Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Անահիտ Մութաֆյանը դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին կմասնակցի ՀՀԿ ցուցակով, ռեյտինգային կարգով՝ թիվ 13 ընտրատարածքում, որն ընդգրկում է Տավուշի մարզը:

Դերասանուհին, ով «Ռեֆորմիստներ» կուսակցության անդամ է, Aysor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունը առաջարկ է արել «Ռեֆորմիստներ»-ին, վերջինիս նախագահն էլ՝ իրեն:

«ՀՀԿ-ի կողմից առաջարկ եղել է «Ռեֆորմիստներ» կուսակցությանը։ Ես՝ որպես կուսակցության հիմնադիր անդամ, որպես Մշակութային հանձնաժողովի նախագահ, ստացա առաջարկ կուսակցության նախագահ Վահան Բաբայանից և, իհարկե, չմերժեցի։ Քանզի, որտեղ իմ կուսակցությունը, այնտեղ էլ՝ ես: Ինձ հետաքրքիր էր նաև ՀՀԿ-ի հետ համագործակցությունը, քանի որ ինձ համար, որպես սկսնակ քաղաքական գործիչ, մեծ դաս է շփվել արհեստավարժ ու բանիմաց քաղաքական գործիչների հետ», — մանրամասնեց մեր զրուցակիցը:

«Նախ ասեմ, որ այդ մարզում առաջադրվելու առաջարկը եղել է Վահան Բաբայանից։ Այո՛, ես արմատներով գյումրեցի եմ, ինչի համար հպարտ եմ, չէ՞ որ հավատարիմ ու սկզբունքային տեսակս ժառանգել եմ բնիկ գյումրեցի պապիցս: Այնուամենայնիվ, ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ, հայաստանցի եմ, և ինձ համար տարբերություն չկա շիրակցու ու տավշցու միջև: Ես պայքարում եմ հանուն հայի բարեկեցության, իսկ իսկական հայը հայ է յուրաքանչյուր մարզում և Հայաստանի սահմաններից դուրս», — նշեց նա:Անահիտ Մութաֆյանն արմատներով Գյումրիից է: Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված իր՝ որպես թեկնածու Տավուշի, և ոչ թե Շիրակի մարզում առաջադրվելը, պատասխանեց, որ Գյումրիում չառաչադրվելը զուտ տեխնիկական բնույթ է կրում:

Դիտարկմանը՝ չկա՞ մտավախություն, որ կարող է ձախողվել Նիկոլ Փաշինյանի ծննդավայր Տավուշում, պատասխանեց.

«Ընդհանրապես, Նիկոլ Փաշինյանի վարկանիշը բարձր է ողջ հանրապետությունում, ի՞նչ է. ուրիշ ոչ-ոք չառաջադրվե՞ր: Չեմ վախենում ձախողումներից, քանզի ուժեղ եմ և ունեմ «վաստակավոր չմեռնողի կոչում», մի քիչ էլ վստահ եմ իմ ուժերին, քանի որ ես էլ եմ սովորական քաղաքացի, ես էլ եմ խաբվում, ես էլ եմ այս պահին հիասթափվում, ու եթե Տավուշում գտնեմ ինձ նման պայքարող 10 հոգի, ինձ հաղթած կհամարեմ։ Եվ դա կլինի ո՛չ թե իմ հաղթանակը, ո՛չ թե ՀՀԿ ի հաղթանակն, այլ կլինի արիացի հայի հաղթանակը, որը պատրաստ է պայքարել հանուն հայի տեսակի պահպանման»:

Թե որը կլինի դերասանուհու հիմնական գործառույթը օրենսդիր մարմնում՝ ԱԺ պատգամավոր դառնալու պարագայում, Ա. Մութաֆյանը նկատեց.

«Իմ առաջին գործը կլինի բուժել իմ ու կոլեգաներիս ցավը՝ թատրոնի մասին օրենքի ընդունումը: Նաև կյանքի գնով կպայքարեմ թե՛ Տավուշի, թե՛ ՀՀ մյուս սահմանամերձ գյուղերի կենսակերպի և ոգու որակի բարձացման համար։ Ինչպես արել եմ մինչ այսօր, սակայն փոքր հնարավորություններով՝ իմ չնչին աշխատավարձի հաշվին»:

Անկախ քաղաքական դրսևորումից՝ թատրոնի և կինոյի դերասանուհին չի պատրաստվում հեռանալ մասնագիտական ակունքներից: Ասում է՝ երբեք և ոչինչ չի կարող իրեն հեռացնել թատրոնից, քանի որ, իր իսկ խոսքով, ինքն ամուսնացել է թատրոնի հետ:

Աղբյուր՝ Aysor.am

loading...