Հրապարակը գրում է.

«Կիրակի օրը մոտ 4 ժամ տեւած ՀՀԿ խորհրդի նիստում Սերժ Սարգսյանը մանրամասն ծրագրային ելույթ է ունեցել, որի հիմնական թեզը՝ ընդդիմություն դառնալու մասով, հետեւյալն է եղել․ իրենք կեղծ ընդդիմությունից տարբերվելու են նրանով, որ իշխանությունների ցանկացած ասածին չեն հակադրվելու․

«Եթե երկրի շահի տեսանկյունից իշխանությունը քայլ է անում, միանշանակորեն պաշտպանվելու է մեր կողմից, եթե՝ ոչ, քարը քարին չի թողնվելու»։


«Ինչի արտացոլումը Դավիթ Շահնազարյանի ներկայությունն է մեր ցուցակում․ հիշենք, որ նա եղել է ղարաբաղյան հարցով հատուկ դեսպան»,- ասաց մեր աղբյուրը։«Քարը քարին»-ը հիմնականում առնչվել է ղարաբաղյան խնդրին։ «Էստեղ մենք լինելու ենք անզիջում, պայքարելու ենք մինչեւ վերջ»,- շեշտել է Սերժ Սարգսյանը։

Ի դեպ, Դավիթ Շահնազարյանը ՀՀԿ համամասնական ցուցակի երկրորդ հորիզոնականում է լինելու։

Երեկվա դրությամբ եւս դեռ բաց էր առաջին կին թեկնածուի հարցը․

Արփինե Հովհաննիսյանը բոլոր դեպքերում պնդել է, որ պատրաստ չէ ռեյտինգային կարգով առաջադրվելու,ցուցակը ղեկավարող Վիգեն Սարգսյանը վերջինիս առաջարկել է կարգը չխախտել, առաջադրվել, սակայն ընտրարշավի ժամանակ ասել, որ շատ զբաղված է շտաբային աշխատանքներով եւ նպատակահարմար է համարում, որ իր ընտրողներն իրենց ձայնը տան Երեւանի կենտրոնում առաջադրված ՀՀԿ ռեյտինգային մյուս թեկնածուին։

Ի դեպ, նույն պատճառով համամասնական ցուցակում չի լինի նաեւ Դավիթ Հարությունյանը․ նա կղեկավարի ՀՀԿ նախընտրական շտաբը։

Երեւանի շտաբը կղեկավարի Արման Սահակյանը՝ Գալուստ Սահակյանի որդին»։

loading...