Ցրտի մշտական զգացումը կարող է տարբեր խանգարումների, մի խումբ խնդիրների նշան լինել: Steptohealth.ru-ի հաղորդմամբ՝ հնարավոր պատճառների շարքում են սովը, անորեքսիան, հոգնածությունը, վարակները, դաշտանադադարը: Կանանց շրջանում էստրոգենի մակարդակի տատանումները կարող են շոգելու կամ մրսելու զգացման պատճառ դառնալ: Դա հաճախ տեղի է ունենում դաշտանադադարի և հղիության ընթացքում: Կայքը ներկայացրել է 8 հիվանդություն, որոնք կարող են անընդհատ մրսելու պատճառ դառնալ:

Անեմիա: Անեմիային բնորոշ է արյան մեջ հեմոգլոբինի ցածր մակարդակը: Այս սպիտակուցը կարևոր է օրգանիզմը թթվածնով ապահովելու համար: Խնդիրը կարող է նաև հոգնածության, գունատության, անկանոն սրտխփոցի, դժվար շնչառության պատճառ դառնալ:

 

Երկաթի անբավարար մակարդակ: Երբ օրգանիզմին չի բավականացնում երկաթի մակարդակը, այն զգայուն է դառնում ցրտի նկատմամբ և կարող է սառը քրտինքի պատճառ դառնալ: Երկաթը ևս կարևոր նշանակություն ունի օրգանիզմի համար, այդ թվում՝ մարմնի ջերմաստիճանի կարգավորման առումով:

Արյան վատ շրջանառություն: Մարդկանց մի մասը նույնիսկ նորմալ ջերմաստիճանի պայմաններում կարող է մրսել: Հատկապես կարող են սառել վերջույթները:  Այս ամենը կարող է վկայել արյան վատ շրջանառության մասին:

 

Ռեյնոյի համախտանիշ: Սա արյան շրջանառության խանգարում է, որի դեպքում մարդկանց վերջույթները սառում են: Այդ զգացողությունը կարող է հանկարծակի առաջանալ, տևել մի քանի րոպեից մինչև մի քանի ժամ: Այդ դեպքում խորհուրդ է տրվում մերսել մարմնի տվյալ հատվածը՝ արյան շրջանառությունը լավացնելու համար: Բացի դրանից՝ այս համախտանիշի դեպքում վերջույթները կարող են զգայուն դառնալ:

Վահանաձև գեղձի խնդիրներ: Եթե հաճախ եք մրսում նորմալ ջերմաստիճանի պայմաններում, հոգնում եք, մաշկը չոր է, եղունգները՝ թույլ, հանկարծակի գիրացել եք, հնարավոր է՝ խնդիրը հիպոթիրեոզն է: Վահանաձև գեղձի արտադրած հորմոնը կարգավորում է նաև մարմնի ջերմաստիճանը, ինչի պատճառով վահանաձև գեղձի խնդիր ունեցող մարդկանց մարմնի ջերմաստիճանը հաճախ ցածր է, նրանք զգայուն են ցրտի նկատմամբ:
 

Վահանաձև գեղձը կարգավորում է նաև նյութափոխանակությունը, և եթե այն անհրաժեշտ քանակով հորմոններ չի արտադրում, նյութափոխանակությունը դանդաղում է:

Արյունատար անոթների հետ կապված խնդիրներ: Երբ վերջույթները քիչ քանակով արյուն են ստանում, դրանք սառում են: Դա կարող է պայմանավորված լինել արյունատար անոթների աշխատանքի խանգարմամբ:

Դիաբետ: Դիաբետը հանգեցնում է երիկամների վնասման: Այդ վիճակի դեպքում ևս ցրտի զգացում է առաջանում: Բացի այդ՝ նկատվում են շնչառության դժվարություն, ոտքերի, ձեռքերի, դեմքի այտուցվածություն, սրտխառնոց, փսխում:

 

Անորեքսիա: Այս խնդրի հիմնական նշաններից մեկը ցրտի մշտական զգացումն է: Դա կապված է օրգանիզմում ճարպի ցածր ինդեքսով, ինչպես նաև այլ նյութերի անբավարար քանակով: Սննդակարգն ու մարմնի քաշն էական ազդեցություն են ունենում շոգի կամ ցրտի զգացողության վրա: Այս իմաստով սխալ սննդակարգի հետևանքով հոգնածության և անհարմարության զգացում է առաջանում:

 
 
loading...