Ինչպես ցանկացած միրգ և բանջարեղեն, դդումն ունի վիտամինների և հանքային նյութերի իր պաշարը, ինչպես նաև այլ առավելություններ, որոնք այն ցանկալի տարր են դարձնում մարդու սննդակարգում: Եթե անհանգստանում եք ձեր առողջության համար, ապա սկսեք դդում ուտել:
Դդումը լավ է ազդում սրտի և երիկամների աշխատանքի վրա: Դրանում պարունակվող կալիումը դրական է ազդում սրտի աշխատանքի վրա, բացի այդ՝ օգնում է օրգանիզմից դուրս մղել ավելորդ հեղուկը, այսինքն՝ այն նաև հիանալի միզամուղ է:
Դդմի կորիզները` որպես շագանակագեղձի ադենոմայի կանխարգելման միջոց: Տղամարդկանց խորհուրդ է տրվում հաճախ ուտել դդմի կորիզներ, քանի որ դրանցում պարունակվող ցինկի մեծ քանակությունը նպաստում է տղամարդու վերարտադրողական համակարգի ամրապնդմանը և շագանակագեղձի հիվանդությունների կանխարգելմանը: Դդմի կորիզները նաև չորացնում են, տապակում և ուտում. բավականին համեղ է:
Դդումը կարելի է ուտել ինչպես հում, այնպես էլ խաշած վիճակում: Դրանից պատրաստում են բազմատեսակ ապուրներ, խյուսեր, անգամ ճաշեր: Այնպես որ, շտապեք համալրել ձեր մենյուն դդմից պատրաստված ուտեստներով:Բացի այդ՝ դդումը պարունակում է A, C և B խմբի վիտամիններ: A վիտամինը նպաստում է իմունային համակարգի ամրապնդմանը և օգնում է պայքարել մրսածության դեմ: B խմբի վիտամինները նպաստում են նյարդային համակարգի ամրապնդմանը, օգտակար են լյարդի համար և նպաստում են ավելորդ խոլեստերինի դուրսմղմանը, նաև խոչընդոտում են ավելորդ քաշի կուտակմանը: