Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատական հայց է ներկայացրել հայտնի Սիլվա Համբարձումյանի դեմ զրպարտության համար՝ կարծելով, որ Համբարձումյանը պետք է հերքի և վճարի 2 միլիոն դրամ փոխհատուցում: Ըստ Քոչարյանի՝ զրպարտություն է այն, ինչ օրերս հայտարարել էր Համբարձումյանը մամուլի ասուլիսում: Իսկ Համբարձումյանը հայտարարել էր, որ 2008 թվականին արաբների հետ խոշոր գործարքին չխանգարելու համար վճարել է Ռոբերտ Քոչարյանին էլ, Սերժ Սարգսյանին էլ:
Եվ ահա, Ռոբերտ Քոչարյանը զրպարտության համար դիմել է դատարան: Ի՞նչ է անելու Սիլվա Համբարձումյանը: Կարո՞ղ է նա ներկայացնել ապացույցներ, որ վճարել է և չի զրպարտում Քոչարյանին: Եթե ոչ, ապա կստացվի, որ Սիլվա Համբարձումյանը իր հայտարարություններով ստանձնել է հանրային բացասական դերակատարում և ստեղծում է, այսպես ասած, իրավիճակներ, որոնք ունենում են հակառակ էֆեկտ և «մաքրում» են նախկին համակարգը հասարակության կասկածներից կամ համոզվածությունից, որ եղել է բարձր մակարդակով հովանավորվող կոռուպցիա և կաշառակերություն:
Իհարկե, եթե Համբարձումյանը չկարողանա ապացուցել իր հայտարարությունները, դրանից հանրությունը չի փոխելու իր կարծիքն ու համոզմունքները նախկինում իշխած համակարգի մասին, պարզապես այդ համոզմունքների, այսպես ասած, իրավական բազայի խնդիրներ են առաջանում, ինչը բարոյաքաղաքական ռեաբիլիտացիայի բազա է ստեղծում այդ համակարգի կամ դրա առանձին սեգմենտների համար: Այստեղ խնդրի առանցքը հենց այդ հանգամանքն է: Սրան զուգահեռ՝ հետաքրքիր է նաև մեկ այլ պարագա:
Իսկ խնդիրն այն է, որ չնայած քաղաքականություն վերադարձի և Նիկոլ Փաշինյանին ընդդիմություն լինելու մասին հայտարարությանը, Ռոբերտ Քոչարյանն, իհարկե, առայժմ մրցակցության մեջ է Սերժ Սարգսյանի հետ, և քանի դեռ նա չի հաղթահարել այն հետիշխանական արգելքները, որ իր համար ստեղծել է Սերժ Սարգսյանը, չի կարող մտածել որևէ այլ հեռանկարի մասին: Եվ այդ իմաստով, Ռոբերտ Քոչարյանի դատական հայցն ընդդեմ Սիլվա Համբարձումյանի ունի նաև այլ տողատակ, որում Սերժ Սարգսյանին, այսպես ասած, հրապարակ բերելու փորձն է:Ռոբերտ Քոչարյանի դատի կողքին հետաքրքիր է Սերժ Սարգսյանի լռությունը: Ինչո՞ւ Սարգսյանն էլ չի դիմել դատարան, զրպարտությունից պաշտպանվելու համար: Սերժ Սարգսյանն արհամարո՞ւմ է այդպիսի մեղադրանքները, թե՞ նա փորձում է ցույց տալ, որ այդուհանդերձ, ավելի հանդուրժող է, քան Ռոբերտ Քոչարյանը: Ընդհանրապես, Սերժ Սարգսյանն, իհարկե, աչքի է ընկել «հարված պահելու» կարողությամբ՝ ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի: Դրա հիմքում թերևս այն է, որ Սարգսյանը մշտապես հաշվարկել է ավելի երկար, քան Քոչարյանը, ինչի շնորհիվ էլ այն պահերին, երբ թվացել է, որ Քոչարյանի հաղթանակը նրա նկատմամբ անխուսափելի էր, իրականում խաղն ավարտվել է Սերժ Սարգսյանի հաղթանակով:
Մի բան, որ Քոչարյանն անում է տարբեր կերպ արդեն մոտ կես տարի, բայց անհաջող: Կստացվի՞ այս անգամ, թե՞ Սերժ Սարգսյանը կշարունակի «պահել հարվածը» և Ռոբերտ Քոչարյանին հրապարակի կենտրոնում շարունակել թողնել մենակ:
Աղբյուր՝ 1in.am