Խորհրդարանական ընտրությունների պաշտոնական քարոզարշավը դեռ չի մեկնարկել, սակայն արդեն իսկ նշմարելի են գործընթացի հիմնական սուբյեկտները, որոնց միջև տեղի է ունենում հեռակա «փոխհրաձգություն»։
Հակադրության հիմնական բևեռներում «Իմ քայլը» դաշինքի ու ՀՀԿ-ի ներկայացուցիչներն են։ Հենց նման անտագոնիզմը նկատի ունեինք, երբ արձանագրում էինք, որ ՀՀԿ-ի մասնակցությունն ընտրական կամպանիային գործնականում անհնար է դարձնելու բնականոն քաղաքական պայքարը ու ընտրությունների արդյունքում հասարակության մանդատն ունեցող իշխանությունների ու ընդդիմության ձևավորման հեռանկարը։
Ընտրական գործընթացն ընթանալու է հեղափոխության և հակահեղափոխության հակադրության առանցքով, ինչը բացառում է դեմոկրատական այլընտրանքի ձևավորումը։ Հասարկությունը չի կարող ՀՀԿ-ին օժտել ընդդիմության մանդատով, որովհետև դասական քաղաքականությունը ենթադրում է, որ իշխանության այլընտրանքի մեջ ընտրողները պատկերացնում են ապագա իշխանությանը։ Եթե հասարակությունն այսքան շուտ ՀՀԿ-ին պատկերացներ այդ կարգավիճակում, ապա նրան հաստատապես դուրս չէր շպրտի իշխանությունից ընդամենը վեց-յոթ ամիս առաջ, այլ խոսքով՝ երկրում տեղի չէր ունենա հեղափոխություն։
Հենց այդ տրամաբանության համատեքստում էր այսօր արտահայտվել ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Սամվել Նիկոյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու չի ընդգրկվել կուսակցության համամասնական ցուցակում։ «Պետք է ասեմ, որ ես՝ ինքս եմ չմասնակցելու որոշում կայացրել, քանի որ համոզված եմ, որ այս խորհրդարանը կարճ կյանք է ունենալու՝ 1-2 տարի։ Բանն այն է, որ ժողովուրդը սովորեց, թե ինչպես կարելի է արտահերթ ընտրություններ անցկացնել»,- ասել է Նիկոյանը։ՀՀԿ-ի մասնակցությունն ընտրական գործընթացին ենթադրում է հենց հեղափոխության արդյունքների չեղարկում։
Խորհրդարանական համակարգում արտահերթ ընտրություններն արտառոց երևույթ չեն, դրանցից ապահովագրված չեն անգամ կայացած ժողովրդավարությունները, երբ կառավարությունը, ենթադրենք՝ խորհրդարանում կորցնում է մեծամասնությունը՝ կոալիցիաների լուծարման կամ սահմանադրությամբ նախատեսված այլ դեպքերում։ Քաղաքական ճգնաժամը նման դեպքերում հանգուցալուծվում է արտահերթ ընտրությունների ճանապարհով, նույնիսկ՝ թշնամական երկրներով շրջապատված Իսրայելը երբեմն դիմում է արտահերթ ընտրությունների ինստիտուտի օգնությանը, որովհետև դեմոկրատիայի տեսանկյունից՝ ընտրություններն ոչ թե ապակայունացնում են իրավիճակը, այլ ճիշտ հակառակը՝ նպաստում են ճգնաժամի հաղթահարմանը։
Շատ հնարավոր է, որ Հայաստանում նույնպես խորհրդարանական արտահերթ ընտրությունները վերջինը չլինեն ու ասենք՝ մի քանի տարի անց նույնպես առաջանա նոր արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտություն, մանավանդ, որ էլեկտորալ տրամադրությունների բնական սեգմենտացիան կարող է ծնել նման անհրաժեշտություն։
Սակայն միանգամայն այլ է Նիկոյանի խոսքի տողատակը․ նա, ըստ էության, ակնարկում է հեղափոխության ձախողման, այլ խոսքով՝ հին համակարգի ռեստավրացիայի հնարավորության մասին։ Նման սցենարն է, որ պետք է բացառեն հեղափոխության օրակարգին ու համտեքստին հավատարիմ քաղաքական ուժերը՝ ընտրական այս գործընթացն օգտտագործելով հին համակարգի հետ ասոցավող ուժերի քաղաքական արխիվացման համար։ Հենց սրա համար ենք ասում, որ Նիկոլ Փաշինյանի թիմի ոչ արդյունավետ քաղաքականությունն է քաղաքական վերակաենդանացման հույսեր ու շանսեր ծնել ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, քրեօլիգարխիայի մյուս սեգմենտների մոտ։
Կրթության նախարար Արայիկ Հարությունյանը՝ հակադարձելով Նիկոյանի այսօրվա հայտարարությանը, վստահ ասել է, թե խորհրդարանական հաջորդ ընտրությունները տեղի են ունենալու 2023թ-ին։ Նման ինքնավստահ հայտարարություններ ժամանակին լսել ենք նաև ՀՀԿ գործիչներից, ովքեր անցած տարվա խորհրդարանական ընտրություններից հետո ընդդիմությանը հեգնանքով խորհուրդ էին տալիս նախապատրաստվել 2022-ի ընտրություններին։ Թե ինչ տեղի ունեցավ ընդամենը մեկ տարի հետո, գիտենք բոլորս։
Դավիթ Շահնազարյանի ու Սամվել Նիկոյանի այսօրվա հարցազրույցները ցույց են տալիս, որ ՀՀԿ-ն իր ընտրարշավը կառուցելու է բացահայտ պրովոկացիայի վրա։
Նիկոլ Փաշինյանի թիմի խնդիրը ոչ թե ՀՀԿ-ից հնչող ցանկացած հայտարարությանը, սադրաքին մեխանիկորեն պատասխանելն է, այլ՝ որպես դոմինանտ ուժ, այնպիսի քաղաքական համատեքստի ստեղծումը, որը բացառի հին համակարգի ներկայացուցիչների մուտքը գալիք խորհրդարան։ Դա արեն պետք է տեղի ունեցած լիներ՝ բացառելու համար ՀՀԿ-ի մասնակցությունն ընտրություններին կամ Գագիկ Ծառուկյանի՝ երկրորդ ուժի հավակնություններ ունենալը։
Սակայն Նիկոլ Փաշինյանի թիմը թերացել է հեղափոխության վերջնական հաղթանակն ապահովելուն միտված քաղաքական և ինստիտուցիոնալ հիմքերի ստեղծման հարցում ու հիմա իր սխալը պետք է շտկի արդյունավետ քարոզչություն իրականացնելով։ Որևէ կերպ չի կարելի թույլ տալ, որ հակահեղափոխությունը լեգիտիմացվի ընտրությունների արդյունքներով՝ նույնիսկ խորհրդարնական փոքրամասնության, առավել ևս՝ ընդդիմադիր հիմնական առանցքի կարգավիճակում։
Աղբյուր՝ 1in.am