Տեսողական խնդիրները շատ տարածված են, սակայն քչերն են մտածում այն մասին, որ տեսողության վրա ազդում են ոչ միայն արտաքին անբարենպաստ գործոնները, այլև հոգեբանական տարբեր խնդիրները:

Մասնագետները ներկայացրել են 4 միջոց, որոնց օգնությամբ կարելի է բարելավել տեսողությունն առանց վիրահատությունների և դեղամիջոցների:

Ունենալ պատասխանատվության զգացում


Այժմ համացանցում կան բազմաթիվ նյութեր, որոնք օգնում են այս կամ այն մեթոդի օգնությամբ վերականգնել տեսողությունը, սակայն նման նյութերին շատ քչերն են պատշաճ ուշադրություն դարձնում:Բժիշկները սովորաբար թերահավատորեն են մոտենում ոչ ավանդական բժշկության մեթոդներին, սակայն կան այնպիսինները, որոնք արժանի են ուշադրության: Օրինակ՝ շատ արդյունավետ է «աչքերի յոգան», որը հանգստացնում է ոչ միայն աչքերի մկանները, այլև միտքը: Այս մեթոդի հեղինակը նշում էր, որ տեսողությունը վատանում է հոգեբանական լարվածության հետևանքով, որն առաջանում է, երբ մարդը ջանքեր է գործադրում որևէ բան տեսնելու համար: Այս մեթոդի համար կիրառվող վարժությունները (ձեռքով աչքերը փակել, գլուխը ճոճել, թարթել, նայել տարբեր ուղղություններով և այլն) շատ հաճախ օգտագործվում են նաև այլ մասնագետների կողմից:

Փոխել մոտեցումը

Ակնաբույժներն ընդունում են, որ սթրեսը նույնպես կարող է ազդել տեսողության վրա: Բացի այդ, տեսողության վատացման ու հոգեբանական խնդիրների միջև կապը հայտնաբերել են նաև հոգեբանները, ուստի տեսողական խնդիրների դեպքում խորհուրդ է տրվում ուշադրություն դարձնել նաև հոգեբանական խնդիրներին:

Սակայն ոչ մի դեպքում չի կարելի հասնել ծայրահեղության և պատճառները փնտրել միայն հոգեբանության ոլորտում: Օրինակ՝ եթե մարդը ժամանակին գանգուղեղային վնասվածք է ստացել, ապա առաջին հերթին պատճառը հարկավոր է այդտեղ փնտրել: Հարկ է հիշել, որ տեսողության վատացումը պայմանավորված է լինում հոգեբանական պատճառներով միայն այն դեպքում, երբ խնդրին ի հայտ է գալիս կտրուկ և բժշկական տեսանկյունից ոչ մի կերպ չի բացատրվում:

Շատ հաճախ տեսողությունը վատանում է, երբ մարդը բառացիորեն չի ցանկանում որևէ բան տեսնել (օրինակ՝ սիրելիի դավաճանությունը): Այս դեպքում հոգեբանական ու տեսողական խնդիրներից բացի կարող են առաջանալ նաև համակարգային հիվանդություններ, քանի որ մարմինն իր վրա է վերցնում այն խնդիրների մի մասը, որոնք մարդը չի կարողանում հոգեբանորեն հաղթահարել:

Եթե տեսողության վատացումը պայմանավորված է հոգեբանական խնդիրներով, ապա շատ արդյունավետ կարող է լինել հոգեթերապիան: Ընդ որում՝ նման դեպքերում ավելի հեշտ է վերականգնել երեխաների տեսողությունը, քանի որ նրանց բուժումը սովորաբար ավելի արագ է ընթանում և ավելի արդյունավետ է լինում:

Ջանքեր գործադրել

Չինական բժշկության մասնագետները նույնպես ընդունում են, որ հույզերն ազդում են տեսողության վրա: Նրանք նաև կարծում են, որ աչքերը լյարդի «արտաքին անցքերն» են, ուստի այն ինչ վնասակար է լյարդի համար, վնասակար է նաև տեսողության համար: Առաջին հերթին՝ սա վերաբերում է զայրույթին ու դյուրագրգիռությանը:

Տեսողությունը կարելի է մի փոքր կարգավորել կամ գոնե կանխել դրա հետագա վատացումը չինական հատուկ դեղամիջոցների օգնությամբ: Սակայն այս հարցում արդյունավետ կլինի նաև ինքնուրույն մի փոքր ջանք գործադրելը:

Այս պարագայում առաջին հերթին հարկավոր է նախապատվությունը տալ լյարդն ու արյունը սնուցող մթերքին: Բացի այդ, խորհուրդ է տրվում օրական 2 անգամ 5-10 րոպե տրամադրել աչքերի շուրջը գտնվող որոշակի կետերի մերսմանը: Սակայն մասնագետները նշում են, որ տեսողությունը զգալիորեն բարելավելու ամենաարդյունավետ միջոցն ասեղնաբուժությունն է:

Հավատալ լավ արդյունքին

Իրականում մարդիկ նայում են աչքով, սակայն տեսնում է գլխուղեղը: Առաջինը ստանում է պատկերն ու փոխանցում այն երկրորդին, որն էլ մեկնաբանում է, ուստի տեսողությունը բարելավելու համար հարկավոր է ստիպել, որ գլխուղեղը լավ «տեսնի»: Այս նպատակով ստեղծվել է մի հրեական բջջային հավելված, որը կոչվում է GlassesOff:

Հավելվածի ստեղծողների հավաստմամբ՝ այն ընդամենը 3 ամսում հատուկ վարժությունների միջոցով կօգնի զգալիորեն բարելավել տեսողությունը, ազատվել գլխացավերից ու աչքերի հոգնածությունից: Հատագայում արդյունքի պահպանման համար բավական կլինի կատարել վարժություններն ամսական ընդամենը 1-3 անգամ:

Սակայն հարկ է հիշել, որ անկախ ընտրված մեթոդից, տեսողության բարելավման համար հարկավոր է անպայման դրական տրամադրվել և վստահ լինել, որ այդ մեթոդն արդյունավետ կլինի: Պետք չէ սպասել հրաշքներին: Հարկավոր է ինքնուրույն սկսել միջոցներ ձեռնարկել, ամեն օր ժամանակ հատկացնել վարժություններին և ուշադրությունը սևեռել սեփական անձին, քանի որ միայն այս կերպ հնարավոր կլինի լավ արդյունքի հասնել:

Նյութի աղբյուրը՝ Tert.am

loading...