարտուղարի քվոտան, թե ոչ: Հայաստանը ՀԱՊԿ-ը գործնականում դուրս է բերում միջազգային անվտանգության ավելի լայն արեալ, կամ ավելի շուտ ցույց տալիս Հայաստանի միջոցով դրա հնարավորությունը ՀԱՊԿ համար, եթե դաշինքը սկսի Հայաստանի հանդեպ ավելի պարտաճանաչ քաղաքականություն:
Մի բան, որից մի քանի տարի շարունակ դժգոհում էր Սերժ Սարգսյանը եւ որին պատասխանեցին ընդամենը գլխավոր քարտուղարի պաշտոնի հերթը Հայաստանին տալով, այն էլ գրեթե մեկ տարի տանել-բերելուց հետո: Մի բան, ինչը գործնականում Հայաստանի դիրքը ՀԱՊԿ-ում ոչ միայն չամրացրեց, այլ ինչպես անգամ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանն էր խոստովանել դեռեւս 2016-ին՝ անգամ ունեցավ հակառակ էֆեկտ Հայաստանի համար:
Աղբյուր՝ Lragir.am