Հրազդան մարզադաշտը 26 միլիոն դոլար պարտքի դիմաց գրավադրված է HCBC բանկում, հայտարարել է Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը: Այդ մասին նա խոսել է լրագրողների հետ հանդիպմանը, որտեղ ներկայացրել է Ազգային մարզադաշտ կառուցելու մտադրությունը: Ըստ Վանեցյանի, այդ կապակցությամբ հրավիրել է ներդրողների, որոնց հետ առաջիկայում կքննարկվի հարցը: Վանեցյանի խոսքով, մարզադաշտի կառուցումը կարժենա 100 միլիոն դոլար: Նախատեսվում է մարզադաշտ, որը թե իր նստատեղերի քանակով, թե արդիականությամբ ունակ կլինի ընդունել ընդհուպ եվրագավաթների եզրափակիչ խաղեր: Վանեցյանն ասել է նաեւ, թե ՖԻՖԱ նախագահ Ինֆանտինոն հայտնել է մարզադաշտի հիմնարկեքին մասնակցելու պատրաստակամություն, նաեւ խոստացել աջակցություն այդ մարզադաշտում միջազգային կարեւոր խաղերի անցկացման հայտերին:
Կստացվի՞ պայմանավորվել ներդրողների հետ: Հայաստանում նոր, արդիական չափանիշներին համապատասխանող մարզադաշտի անհրաժեշտությունն առկա է: Հայաստանում այդ իմաստով չկա մարզադաշտ:
Հրազդան մարզադաշտը մեղմ ասած անմխիթար վիճակում է: Մարզադաշտը նախկին ՀՀԿ-ական Աշոտ Աղաբաբյանի սեփականությունն է, որը ձեռք է բերել դեռեւս անկախության առաջին տարիներին: Փաստորեն այդ սեփականությունն այժմ գրավադրված է բանկում՝ 26 միլիոնի դիմաց: Պետք է եզրակացնել, որ Հրազդան մարզադաշտը անհույս է: Վանեցյանն ասել է, որ դրա արդիականացման համար կպահանջվի 100 միլիոն դոլար, բայց անգամ այդ դեպքում մարզադաշտի դիրքը խնդրահարույց է՝ միջազգային մակարդակի մեծ խաղեր կազմակերպելու համար:
Ինչ վերաբերում է նոր մարզադաշտին, ապա ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի մտադրությունն առաջացրել է հանրային ոչ միարժեք արձագանք: Կան կարծիքներ, թե չկա այդպիսի ծախսի անհրաժեշտություն:Մյուս կողմից, Հրազդան մարզադաշտը իհարկե ափսոս է եւ պետք է գտնել այդ հարցի լուծումը: Մի բան նաեւ աներկբա է, որ մարզադաշտը իր ներկայիս տեսքով ու ծավալով թերեւս անպետք է, որքան էլ դա լինի ցավալի: Այն ունի լրջագույն վերափոխման կարիք: Կգտնվե՞ն ներդրողներ, կլուծվի՞ սեփականության հետ կապված հարցը, կհետաքրքրի՞ մարզադաշտը որեւէ մեկի:
Բայց, նախ խոսքը ներդրողներ ներգրավելու մասին է, իսկ դա նշանակում է նաեւ մարզադաշտի շինարարության տնտեսական էֆեկտ: Բացի այդ, միջազգային մարզական քարտեզի վրա Կովկասում Հայաստանը կարծես թե մոռացված կետ է, ի տարբերություն օրինակ Վրաստանի ու Ադրբեջանի: Ադրբեջանում եղան եվրոպական խաղերը, այնտեղ կառուցվեց նոր մարզադաշտ եւ հնարավոր են այլ խոշոր մարզական միջոցառումներ: Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսին ընդունեց Եվրոպայի սուպերգավաթը, երբ հազարավոր երկրպագուներ անգամ Հայաստանից էին մեկնել այդ խաղը դիտելու:
Իհարկե, Հայաստանին կարող է չհետաքրքրել համաշխարհային մարզական, առավել եւս ֆուտբոլային քարտեզում տեղ ունենալը: Բայց, միեւնույն ժամանակ կա մի կարեւորագույն հանգամանք՝ ֆուտբոլը ներկայում գործնականում «համաշխարհային կրոն» է:
Ավելին, ֆուտբոլային աշխարհը իր գրավչությամբ եւ միլիարդավոր դոլարների շրջանառությամբ հասել է այնպիսի աստիճանի, որ ընդհուպ սերտաճել է համաշխարհային քաղաքականությանը: Հայաստանը որոշակիորեն դուրս է այս շղթայից: Արդյոք Վանեցյանի մտադրությունն այն ճեղքելու փորձ է:
Այստեղ էլ իհարկե կա թե էֆեկտ, թե արատ: Մասնավորապես, օրերս եվրոպական կայքերից մեկը ներկայացրել էր կոռուպցիոն սկանդալ, կապված 2010 թվականին Ֆրանսիայի նախագահի եւ Քաթարի էմիրի պայմանավորվածության հետ, ըստ որի 2022 թվականի աշխարհի առաջնության իրավունքը Քաթարը ստացել է կոռուպցիոն ռիսկով:
Բոլոր դեպքերում, ֆուտբոլը ներկայում համաշխարհային կյանքի ոչ միայն ֆուտբոլային, այլեւ քաղաքական կարեւորագույն մի ուղղություն է, ինդուստրիա, որից դուրս լինելը կարող է ընդհուպ հավասարազոր լինել համաշխարհային մրցակցությունից մի կարեւոր ասպեկտով դուրս մնալուն:
Աղբյուր՝ Lragir.am