1.am-ը գրում է. Խորհրդարանի արտահերթ ընտրությանն ընդառաջ նկատելիորեն բարձրանում է Հայ Առաքելական եկեղեցու պահանջարկը: Համենայնդեպս, բավականին նկատելիորեն գեներացվում է մի մտայնություն, որ Հայ Առաքելական եկեղեցուն և ավանդական ազգային արժեքներին ինչ-որ լուրջ բան է սպառնում, որը պետք է պաշտպանել: Եվ հետաքրքիր է «պաշտպանի հայտ» ներկայացնող ուժերի շրջանակը՝ դա նախկին իշխանության շրջանակներն են, կամ նախկին իշխող կոալիցիան՝ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն: Դաշնակցության լիդերները, օրինակ, օրերս այցելել էին Գարեգին Երկրորդին, Վեհափառի հետ խոսելով եկեղեցուց, արժեքներից և պաշտպանությունից: Պաշտպանությունից են խոսում նաև ՀՀԿ ներկայացուցիչները:

Այն, որ Հայ Առաքելական եկեղեցին կարևորագույն ազգային կառույց է, ըստ էության, նույնիսկ բացառիկ ինչ-որ իմաստով, աներկբա է: Աներկբա է նաև, որ այդ կառույցը պետք է պաշտպանել գրոհներից և լուրջ վտանգներից: Միաժամանակ հստակ է նաև, որ այդ կառույցը, առաջին հերթին, պաշտպանության կարիք ունի մանիպուլյացիաներից: Թավշյա հեղափոխությունից հետո մարդկանց մի խումբ թիրախավորել է Վեհափառին: Այդ կապակցությամբ օրերս հայտարարություն արեց վարչապետը, հայտնելով, որ ոստիկանությանը հանձնարարվել է ապահովել Վեհափառի անվտանգ և ազատ տեղաշարժը: Սակայն թեման, այդուհանդերձ, գեներացվում է, հատկապես արտահերթ ընտրությանն ընդառաջ: Ակնհայտ է, որ նպատակը եկեղեցու և ազգային արժեքների թեման նախընտրական խաղաքարտ դարձնելն է, փորձելով խաղալ հասարակության, այսպես ասած, պահպանողական զգացումների և հայացքների վրա: Դրա համար բարձրացվում է մեծ վտանգի մասին աղմուկ: Միաժամանակ, ըստ էության, «գործարք» է առաջարկվում եկեղեցու ղեկավարությանը՝ թերևս հաշվարկով, որ վերջինս իր եղած ռեսուրսը խորհրդարանի ընտրության համատեքստում, բնականաբար, ոչ ֆորմալ կերպով կուղղի հենց տվյալ «պաշտպան» քաղաքական միավորի կողմ:

Մանրամասները սկզբնաղբյուրում:

loading...