Շերոն Սթոունը հայտնի է որպես Հոլիվուդում ամենաբարձր IQ-ն ունեցող դերասանուհի: Փայլուն դերասանուհին չի կորցրել հումորի զգացումը և շարունակում է շռայլել իր սրամիտ կսմիթները, որոնցում ավելի շատ ճշմարտություն և կենսական իմաստնություն կա, քան շատ հայտնի փիլիսոփաների մոտ գոնե ժամանակակից կնոջ և նրա՝ այս աշխարհում ունեցած դերի մասով:

Կնոջ դեմքի արտահայտությունն ավելի կարևոր է, քան նրա հագուստը:

Պլաստիկ վիրաբուժությունն իմը չէ, սակայն ես չեմ մեղադրում այն կանանց, ովքեր դիմում են պլաստիկ վիրաբույժներին: Եթե դա նրանց երջանիկ է դարձնում, ապա ինչո՞ւ ոչ:

Չեմ թաքցնի, որ փորձել եմ բոտոքսը և ոչ մեկ անգամ: Սակայն ժամանակին կանգ եմ առել, որպեսզի չվերածվեմ այն ոսկե ձկնիկներից մեկին, որոնք այնքա՜ն շատ են Հոլիվուդում: Բոտոքսի պատճառով բոլոր դերասանուհիները միանգամից սկսեցին նմանվել միմյանց, իսկ ես ուզում եմ նման լինել միայն ինքս ինձ: Ուզում եմ, որ իմ մեջ տեսնեն այն կնոջը, որի ուսերի հետևում շատ հետաքրքիր կյանքի տարիներ կան:

Կալիֆորնիայում ապրում են 400.000 ներկված շիկահերներ՝ միատեսակ քթերով, հսկայական շրթունքներով, այտերի մեջ իմպլանտներով ու ձյունաճերմակ ատամներով: Եվ մի՞թե ինչ-որ մեկը դա գեղեցիկ ու գրավիչ է համարում:

Կյանքիդ առաջին կեսում քո դեմքը դու ես, ինչով որ ծնվել ես, իսկ երկրորդ կեսում՝ այն, ինչին դու արժանի ես:

Կինն իր կյանքի ընթացքում շատ դեմքեր է փոխում: Դա ասես սանրվածք լինի. մենք չենք կարող անընդհատ միևնույն սանրվածքով լինել: Կյանքի ընթացքում մենք զարգացում ենք ապրում ու փոխվում, սովորում ենք ու հասունանում: Մենք կյանքին այլ կերպ ենք նայում, և կյանքն էլ իր հերթին այլ կերպ է նայում մեզ:

Անգամ դիմահարդարման ամենաթանկ պարագաները և թանկարժեք սանրվածքն ի վիճակի չեն կնոջը գեղեցկացնելու: Ամենավառ, ամենահետաքրքիր կանայք նրանք են, ում հետևում վերելքներով ու վայրէջքներով հարուստ կյանք կա:

Հավերժ երիտասարդության գաղափարը միֆ է: Ես չեմ ուզում լինել, այսպես կոչված, չծերացող գեղեցկուհի: Ուզում եմ լինել կին, ով իր տարիքում լավագույն տեսքն ունի:

Ավա Գարդներն աշխարհի ամենահիասքանչ կինն էր: Ինչո՞ւ: Նա երբեք ոչինչ իր հետ չէր անում: Նա կնոջ տեսք ուներ, և երբեք չէր փորձում դեռահաս աղջնակի նմանվել:

Դժբախտություններն ու առողջական խնդիրները ստիպեցին ինձ դադարել զբաղվել նրանով, ինչն ինձ դժբախտ ու հիվանդոտ էր դարձնում:

Իսկապես գեղեցիկ կինը միշտ բարի է այլ կանանց և, ընդհանրապես, մարդկանց նկատմամբ: Նրան բնորոշ չեն մրցակցությունը, ինտրիգներն ու ստորությունները:

Եթե դու խելացի ես, ապա նաև գեղեցիկ կլինես: Տգեղ կանայք չկան: Ինչ-որ մեկը գեղեցիկ է վարդի պես, մյուսը՝ կակտուսի:

Երբեք լրջորեն չեմ մտածել այն հարցի շուրջ, թե գեղեցի՞կ եմ արդյոք: Բայց ես մի կախարդական հնարք գիտեմ՝ հմայիչ լինելու պատրանք ստեղծելու հմտությունը: Երբ կինը սենյակ է մտնում, ներկաներն արձագանքում են ոչ թե նրա գեղեցկությանը, այլ ուժին ու էներգիային, որը ճառագում է նրանից:

Հիմա՝ իմ այս տարիքում, ես ինձ ավելի վստահ ու հանգիստ եմ զգում, քան երբևէ: Չգիտեմ՝ դա կապված է հոգևորի՞ հետ, թե՞ ես պարզապես ավելի իմաստուն եմ դարձել: Տարիքի հետ ավելի ընտրովի ես վերաբերվում այն հարցին, թե ում հետ անցկացնես քո ժամանակը և ինչին նվիրես կյանքդ:

Ինձ կարելի է կաշառել ծաղիկներով և ընթրիքի հրավիրելով: Ինձ դուր են գալիս ջենթլմեն տղամարդիկ, սակայն ես տանել չեմ կարողանում, երբ թերագնահատում են իմ ինտելեկտը: Ես հարգանք եմ պահանջում իմ նկատմամբ և ուզում եմ նաև հարգել զուգընկերոջս:

Ես կարող եմ հաճելի և մեղմ լինել, բայց դա հետաքրքիր չէ: Դա կյանքի գլխավոր նպատակը չէ: Ես աշխատում եմ ազնիվ լինել ինչպես ինքս ինձ, այնպես էլ շրջապատողներիս հետ, և դա միշտ էլ հաճելի է: Երբեք չեմ ձգտել դառնալ բոլորի, հանընդհանուր սիրելին:

Մարդիկ վախենում են փոխվելուց, քանի որ նրանց թվում է, թե իրենք ինչ-որ բան կկորցնեն: Նրանք մոռանում են, որ կարող են ձեռք բերել նաև շատ նոր բաներ:

Այս կյանքում կարևոր չէ, թե ինչպես ես դու ընկնում, կարևոր է, թե ինչպես ես բարձրանում:

Կինը չպետք է իր վրա պատասխանատվություն վերցնի աշխարհում ամեն ինչի համար:

Բուդդիզմ դավանելով՝ ես հասկացա, որ ամոթը հորինել է մարդը. բնության մեջ ամոթ չկա: Դա ոչ այլ ինչ է, քան մարդկանց մանիպուլյացիայի ենթարկելու միջոց:

Կանայք միգուցե և ձևացնում են, թե օրգազմ են ապրում, բայց դրա փոխարեն տղամարդիկ ձևացնում են հարաբերությունների մեջ:

Ավելի լավ է լրիվ միայնակ լինել, քան սխալ մարդու կողքին քեզ լրիվ միայնակ զգալ:

Անկողնու մեջ ես ամենաշատը սիրում եմ սցենարներ կարդալ:

Մահն իր ոսկրոտ ձեռքերով շատ անգամներ է թակել իմ դուռը, բայց ես չեմ բացել այն: Այն ինձ սովորեցրել է նորովի ապրել: Դռան այդ թակոցն արթնացրեց ինձ:

Ինչ-որ պահի աղջիկներն իրենք վերածվում են այն տղամարդկանց, որոնց հետ երազում էին ամուսնանալ:

Երբեք անկողին մի մտիր այն մարդու հետ, ով ավելի շատ խնդիրներ ունի, քան դու:

Նախկինում դու պիտի հայտնի լինեիր, որ կարողանայիր հայտնվել սկանդալների կիզակետում, իսկ այժմ սկանդալ է պետք հայտնի դառնալու համար:

Տղամարդիկ նման են հարիչի: Գոնե մեկը քեզ պետք է, ճիշտ է, այնքան էլ պարզ չէ, թե ինչո՞ւ:

Կինն իր գինը պետք է իմանա, բայց երբեք այն չբարձրաձայնի:

Նյութի աղբյուր՝ blog.168.am

loading...