ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ քաղաքացի Սիլվա Համաբարձումյանի հայց է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: Այս մասին տեղեկանում ենք Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմից։ Հայցադիմումը ներկայացվել է Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Օրբելյանի կողմից՝ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հերքելու և երկու միլիոն ՀՀ դրամ փոխհատուցում բռնագանձելու պահանջներով:

Բացի այս դատական գործից, Քոչարյանն ակտիվացել է նաև հանրային դաշտում. նրա հարցազրույցները, տրված հիմնականում ռուսական լրատվամիջոցներին՝ հաջորդում են մեկը մյուսին:

Թվում է, թե հրաժարվելով գալիք արտահերթ ընտրություններին մասնակցելուց, Քոչարյանը նաև ինքն իրեն դուրս է դնում հանրային օրակարգից: Գուցե և դուրս դներ, եթե չլիներ նրան արհեստականորեն այդ օրակարգ վերադարձնողների գործոնը:


Բանն այն է, որ Սարգսյանը կանխամտածված կերպով իրեն դուրս է դրել ընթացիկ քաղաքական գործընթացներից, նրան հաջողվում է անգամ զերծ մնալ դատական քաշքուկներից՝ մի բան, ինչից չի կարող խուսափել Քոչարյանը, ըստ այդմ՝ Այս պարագայում Քոչարյանի ակտիվությունը ինքնապաշտպանական մինիմումն է, որին կարող է ձեռնամուխ լինել Երկրորդ նախագահը: Մյուս կողմից՝ հասկանալի է, որ Քոչարյանի ակտիվությունը նախընտրական չէ դասական առումով և ավելի շատ թիրախավորում է ոչ թե վարչապետին և նրա թիմը, այլ տողատակով ուղղված է Սերժ Սարգսյանի դեմ:

Սարգսյանը զրկում է քաղաքական հակառակորդներին իրեն թիրախավորելու հնարավորությունից: Քոչարյանի ակտիվությունն առաջին հերթին միտված է Սարգսյանին հանրային դաշտ վերադարձնելուն, որպեսզի թիրախում չլինի միայն ինքը:

Քոչարյանն այս պահին մրցակցության մեջ է միայն Սերժ Սարգսյանի հետ, և քանի դեռ նա չի հաղթահարել այն հետիշխանական արգելքները, որ իր համար ստեղծել է Սերժ Սարգսյանը, չի կարող մտածել որևէ այլ հեռանկարի մասին:

Եվ, այդ իմաստով, Ռոբերտ Քոչարյանի դատական հայցն ընդդեմ Սիլվա Համբարձումյանի՝ ունի նաև այլ տողատակ, որում Սերժ Սարգսյանին, այսպես ասած, հրապարակ բերելու փորձն է:

Աղբյուր՝ ԼՈՒՐԵՐ.com

loading...