Այս մասին երեկ՝ Անժելա Թովմասյանի հեղինակային «Հայելու առաջ» հաղորդման ժամանակ հայտարարեց «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք հեղափոխական հարթակի՝ իրեն մերժելու պատճառով չէ իր այսօրվա նեղացած կեցվածքը։
«Այդ օրը Նիկոլ Փաշինյանը,չգիտեմ, ձերբակալված էր, թե արդեն հատուկ պայմանավորվածության ներքո տեղափոխել էին ինչ-որ մի վայր, որովհետև ակնհայտ էր իր կնոջ վարքագծից, որ ամեն ինչ երաշխավորված է, ինքն ամեն ինչի կազմակերպիչն էր ու շատ երջանիկ էր, որովհետև գիտեր, որ նա շուտով կմիանա իրեն»,-մասնավորապես նշեց Զ. Փոստանջյանը։
Նա հավելեց նաև, որ այդ ժամանակ, փաստորեն, իրենք ունեին իրենց ծրագիրը, և այն, ինչ հիմա է կատարվում, այդ բոլոր ձերբակալություն-բացթողումները սոսկ բեմականացում են։
Ըստ Զարուհի Փոստանջյանի՝ Նիկոլ Փաշինյանը ժամանակավոր գործիք է սոսկ, և ամեն ինչ ընթանում է Սերժ Սարգսյանի սցենարով։«Դուք գիտեք, որ ես մշտապես իմ կարծիքը հայտնել եմ «Ելք» դաշինքի վերաբերյալ և ասել եմ, որ դա Բաղրամյան 26-ի պրոյեկտն է, և դա այդպես է, քանի որ 2015թ. սահմանադրական փոփոխությունները համարելով՝ կեղծ օրակարգ՝ Նիկոլ Փաշինյանը, փաստորեն, օգնեց այդ ավտորիտարիզմի հաստատմանը։ Հետագայում նրանք անցան Խորհրդարան ու չվիճարկեցին ընտրությունների արդյունքները ու համաձայնեցին այդ խաղի կանոններով աշխատել»,-իր պնդման հիմքերը ներկայացրեց «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահը։
«Հունան Պողոսյանին ես չեմ նշանակել, Կամո Արեյանին ես չեմ նշանակել,Ֆելիքս Ցոլակյանին ես չեմ նշանակել, Արզուման Հարությունյանին, Վալերի Օսիպյանին ես չեմ նշանակել։ Նրանք բոլորը Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատն են։ Եղել է ավտորիտարիզմի թարմացում։ Բացի դրանից, հներից ազատվելու խնդիր կար, որը Սերժ Սարգսյանն անձամբ չէր կարող անել, և հիմա ամեն ինչ արվում է, որ Հանրապետական կուսակցությունն անցնի Խորդհրդարան»,-հավելեց Զ. Փոստանջյանը։
Երևանի ավագանու նախկին անդամը կարծում է, որ Սերժ Սարգսյանը խնդիր ուներ չեղարկելու հողերի հանձնումը, քանի որ այստեղ նույնպես կար աշխարհաքաղաքական օրակարգ, որը տարածվում էր նաև Հայաստանի վրա։
«Իրականում իշխանությունը հանձնելու 3 պատճառ կար։ Մեկը Կարեն Կարապետյանի չեզոքացումն էր, որպեսզի հնարավորություններ ստեղծի իշխանությունն իր ժառանգորդին ավելի դյուրին հանձնելու համար, երկրորդը իր պարտավորություններն էին, որը նա ստանձնել էր հողերը հանձնելու վերաբերյալ և այդ կերպ նաև խուսափեց դրանից, և երրորդը՝ արտաքին պարտքի և բյուջեի հավաքագրումների հետ կապված խայտառակ վիճակը։ Այս երեք հարցերը նա չէր կարողանում լուծել, և որոշեցին այսպիսի միջանկյալ լուծմամբ շրջանցել դրանք, բայց միևնույն է, այս խնդիրներն այսօր էլ օրակարգում առկա են»,-շեշտեց Զ. Փոստանջյանը։
Լրագրողի այն հարցին, թե եթե սա միջանկյալ լուծում է ապա ինչպե՞ս է Զ. Փոստանջյանը պատկերացնում, որ Նիկոլ Փաշինյանի ձեռքից այսքան բարձր հանրային ընկալման պարագայում հնարավոր է իշխանությունը հետ վերցնել, վերջինս պատասխանեց, որ այդ իշխանությունը տեր ունի. ինչպես տվել են, այնպես էլ կվերցնեն։
«Մեկ օրվա մեջ Կարեն Կարապետյանին մերժված սարքեցին։ Բոլորի նկատմամբ կան դոսյեներ, որոնք անհրաժեշտ դեպքում կօգտագործվեն։ Ես հենց այնպես չհիշատակեցի Արզուման Հարությունյանի անունը»,-եզրափակեց Զարուհի Փոստանջյանը։