Նախագահ Արմեն Սարգսյանը մասնավոր այցով մեկնելով Գյումրի, լրագրողների հետ զրույցում մի քանի խոսք է ասել ներքաղաքական հարցերի մասին: Խոսելով խորհրդարանի հնարավոր որակի, դրա այսպես ասած ապաքաղաքական լինելու վերաբերյալ մտահոգությունների մասին, Արմեն Սարգսյանն ասել է, թե ինքը լավատես է, այլապես չէր լինի նախագահ:

Արմեն Սարգսյանը վերածվել է Հայաստանում թավշյա հեղափոխության յուրօրինակ խղճի: Այդ իմաստով նույնիսկ խորհրդանշական է, որ թավշյա հեղափոխության «խիղճը» լավատես լինելու, ընթացքի դրականության մասին հայտարարում է Գյումրիում, որտեղից էլ մարտի 31-ին Նիկոլ Փաշինյանը սկսեց իր քայլը, որը փաստացի հանգուցալուծվեց ապրիլի 21-ին Հայաստանի պատմության համար թերեւս աննախադեպ մի իրողությամբ՝ հանրապետության թեկուզ զուտ ներկայացուցչական նախագահի պաշտոնը զբաղեցնող, Սահմանադրությամբ պետության գլուխ համարվող մարդը ընդունեց հրապարակում՝ հարյուր հազարավոր քաղաքացիների աչքի առաջ բանակցելու հեղափոխության առաջնորդի առաջարկը:

Արմեն Սարգսյանն ի պատասխան մտահոգությունների հայտնում է, որ ինքը լավատես է, միաժամանակ իհարկե սահմանելով յուրօրինակ չափանիշ՝ իր նախագահությունը: Արմեն Սարգսյանը փաստորեն ասում է, թե քանի ինքը նախագահի պաշտոնին է, ուրեմն ամեն ինչ ընթանում է լավ ուղղությամբ:


Սարգսյանը փաստացի առաջարկում է իրավիճակը գնահատել ոչ թե տեղեկատվական «պատերազմին» հետեւելով, այլ հետեւելով նախագահի պաշտոնում իր ներկայությանը, եթե այն շարունակվում է, ուրեմն շարունակվում է գործընթացի դրականությունը:Մի կողմից այդ հայտարարություն-ակնարկը կարող է դիտարկվել ինքնուրույն քաղաքական խաղի ուրվագծում, մյուս կողմից սակայն Սարգսյանը այդ հայտարարությամբ շարունակում է մնալ հեղափոխության «խղճի» կարգավիճակում, գործընթացի քաղաքական առաջնորդին այդպիսով զերծ պահելով տարբեր մանիպուլյացիաներից, որ առկա են տեղեկատվա-քարոզչական դաշտում:

Մյուս կողմից, իհարկե, հասկանալի է, որ հեղափոխության «խղճի» այդ յուրօրինակ կարգավիճակը ժամկետային առումով սահմանափակ է: Ի վերջո, դեկտեմբերի արտահերթ ընտրությամբ հեղափոխությունը պետք է ավարտվի, եւ պետք է սկսվի քաղաքական կյանքի ձեւավորումը: Հենց ձեւավորումը, ոչ թե վերականգնումը: Որովհետեւ Հայաստանում գործնականում այդպիսի կյանք չի էլ եղել, որպեսզի վերականգնվի:

Հայաստանում պետք է հիմքից սկսել քաղաքական նոր համակարգի ձեւավորումը, նոր կուսակցական մշակույթի, ավանդույթների, մտածողության հիմնադրումն ու զարգացումը:

Այդ պարագայում Արմեն Սարգսյանի առաջ թերեւս կանգնում է նոր հարց՝ կամ նախագահի պաշտոնում նոր իմաստ եւ առաքելություն, կամ իմաստի եւ առաքելության որոնում կամ ընտրություն այլ կարգավիճակում:

Մի բան թերեւս աներկբա է, որ Արմեն Սարգսյանը բավական տպավորիչ ներուժ ունեցող գործիչ է՝ մի շարք առումներով՝ կենսափորձի, ընդհուպ արտաքին հարաբերությունների, որպեսզի հետհեղափոխական կարեւոր ժամանակահատվածում բավարարվի լոկ «խղճի» դերով: Նրա ահռելի կենսափորձն ու նաեւ հնարավորությունները շատ կարեւոր են Հայաստանում քաղաքական բազմազանության, առնվազն քաղաքական ընտրության միջավայր ձեւավորելու գործում, որն անհրաժեշտ է առաջիկա հնգամյակում հասցնել շոշափելիության այնպիսի աստիճանի, որ նոր Հայաստանի առաջին ընտրությունը լինի նախ հենց հինգ տարի անց՝ ոչ շուտ եւ ոչ էլ ուշ, եւ լինի նաեւ բովանդակալից:

Աղբյուր՝ Lragir.am

loading...