Պետական եկամուտների կոմիտեն տեղեկություն է տարածել այն մասին, որ քրեական գործ է հարուցվել «Գազպրոմ Արմենիա» ընկերության միլիարդավոր դրամների հարկային պարտավորություն թաքցնելու համար: Ըստ ՊԵԿ հաղորդագրության, այդ մասին պարզ է դարձել ստուգումների ընթացքում: «Գազպրոմ Արմենիա»-ում և հարակից այսպես ասած կառույցներում ու ավտոգազալցակայաններում ստուգումների մասին առաջին անգամ հայտարարվեց դեռևս ամիսներ առաջ, թավշյա հեղափոխությունից մեկ-երկու ամիս անց:

Ըստ այդ հաղորդագրության, հայտնաբերվել էին հարյուրավոր միլիոն դրամների հարկային պարտավորության թաքցնելու դեպքեր: Կա մի հատկանշական բան՝ ՊԵԿ այդ ստուգումների և հարկային պարտավորություններից խուսափելու մասին հաղորդագրությունը հաջորդել էր Փաշինյան-Պուտին հանդիպմանը, որից հետո ի դեպ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Պուտինի հետ քննարկել է նաև գազի գնի նվազեցման հարցը:

Վարչապետը հայտարարել էր, որ այդ կապակցությամբ պետք է հասկանալ գնի նվազեցման Հայաստանում ներքին հնարավորությունները, որպեսզի այդ հիմքով բանակցվի նաև ՌԴ հետ՝ սահմանի գազի գնի հարցով:

Էներգետիկայի նախարարը հայտարարել է զուգահեռ ռուսական կողմի հետ՝ թե Գազպրոմի, թե ՌԴ կառավարության հետ գազի գնի նվազեցման ուղղությամբ բանակցության մասին: Այս ֆոնին «Գազպրոմ Արմենիա»-ում միլիարդավոր դրամների հարկային չարաշահումների վերաբերյալ քրգործ հարուցելու մասին տեղեկությունը ստանում է բավականին ուշագրավ համատեքստ: Ընդ որում, այստեղ խոսքը ոչ միայն հայ-ռուսական միջպետական հարաբերության մասին է, այլ նաև Հայաստանում առկա ներքին նախընտրական գործընթացների:Եվ ահա, «Գազպրոմ Արմենիա»-ում հարկային ստուգումների և միլիարդավոր դրամների հարկային պարտավորություն թաքցնելու մասին ՊԵԿ հաղորդագրությունը, քրգործի հարուցման վերաբերյալ տեղեկությամբ, հրապարակվում է ներկայիս փուլում, երբ դարձյալ հրապարակում է գազի գնի նվազեցման թեման: Գործում է երկու խումբ՝ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը և վարչապետւի հրամանով ստեղծված նրան կից աշխատանքային խումբը: Ընդ որում, հատկանշական է, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ու «Գազպրոմ Արմենիա»-ն հայտարարում են, թե չկա գնի նվազեցման ներքին ռեսուրս:

Բանն այն է, որ «Գազպրոմ Արմենիա»-ն այդ իմաստով եղել է նախորդ համակարգի առանցքային համակարգաստեղծ և համակարգապահպան մեխանիզմներից մեկը, ներառյալ իհարկե նաև դրանում ռուսական շրջանակների մասնակցությունն ու ներգրավվածությունը, այսպես ասած քաղաքականին զուգահեռ կորպորատիվ ընդհանուր շահի ներառոմով: Իսկ այս «կոնգլոմերատը» թավշյա հեղափոխության մեկնարկից ի վեր աշխուժորեն աշխատում է Ռուսաստանի քաղաքական իշխանության ուղղությամբ, Հայաստանում նոր իշխանության դեմ որոշումներ և ընդհանրապես տրամադրվածություն կորզելու հարցում, դրանում տեսնելով Հայաստանում 2018 թվականի ապրիլի 23-25-ն ընկած ժամանակահատվածում այդքան մոտ թվացող իշխանության հեռանկարը վերականգնելու համար: Այդ իմաստով իհարկե ներկայիս նախընտրական շրջանը տվյալ սեգմենտի ներկայացուցիչների համար որևէ բան վերականգնելու հնարավորություն չէ, այդ սեգմենտը չկա նույնիսկ անմիջական մասնակիցների շարքում, սակայն բոլոր դեպքերում կանխարգելիչ քայլերը թերևս չեն լինի ավելորդ: «Գազպրոմ Արմենիա»-ի վերաբերյալ տարածված հաղորդագրությունը ներկայիս փուլում ուշագրավ է նաև այդ համատեքստում:

Աղբյուր՝ 1in.am

loading...