ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, Արցախի նախկին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ վիրավորված է Բելառուսի կողմից մեր երկրին հասցված վիրավորանքի համար: «Ես վիրավորված եմ ինձ զգում Բելառուսի կողմից մեր պետությանը հասցրած վիրավորանքի համար։

Ես և իմ մարտական ընկերները շատ ենք ցանկանում, որ խորհրդարանական ընտրություններին հայտ ներկայացրած քաղաքական ուժերը իրենց վերաբերմունքը հայտնեն իր դեմքը պատռած, այսպես կոչված՝ գործընկեր երկրի խայտառակ պահվածքի շուրջ, ակնկալում ենք լրատվամիջոցներից հրապարակել նրանց դիրքորոշումը»,- գրել է նա։

Իհարկե, եթե Հայաստանում գոյություն ունենար կայացած քաղաքական համակարգ, ապա խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում առանցքային թեմաներից մեկը դառնալու էր ՀԱՊԿ-ը։ Խնդիրն այն է, որ հարցը չպետք է նեղացնել ու հանգեցնել միայն Բելառուսի ԱԳՆ հայտարարության կամ նույնիսկ կազմակերպության գլխավոր քարտուղարի ընտրության քննարկմանը։ ՀԱՊԿ խնդիրն անհրաժեշտ է քննարկել ավելի գլոբալ հարթության վրա՝ այն դիտարկելով Հայաստանի արտաքին քաղաքականության, անվտանգության համակարգի համատեքստում։

Ինչ վերաբերում է կոնկրետ հայտարարությանը, ապա ակնհայտ է, որ այն ոչ միայն ու ոչ անքան Նիկոլ Փաշինյանի կառավարության վեց-յոթ ամիսների, որքան նախորդ իշխանությունների քաղաքականության հետևանք է, ինչը հանգեցրել է Հայաստանի սուբյեկտության վտանգավոր կորստին։ Միայն դրանով կարելի է բացատրել Բելառուսի նախագահի ամբարտավան կեցվածքը։Սակայն խորհրդարանական առաջիկա ընտրություններում նման բովանդակային քննարկումներ ակնկալելը պարզապես միամտություն է, որովհետև արդեն իսկ կանխատեսելի է բավականին միօրինակ ու ձանձրալի քարոզարշավ՝ հատկապես ռեյտինգային ընտրակարգի պահպանման պարագայում։ Մյուս կողմից՝ նույնիսկ թավշյա հեղափոխությունը չի վերացրել մեր քաղաքական համակարգի, այսպես կոչված, ռուսական կոնսենսուսը, ինչը չի ենթադրում խորքային քննարկումներ, որոնք կվերաբերեն հատկապես արտաքին քաղաքականությանը ու Հայաստանի եվրասիական ինտեգրացիային՝ մասնավորապես։

Սակայն ՀՀԿ գործիչներին հավասար ու նույնիսկ նրանցից ավելին Ալեքսանդր Լուկաշենկոյի ամբարտավանությունը տարիներ շարունակ «սնուցվել» է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կողմից, որը Բելառուսի նախագահին համարում է իր մտերիմ ընկերը։

Անցած տարիների մամուլը հեղեղված է Ծառուկյանի ու Լուկաշենկոյի մտերմության մասին պատմող հրապարակումներով։ Օրինակ՝ այդ հրապարակումներից տեղեկանում ենք, որ 2013-ի մայիսին իբրև թե պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ու նրան «Զվարթնոց» օդանավակայանում հիմնական դիմավորողը եղել է հենց Գագիկ Ծառուկյանը։ Այցի շրջանակում Ալեքսանդր Լուկաշենկոն մասնակցել է Ծառուկյան ընտանիքի նախաձեռնությամբ և հովանավորությամբ Աբովյան քաղաքում կառուցված Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու բացման հանդիսավոր արարողությանը, որին հաջորդել է Բելառուսի Հանրապետության նախագահի և Գագիկ Ծառուկյանի շրջայցը հայ-բելառուսական «ԱՐ ԲԵ» առևտրի կենտրոնում:

Այն, որ Ծառուկյանի ու Լուկաշենկոյի հարաբերությունները մտերմիկ են, հայտնի է նաև հանրությանը: «Հետք»-ը հետաքրքիր տեղեկություններ է հաղորդում Բելառուսի նախագահի ու Հայաստանի թիվ մեկ օլիգարխի ընդհանուր բիզնես հետաքրքրությունների մասին։

Լուկաշենկոն Հայաստան կատարած իր այցերից մեկի ժամանակ որդու հետ եղել է նաև Ծառուկյանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատում: Դրանից հետո էլ Մինսկում բացվել է «Արմյանսկիյ ստանդարտ» համատեղ ձեռնարկությունը: «Արմյանսկիյ ստանդարտ»-ը Բելառուսում հայկական կոնյակի շշալցման ձեռնարկություն է: Ստեղծվել է 2011 թվականին՝ Գագիկ Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի և «Բելառուստորգ» պետական ձեռնարկության կողմից: Ծառուկյանի կոմբինատն այստեղ 69 տոկոս բաժնեմաս ունի: Մնացած 31%-ը «Բելառուստորգ»-ինն է:

2014թ.-ին Ծառուկյանը նոր ընկերություն է գրանցել՝ «Մուլտի գրուպ ինվեստբլ» անվամբ՝ Բելառուսի տնտեսության հեռանկարային ճյուղերում ներդրումներ անելու նպատակով:

Գագիկ Ծառուկյանի վերջին հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա 70 մլն բելառուսական ռուբլու (3,6 մլն դոլար) արժողությամբ բաժնեմաս է ունեցել:

Մեկ այլ ուշագրավ տեղեկություն անցած տարի հրապարակել է «Առավոտ» օրաթերթը։ Մինսկի կենդանաբանական այգում 2016-ի վերջից երկու սպիտակ առյուծ է բնակվում: Սաթե աչքերով Նիկն և Նիկան միանգամից գրավել են բելառուսցիների ուշադրությունը: Հազվագյուտ տեսակ համարվող այս առյուծները, պարզվում է, Հայաստանից են տեղափոխվել Բելառուս: Ավելի ստույգ՝ դրանք ԱԺ պատգամավոր, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի թանկարժեք նվերներն էին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի որդուն:

Այս ամենը հուշում է, որ Գագիկ Ծառուկյանին ու Ալեքսանդր Լուկաշենկոյին միավորում են ոչ միայն բիզնես հետաքրքրությունները, այլ նաև մենթալ, արժեքային ընդհանրությունը, հոգեհարազատությունը, ինչպես կասեր Ռոբերտ Քոչարյանը՝ քիմիան։ Դե, պատկերացնել կարելի է, թե ինչպիսի Հայաստան կունենանք, եթե, Աստված մի արասցե, մեր երկրում իշխանության գա Գագիկ Ծառուկյանը, որի համար Բատկան քաղաքականության իդեալներից մեկն է։ Սա՝ իմիջիայլոց, մեր այն քաղաքացիների համար, որոնք պատրաստվում են դեկտեմբեր 9-ին քվե տալ Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ-ին։ Եթե նոր Հայաստանում այսպիսի այլընտրանք, այլ խոսքով՝ ապագա իշխանություն է ուզում տեսնել հասարակությունը, նշանակում է՝ հեղափոխություն, որպես այդպիսին, տեղի չի ունեցել, համենայնդեպս՝ արժեքայն հարթության վրա։

Լուկաշենկոյի վերջին օրերի հակահայկական դեմարշը հուշում է, որ տարիներ շարունակ Գագիկ Ծառուկյանին ու Ալեքսանդր Լուկաշենկոյին կապել են միայն բիզնեսն ու փողը, ու ԲՀԿ առաջնորդը չի փորձել անգամ որևէ կերպ ազդել իր ընկերոջ դիրքորոշումների, քաղաքականության վրա։

Բատկան Ադրբեջանին սպառազինություն է վաճառել, իսկ Ծառուկյանը նրան առյուծ է նվիրել։ Լուկաշենկոն այսօր վիրավորում է Հայաստանին, իսկ ԲՀԿ առաջնորդը լռում է։ Կարևորը՝ նրանց համատեղ բիզնեսը չտուժի։

Աղբյուր՝ 1in.am

loading...