Մինչ Հայաստանի ներքաղաքական կյանքում թափ է առնում արտահերթ ընտրության անիվը եւ քաղաքական ուժերը փորձում են որոշել, թե ով է ընդդիմություն, իսկ ով՝ ոչ, նախագահ Արմեն Սարգսյանը արտերկրում մասնակցում է տարբեր ներդրումային համաժողովների եւ հանդիպում տարբեր խոշոր ընկերությունների հետ, քննարկելով Հայաստանում ներդրումների հնարավորությունը: Համենայն դեպս, այդ մասին են հայտնում նախագահի նստավայրից տարածվող հաղորդագրությունները:

Ի՞նչ կոնկրետ, առարկայական արդյունք կամ այդօրինակ հեռանկար ունեն հանդիպումները, դժվար կամ վաղ է ասել, բայց Արմեն Սարգսյանի այդ գործունեությունը հատկանշական է Հայաստանում տեղի ունեցող արտահերթ ընտրական գործընթացի ֆոնին:

Բանն այն է, որ այդ գործընթացը այլ բան չէ, քան Հայաստանում գործած նախորդ իշխող համակարգի խոշոր ապամոնտաժում: Սակայն ակնառու է նաեւ, որ միայն խորհրդարանի արտահերթ ընտրությունը բավարար չէ այդ խնդիրը լուծելու համար, եւ ոչ էլ բավարար է հետհեղափոխական կիսամյակը: Գործընթացը պահանջելու է տարիներ, եւ իհարկե դրա արդյունավետության համար առանցքային նշանակություն ունի ոչ միայն այն, թե ինչ տեղի կունենա քաղաքական հարթության վրա, այլ նաեւ այն, թե ինչ է կատարվելու տնտեսությունում, ինչպիսին է լինելու տնտեսական ստատուս-քվոն:


Հետեւաբար, նախկին համակարգի ապամոնտաժման մասին հնարավոր կլինի խորապես խոսել այն դեպքում, երբ քաղաքական «վերնաշենքից» բացի ապամոնտաժվի նաեւ «սոցիալական հենքը»:Նիկոլ Փաշինյանն օրինակ հռչակել է ներառական տնտեսության քաղաքականությունը կամ ռազմավարական պատկերը, որի իմաստը թերեւս փոքր ու միջին խավի ձեւավորումն է, երբ քաղաքացիները կստանան տնտեսական նախաձեռնողականության առավելագույն հնարավորություն, եւ այդպիսով կփոխվի գերազանցապես խոշոր խաղացողների վրա կառուցված ստատուս-քվոն: Այդ ստատուս-քվոն էր նաեւ նախկին համակագի հիմնասյուներից մեկը կամ պարզապես «սոցիալական բազան»:

Այստեղ իհարկե խնդիրն այն չէ, որ հակառակ դեպքում համակարգը գործում է կամ պահպանում վերականգնման հնարավորությունը: Ամենեւին: Քաղաքական վերնաշենքի ապամոնտաժումն անշրջելի է: Խնդիրն այն է, որ նոր տնտեսա-քաղաքական համակարգ, արդիական եւ զարգացող համակարգ կառուցելու համար անհրաժեշտ է նոր «սոցիալական» կամ տնտեսական հենք, այլապես հնի ապամոնտաժմանը չի հաջորդի նորի ձեւավորումը:

Այդ իմաստով, Արմեն Սարգսյանի գործունեությունն արտերկրում խոշոր հաշվով առնչվում է հենց այդ խնդրին, կամա, թե ակամա: Հայաստանում տնտեսական ստատուս-քվոն փոխելու համար կարեւոր են արտաքին ներդրումները, նոր խաղացողների եւ հատկապես նոր մշակույթի կրող խաղացողների ներգրավումը եւ տնտեսության բազմազանեցումը:

Այդ իմաստով հատկանշական է, որ ներքին ռեսուրսների գեներացման համար դաշտ ստեղծող եւ ներառականության ռազմավարությունն առաջ մղող վարչապետին զուգահեռ, նախագահ Սարգսյանն էլ աշխատում է արտաքին ռեսուրսների ներառման ուղղությամբ: Հայաստանում քաղաքական մրցակցության եւ արդիական քաղաքական համակարգի միջոցով իշխանություն-ընդդիմություն հարաբերակցության խնդրի լուծումը տնտեսական հենքում է: Հին տնտեսական հիմքի վրա չի կարող ձեւավորվել նոր քաղաքական համակարգ, եւ այդ իմաստով առանցքային աշխատանքն այդ ուղղության վրա է: Հիմնարար նշանակություն ունի այն, որ նոր համակարգի խնդիրը լուծվում է ստատուս-քվոյի փոփոխությունը ոչ թե սեփականության վերաբաշխման, այլ տնտեսության սահմանների եւ մասնակիցների կազմի ընդլայնման միջոցով:

Աղբյուր՝ lragir.am

loading...