Օրվա ընթացքում ամենաքննարկվող թեմաներից մեկը դարձավ գազի և էլեկտրաէներգիայի սակագների հարցը։ Նախ՝ այս օրակարգով նիստ էր գումարել խորհրդարանի քննիչ հանձնաժողովը, նաև կառավարության նիստից հետո լրագրողների հարցերին պատասխանել է էներգետիկայի նախարարը։
«Ժամանակ» օրաթերթի տեղեկություններով՝ այս պահին կառավարությունում է գտնվում գազի և էլեկտրաէներգիայի սակագնի ձևավորման մի հաշվարկ, ըստ որի՝ գազը բնակչությանը կարելի է վաճառել խորանարդ մետրը 100 դրամով, ինչպես նաև էականորեն կարելի է նվազեցնել էլեկտրաէներգիայի սակագինը, սակայն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար Միքայել Սողոմոնյանը և ՀԾԿՀ նախկին աշխատակից, իսկ այժմ էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Գարեգին Բաղրամյանն անում են ամեն ինչ, որ այդ հաշվարկը չհասնի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Ի դեպ, անցած ամիսների ընթացքում լուրջ տնտեսագետներ հնչեցրել են մոտավորապես նույն թվերը՝ հիմնավորելով, որ «Գազպրոմն» ու նրա հայաստանյան դուստր կառույցը Հայաստանում զբաղված են հասարակության թալանով, հարստահարմամբ։
Իհարկե, Սողոմոնյանի պնդումները որևէ արժեք չունեն, որովհետև բազմաթիվ են դեպքերը, երբ կառավարության տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ արգելափակել են կարևոր տեղեկատվության կամ փաստաթղթի հասանելիությունը վարչապետի համար։ Սա հնարավոր է հատկապես այսօրվա իրավիճակում, երբ իշխանության համակարգը տակավին ձևավորման փուլում է, ու գործադիրի տարբեր օղակներում շահերի բախումները սովորական երևույթ են։Այսօր Միքայել Սողոմոնյանը, որը, ի դեպ, Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի՝ խիստ ընդդիմադիր դիրքերից հանդես եկող ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի հարազատ եղբայրն է, սուտ և հերյուրանք է որակում «Ժամանակ» թերթի տեղեկությունը։ «Մենք ո՞նց կարող ենք միջամտել, որ վարչապետին չհասնի, եթե կառավարությունում է հաշվարկը, էներգետիկայի նախարարն ի՞նչ պետք է անի, ես ավելին չեմ ուզում խոսել, դա հերյուրանք է, մոլորություն են մտցնում սպառողների մեջ»,-վստահեցրել է նա։
Ըստ այդմ՝ հատուկ Միքայել Սողոմոնյանի համար ևս մեկ անգամ նշենք, որ նման փորձագիտական անալիզ գոյություն ունի և այն վաղ թե ուշ հասնելու է վարչապետին ու վերջինիս համար ավելի ակնհայտ է դառնալու, թե ով և ինչու է փորձել իրենից գաղտնի պահել արժեքավոր տեղեկատվությունը։
Էներգետիկայի նախարար Գարեգին Բաղրամյանը, որը, փաստորեն, իր կենսագրության բերումով ընդհանուր շահեր ունի ՀԾԿՀ-ի հետ, ավելի շատ զբաղված է այդ անկախ հանձնաժողովի կորպորատիվ, տվյալ դեպքում՝ կոռուպցիոն շահերի պաշտպանությամբ, քան կառավարության անաչառ դիրքորոշում ձևավորելով։ Ի դեպ, այս դեպքում էլ ավելորդ չենք համարում նշել, որ Բաղրամյանը ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի քենակալն է ու թերևս այդ փաստից էլ ծնվում է նրա ինքնավստահությունը։
Ի դեպ, նրանց ձայնակցում կամ ամբողջացնում է «Գազպրոմ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը, որն այսօր համառորեն պնդել է, թե իրենք գազի սակագինը նվազեցնելու ռեսուրսներ չունեն։ Այլ խոսքով՝ «Գազպրոմ Արմենիա»-ի տնօրենը հերքում է անհերքելին, այսինքն՝ բացառում է իր հիմնարկում կոռուպցիոն ռիսկերի կամ չարդարացված ծախսերի գոյությունը։ Թադևոսյանն այսօր շուտասելուկի պես մի քանի անգամ կրկնել է, թե իրենց հիմնարկում միջին աշխատավարձը կազմում է 228 հազար դրամ՝ ցինիզմով քողարկելով, որ տնօրենները ստանում են մի քանի միլիոնանոց աշխատավարձեր՝ բանվորների ստացած չնչին աշխատավարձերի ֆոնին։
Այսինքն՝ Հայաստանի հասարակությունը թալանվում է, որպեսզի գերշահույթներ ապահովի ռուսական գազային հսկայի ու բարձր ռոճիկ՝ գազային կլանի հայաստանյան ներկայացուցիչների համար։
Այսօր ՀԾԿՀ-ի հանձնաժողովի նախագահի պաշտոնակատարը ու «Գազպրոմ Արմենիա»-ի տնօրենը, ըստ էության, հնարավոր չեն համարել գազի սակագնի նվազումը՝ նույնիսկ ակնարկելով դրա հնարավոր բարձրացման մասին։ Հայաստանի էներգետիկայի նախարարն էլ խնդիրը տեղափոխել է հայ-ռուսական հարաբերությունների, բանակցությունների հարթություն և սա այն դեպքում, երբ դեռ սեպտեմբերի սկզբին Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանին ասել էր, որ իր համար նորություն է, որ Հայաստան մատակարարվող էժան գազը սահմանից սպառողին է հասնում երկու անգամ թանկ գնով։
Իհարկե, մենք չենք կարծում, թե Պուտինն առաջին անգամ էր լսում այդ մասին ու չենք էլ կասկածում, որ նա քաջատեղյակ է ռուսական գազային «կայսրությունում» գործող կոռուպցիոն սխեմաների մասին, որոնք, մի կողմից, Հայաստանում պահպանում են ռուսական վասալության ռեժիմը, մյուս կողմից՝ տարիների շարունակ հարստահարել են ժողովրդին՝ լցնելով հայաստանցի ու ռուսաստանցի կոնկրետ պաշտոնյաների գրապանները։
Ակնհայտ է, որ գազի այսօրվա բարձր սակագինը կոռուպցիոն բաղադրիչի հետևանք է, ու եթե Նիկոլ Փաշինյանը հնարավորություն ստանա համապարփակ ծանոթանալ ոլորտում տիրող վիճակին, ապա ոչ միայն սակագինը կիջնի, այլ կարող են հարուցվել սկանդալային քրեական գործեր, որոնք կբացահայտեն հայաստանցի ու ռուսաստանցի բազմաթիվ ներկա ու նախկին պաշտոնյաների ընչաքաղց «ախորժակը։
Մեր հրապարակման «հերոսները» չեն ցանկանում զրկվել իրենց համար այնքան թանկ, այսպես կոչված, «ձախ» գումարներից ու անում են ամեն ինչ կառավարության ղեկավարին ապակողմնորոշելու, նրա համար ոլորտային տեղեկատվությունն անմատչելի դարձնելու համար։
Նման պաշտոնյաներն իրական պատուհաս են դառնալու Հայաստանի կառավարության համար, մի կողմից՝ ապացուցելու համար Ռուսաստանի «հումանիզմը», մյուս կողմից՝ անձեռնմխելի պահելով իրենց ապօրինի հարստացման աղբյուրները։
Աղբյուր՝ 1in.am