Ընդհանուր թուլությունը, անքնություն, քնկոտությունը ցերեկային ժամերին, ինչպես նաև հիշողության վատացումն օրգանիզմում յոդի մակարդակի նվազման ամենաակնհայտ ախտանշաններն են, որոնք անուշադրության մատնելը կարող է հետագայում լուրջ խնդիրների հանգեցնել:

Հայտնի է, որ յոդն օրգանիզմի համար ամենակարևոր տարրերից մեկն է, որն անհրաժեշտ է վահանաձև գեղձի հորմոնների արտադրության համար: Հետևաբար՝ արյան մեջ յոդի դեֆիցիտը կարող է դառնալ այնպիսի վտանգավոր հիվանդության առաջացման պատճառ, ինչպիսին է հիպոթիրեոզը, որի դեպքում վահանաձև գեղձը չի արտադրում բավարար քանակությամբ հորմոններ, ինչպես նաև խանգարվում է մի շարք այլ օրգանների ու համակարգերի աշխատանքը:

Այսպիսով՝ հարկ է հիշել, որ անվնաս թվացող թուլությունն ու հոգնածությունը կարող են լինել բավական վտանգավոր հիվանդության՝ հիպոթիրեոզի ախտանշան: Եթե թուլությունն ուղեկցվում է հիպոթիրեոզին բնորոշ այլ ախտանշաններով՝ մաշկի չորությամբ, դեմքի ու վերջույթների այտուցվածությամբ, մազաթափությամբ, եղունգների փխրունությամբ և այլ տհաճ խնդիրներով, ապա հարկավոր է անմիջապես դիմել ներզատաբանին (էնդոկրինոլոգ), հանձնել անհրաժեշտ անալիզներն ու բուժզննում անցնել:


Սակայն պետք չէ մոռանալ, որ ոչ մի դեպքում չի կարելի զբաղվել ինքնաբուժությամբ, քանի որ դա կարող է խիստ վտանգավոր լինել առողջության համար և էլ ավելի վատացնել հիվանդի վիճակը:Հարկ է հիշել, որ հիվանդությունը ժամանակին հայտնաբերելն ու միջոցներ ձեռնարկելը բարձրացնում է նաև դրա բարեհաջող բուժման հավանականությունը, ուստի առաջին իսկ կասկածի դեպքում հարկավոր է անմիջապես միջոցներ ձեռնարկել:

Միայն համապատասխան մասնագետը կարող է հստակ ախտորոշել հիվանդությունն ու նշանակել անհրաժեշտ բուժումը, որը կլինի և՛ արդյունավետ, և՛ անվտանգ:

Նյութի աղբյուրը՝ Med.tert.am

loading...